«Ի՞նչ ենք անում՝ քեֆ ենք անում, հորս արև՝ լավ ենք անում»․ 333 միլիոն դրամ ֆավորիտ մատակարարին՝ Էրեբունի-Երևանի շրջանակում միջոցառումների կազմակերպման համար
Գնումների էլեկտրոնային armeps համակարգում այսօր հանրայնացվել է Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագիրը։
Վերջինից տեղեկանում ենք՝ քաղաքապետարանն այս ընկերությունից մեկ անձ ոչ մրցակցային գնման եղանակով գնել է մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ 332 միլիոն 934 հազար 895 դրամ կամ՝ 871,642 դոլար ընդհանուր արժեքով՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Այսինքն՝ շուրջ 333 միլիոն դրամով «Ֆակտորի Փրոդաքշն»-ը ստանձնել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի մի քանի հատվածներում միջոցառումների ապահովումը։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում մասնավորապես նշվում է․ «․․․Միջոցառման շրջանակում անհրաժեշտ է 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Երևանի Ազատության հրապարակում, Երևանի Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության Հրապարակում կազմակերպել համերգային ծրագրեր և միջոցառումներ հայաստանյան հայտնի երաժշտախմբերի և անհատ արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև՝ Սախարովի անվան հրապարակի տարածքում կազմակերպել սպորտային ուղղվածության ծրագիր․․․»:
Պայմանագրում նշվում է նաև Թաթա Սիմոնյանի համերգի մասին։
«․․․նախատեսվում է Թաթա Սիմոնյանի համերգը՝ առնվազն 1 ժամ 20 րոպե տևողությամբ։ Համերգին ելույթ է ունենալու նաև ՌԴ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, ով կատարելու է 2 երգ՝ յուրաքանչյուրը առնվազն 3 րոպե տևողությամբ։
Համերգային ծրագրի կազմակերպման շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բեմի նախագծման, ԼԷԴ էկրանների կոնտենտի պատրաստման, բեմադրող ռեժիսորի, երաժշտական պրոդյուսերի, երգերի ձայնագրությունների, գործիքավորման, անձնակազմի, բեմադրող պարուսույցի (առնվազն 6 պարային ելույթներ), երգչի և պարային խմբերի հագուստների պատրաստման, վարսահարդարի և դիմահարդարի ծառայություններ․․․»։
Նշենք՝ սա ուղղակի համերգի պատրաստությունն է, իսկ թե ինչքան են արժեցել երգիչների հետ կնքված պայմանագրերը, դեռևս հայտնի չէ։
Նշենք, նախորդ տարի ևս «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը մասնակցել է Էրեբունի-Երևան տոնակատարություններին․ 2024 թվականին քաղաքապետարանի և ընկերության միջև կնքված պայմանագրի գինը կազմել էր 304 միլիոն 487.577 դրամ։
ՍՊԸ-ի և պետական տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության մասին 168․am-ը տարբեր հրապարակումներ է արել, նշել, որ 2017թ. գրանցված և 2018 թվականի օգոստոսից պետգնումներում ակտիվացած «Ֆակտորի Փրոդաքշն»-ը տասնյակ պայմանագրեր է կնքել պետական գերատեսչությունների հետ հիմնականում ոչ մրցակցային՝ մեկ անձ ընթացակարգով։ Ակտիվ պատվիրատուներն են եղել վարչապետի աշխատակազմը, Արտաքին գործերի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը։
ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ. հունիսի 29-ին, հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ․ նոյեմբեր ամսից ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին: Ռուդիկ Տեր-Գալստյանի ու Վազգեն Պողոսյանի ընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ նրանց սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում, նրանք նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային Հեռուստաընկերությունում: Ռուդիկ Տեր-Գալստյանը համատեղության կարգով նաև Վազգեն Պողոսյանի համակուրսեցին ու սանիկն է։
2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, Պողոսյանն ազատվել էր աշխատանքից: Այժմ նա հանդիսանում է միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենը:
Էրեբունի-Երևան տոնակատարության այլ դրվագների 168․am-ն անդրադարձել է վերջերս՝ մի քանի այլ հրապարակումներում, նշել, որ, օրինակ, Կասկադում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում, Ջազ համերգի ընթացքում Արտո Թունջբոյաջյանի և «Արմենիան Նեյվի Բենդի» առնվազն 30 րոպեանոց ելույթի համար կնքված պայմանագրի գինը կազմել է 2 միլիոն 420 հազար դրամ. ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիրը համերգից հետո կնքվել է Արտակ Գևորգյան ԱՁ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև։
Երվանդ Երզնկյան ԱՁ-ի հետ էլ կնքված պայմանագրով Երևանի քաղաքապետարանը 2 մլն 635 հազար դրամով պատվիրակել է Երվանդ Երզնկյան և նվագախմբի ելույթը Շառլ Ազնավուր հրապարակում, դարձյալ առնվազն 30 րոպե տևողությամբ։
«Նեմրա Բենդ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գինն էլ կազմել է 2 միլիոն 750 000 դրամ։ Այս գումարով քաղաքապետարանը բենդին պատվիրակել է 30 րոպեանոց ելույթ Դիանա Աբգարի անվան պուրակում՝ ռոք համերգի ընթացքում։
Ավելի վաղ քաղաքապետարանը քաղաքացիներին հրավիրել էր տոնելու Երևանի 2807-ամյակը։ Նշել էին, որ տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում:
«Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի շքեղ հրավառությամբ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ժամանակ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում երգչուհի Բրյունետի կեսժամանոց տոնական ելույթն արժեցել է 3 միլիոն 300 հազար դրամ, իսկ Հանրապետության հրապարակի գալա-համերգի ժամանակ «Կարեն-Սևակ» բենդի 1 ժամ 30 րոպեանոց ելույթի ապահովումը՝ 10 միլիոն 666 հազար դրամ։
Այսքանից հետո ասում են՝ թե բա կոռուպցիա չկա:

