Խաղաղության բայղուշը. երկընտրանքը կեղծ է
Ինչպես և կարելի էր սպասել, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իշխանությունը կառուցելու է «խաղաղություն կամ պատերազմ» հակադրության հիման վրա: Բոլորի, բայց առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի խոսքում ակնհայտ է, որ ընտրություներում ՔՊ-ն ներկայանալու է՝ որպես «խաղաղության աղավնի», իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությանը, ներկայացվելու են՝ որպես «պատերազմի հրձիգներ»:
Իրականությունն այն է, սակայն, որ ՔՊ-ի կողմից թմբկահարվող խաղաղությունն այնքան անիրական է ու հեղհեղուկ, որ իշխանությունը լավագույն դեպքում կարող է ներկայանալ «խաղաղության ղուշ» քարոզչական պիտակով, թեև գործառութային առումով ավելի տեղին է «խաղաղության բայղուշ» բնորոշումը:
Առաջիկա ընտրություններում հասարակության երկընտրանքն իրականում այնքան էլ խաղաղությունն ու պատերազմը չեն: Այդ ընտրությունը լինելու է առաջին հերթին պատկանելության ընտրություն: Մարդուն կենսաբանական արարածից սոցիալական միավոր դարձնող կարևորագույն հատկանիշներից մեկը պատկանելության պահանջմունքն է, իսկ ցանկացած ընտրություն քաղաքացու կողմից այս կամ այն խմբին պատկանելության արտահայտություն է:
Իշխանությանն ընտրելով՝ քաղաքացիները ցույց են տալու իրենց պատկանելությունն այն խմբին, որի համար արժեք չունեն հայրենիքը, պատմական հիշողությունը, նախնիների հիշատակը, մարդկային ու ազգային արժանապատվությունը, այն ամենը, ինչը մարդուն կենսաբանական արարածից դարձնում է սոցիալական միավոր: Ընտրելով իշխանությանը՝ մարդիկ իրենց նույնացնելու են ստամոքսը, շատ ու կուշտ ուտելը ֆետիշացնող, հանուն ունեցածը պահպանելու նվաստացնողի առաջ ստրկացող, բոլոր սրբությունները պղծող, ամենայնն ուրացող մարդկանց հետ:
Ինչ վերաբերում է խաղաղությանն ու պատերազմին, ապա իրերի այս դրվածքով իշխանությունն իրականում պատերազմի խմբավորում է, որը պատերազմ է վարում մարդուն մարդ դարձնող բոլոր երևույթների՝ հավաքականորեն՝ ինքնության դեմ, և ֆետիշացնելով իրական պարտությունը թշնամուց, ամեն օր ամրապնդվում է ինքնության դեմ իր վարած պատերազմում ունեցած հաղթանակներով:
Ընտրությունները, իհարկե, գաղափարների, ծրագրերի պայքար են, և դրանց մասնակցողները, անշուշտ, պետք է ներկայանան նաև այդ հարթություններում: Բայց դրան զուգահեռ, իսկ գուցե դրանից առաջ, հասարակությանը պետք է ներկայացվի ընտրության՝ հենց պատկանելության իմաստով նշանակությունը՝ ամենապարզ ձևով ցույց տալով, որ գործող իշխանության հետ նույն խմբակին պատկանելն ուղղակի ամոթ է, մոտավորապես այնպես, ինչպես ամոթալի է հանրության կողմից մերժված խմբերին մաս կազմելը:
Նորմալ հասարակությունում այս խմբակն ուղղակի մարգինալ կճանաչվեր: Հայաստանում, սակայն, առաջիկա ընտրություններում այն փորձելու է լուսանցքային դարձնել հասարակության մեծամասնությանը, դրանով՝ նաև պետությանը: Իշխանությունն իրական պատերազմ վարելով պետության ու հասարակության դեմ, մարդկանց վախեցնում է պատերազմով, որը վարելու ունակությունից ամեն օրվա հետ զրկում է Հայաստանին:
Հարություն Ավետիսյան

