
Առավոտյան համալսարանում քննչական գործողություններ են տեղի ունեցել, որից հետո ռեկտորին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, նա և պրոռեկտորը ձերբակալվել են

Քիչ առաջ լրատվամիջոցներից մի քանիսը գրել էին, որ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի այլ աշխատակիցներ: Նրանք գտնվում են Հակակոռուպցիոն կոմիտեում։
Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրեն Դիանա Մարկոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ տեղեկատվություն չունի տեղի ունեցածի վերաբերյալ։
«Միայն գիտեմ, որ առավոտյան համալսարանում քննչական գործողություններ են տեղի ունեցել, մի քանի աշխատակցի հետ զրույց են ունեցել՝ վկայի կարգավիճակով, հետո մեր ռեկտորին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Այսքանը գիտեմ ու հետո կարդում եմ այդ գույժը, որն, ըստ էության, ապատեղեկատվություն է։ Ինքներս այս պահին որևէ տեղեկատվության չենք տիրապետում»,- նշեց Դիանա Մարկոսյանը։
Ըստ մեր զրուցակցի, Մանկավարժական համալսարանի իրավաբանը ռեկտորի հետ Հակակոռուպցիոն կոիտեում է, սակայն նրա հետ չի հաջողվել կապ հաստատել։
«Մեր համալսարանի իրավաբանը ռեկտորի հետ է, բայց դեռ լուր չունենք, չգիտենք նաև, թե ռեկտորի հետ քանի հոգի են գնացել»,- շեշտեց նա։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան՝ հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:
«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,- նշեցին կոմիտեից: