Ցավոք, 21-րդ դարում նույնպես Հուդաները գործում են՝ շահարկելով և սխալ մեկնաբանելով Սուրբ Գիրքը և մեր Տիրոջ անունը. Տ․ Գրիգոր աբեղա Մինասյան

Վերջին օրերին ականատես ենք լինում, որ որոշ անձեր գիտակցված խեղելով Սուրբգրային մտածողությունն ու իրականությունը և շեղելով ժողովրդին, այն հարմարեցնում են իրենց տրամաբանությանը՝ փորձելով արդարացնել իրենց հակաեկեղեցական ու դավաճանական քայլերը։

Ստեփան Ասատրայանի (նախկին Տեր Արամ Ասատրյան) հաղորդման հիման վրա կալանավորվեցին Արագածոտնի Թեմի Առաջնորդ Մկրտիչ եպս Պռոշյանը և Տեր Գարեգին քահանա Արսենյանը։ Այս ամենը տեսնելով՝ բազում հայորդիներ նախկին Տեր Արամին որոկեցին որպես «Հուդա», ընդգծելու համար, որ նա է դավաճանել իր առաջնորդին և հոգևոր Հորը։ Բայց ամենահետաքրքրականը և կարևորը սկսում է այն պահից, երբ Ստեփան Ասատրյանը հայտարարեց, որ եթե ինքը Հուդան է, ապա Քրիստոսն ո՞վ է, սրանով ցանկանալով ցույց տալ, որ Հուդա լինելու համար Քրիստոս է հարկավոր։ Եվ այս անգրագետ թեզը սկսեցին կրկնել իշխանական որոշ ներկայացուցիչներ։ Ուզում եմ խոսել այս փոքրիկ, բայց շատ կարևոր դրվագից։ Եվ ցավով պետք է նշեմ, որ նախկին Տեր Արամը կա՛մ չի հասկացել Սուրբ Գիրքը և Եկեղեցու վարդապետությունը մինչև այսօր, կա՛մ սրանով փորձում է մոլորեցնել ժողովրդին և արդարացնել իր դավաճանական քայլերը։

Աստվածաբանության մեջ գոյություն ունի «Քրիստոսի Պարադոքս» արտահայտությունը։ Սա այն մասին է, որ Քրիստոսի աշակերտները մինչև Տիրոջ Հարություն և Հոգեգալուստ հստակ չէին կարողանում հասկանալ, թե ով է Քրիստոսը։ Մի կողմից տեսնում էին, որ Քրիստոս անդամալույծներին բժշկում էր, մեռյալներին հարություն է տալիս, բայց մյուս կողմից տեսնում էին, որ արտասվում է, խնդրում է Հորը, որ այդ դառնության բաժակը իրենից հեռու տանի։ Եթե աշակերտների համար հստակ լիներ, թե ով է Քրիստոս, նրանք չէին լքի Տիրոջը և միայնակ թողնի չարչարանաց օրերին, ինչը արեցին Հարությունից և Հոգեգալուստից հետո։ Այս ամենի ամենավառ ապացույցը Թովմաս առաքյալի հայտնի պարագան է, ով չհավատաց Տիրոջ հարությանը՝ ասելով՝ «Եթե չտեսնեմ․․․․, չեմ հավատա» (Հովհ 20:25)։ Եվ տեսնելուց հետո արդեն խոստովանեց «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ 20:28) ու սկսեցին անվախ քարոզել Ավետարանը։

Հետևաբար՝ առաքյալների համար Քրիստոսի ով լինելը հստակ դարձավ Տիրոջ Հարությունից և Հոգեգալուստից հետո միայն։

Եվ ուրեմն Հուդան նախ և առաջ դավաճանել էր իր բարեկամին, իր վարդապետին, իր ուսուցչին, իր ընկերոջը։ Հուդա լինելու համար պետք չէ միայն Քրիստոս փնտրել, այլ առաջին հերթին Հուդա է նա, ով դավաճանում է իր ընկերոջը, ուսուցչին, բարեկամին, առաջնորդին, վարդապետին։

Ցավոք 21-րդ դարում նույնպես Հուդաները «հպարտությամբ» ապրում և գործում են՝ շահարկելով և սխալ մեկնաբանելով Սուրբ Գիրքը և մեր Տիրոջ անունը։

Տ․ Գրիգոր աբեղա Մինասյան

Տեսանյութեր

Լրահոս