Եթե ինչ-որ բան չի փոխվելու՝ ինչո՞ւ է պետք միավորել այդ բուհերը, աղմուկ բարձրացնել. կրթության ոլորտի ներկայացուցիչներ
Հոկտեմբերի 12-ին տեղեկություն տարածվեց, որ նախատեսվում է Բրյուսովի անվան համալսարանը միավորել Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ: Այս առնչությամբ Բրյուսովի անվան համալսարանի Գիտական խորհրդի ընդլայնված հոկտեմբերի 19–ի նիստին ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրեց բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ Գիտական խորհրդի հայտարարության նախնական տարբերակը, այն է՝ Բրյուսովի անվան համալսարանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի հետ Մանկավարժական համալսարանին միավորելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը տրամաբանական հիմնավորում չունի և մերժելի է Բրյուսովի համար։ Հայտարարության նախագծում նշված էր նաև, որ հիմնավորումը կառուցված է միայն մի քանի, այդ թվում՝ դեռևս չընդունված իրավական ակտերի հղումների վրա, պարունակում է բազմաթիվ չհիմնավորված պնդումներ, բացակայում են մասնագիտական ուսումնասիրության արդյունքները։
ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն առաջարկում է հստակ բացատրել, թե բուհերի միավորումն ի՞նչ է տալու:
«Պետք է բացատրեն, որ այժմ կան այս կամ այն թերությունները, և միավորելուց հետո թերությունները վերացնելու հնարավորությունները սրանք են: Ի՞նչ ուղի է ենթադրվում, և ի՞նչ է այն տալու: Ես առայժմ որևէ բացատրություն չեմ տեսնում, թե ինչո՞ւ է այն արվում, ո՞ր մեխանիզմներով են լուծվելու խնդիրները: Ինչի՞ց են ենթադրել, որ միավորման պարագայում կրթության մակարդակը պետք է բարձրանա: Ոչ մի կերպ դա չի երևում, և կարծում եմ՝ արդարացի է այն մարդկանց դժգոհությունը, որոնք դուրս են եկել փողոց և ասում են, որ ճիշտ չէ, որովհետև, եթե ունեք տրամաբանված բացատրություն, ապա հրապարակայնորեն բացատրեք, թե ի՞նչն է հիմա խանգարում այդ բուհերում կրթության զարգացմանը, ի՞նչ հետազոտութուն եք կատարել, և ո՞ւր է ծրագիրը: Երկու ռեկտորի կազատենք, կմնա մեկը, է՜ հետո՞»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտոր Կատվալյանը:
Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի համար պարզ չէ նաև, թե ի՞նչ է կրթական համակարգին տալու բուհերի միավորումն ու Աշտարակում ակադեմիական քաղաքի ստեղծումը:
«Ասենք՝ բուհերն այստեղից տարան այնտեղ՝ դա նշանակում է, որ բուհերը բարեփոխվեցի՞ն ու ավելի լա՞վն են լինելու: Ի՞նչն է խանգարում, որ այդ բուհերը Երևանում զարգանան: Ինձ համար անհասկանալի է: Մենք այնպիսի երկիր չենք, որ հրատապ է ունենալ ակադեմիական մի քաղաք: Երևանում բուհերը կենտրոնացված են և շատ էլ լավ բուհական կենտրոն է: Երևանը ոչ ուսանողական, բուհական քաղաք դարձնելն իմ կարծիքով լավ գաղափար չէ: Կարծում եմ, որ բուհերը պետք է մնան Երևանում, և ճիշտ չէ այս պահին այդպես վարվելը: Ակադեմիական քաղա՞ք եք ուզում ստեղծել, նոր բուհեր ստեղծեք այդ քաղաքում, թող մրցունակ լինեն, ու այստեղի բուհերը դրա արդյունքում քիչ-քիչ փակվեն: Ինչի՞ց են ենթադրում, որ Աշտարակում բուհն ավելի լավ է գործելու: Օդն է լավ, ջուրն է լավ, ի՞նչն է լավ: Այդ բուհերն ինչո՞ւ չեն կարող Երևանում ավելի լավ գործել: Ինչո՞ւ ենք Երևանի կենտրոնը զրկում ուսանողական շնչից: Քաղաքի տեսքը երիտասարդանում է: Ուսանողները խանգարո՞ւմ են քաղաքին: Գուցե իրենք գիտե՞ն, իսկ այդ դեպքում ինչո՞ւ չեն ցանկանում ավելի կոնկրետ ցույց տալ, թե ինչո՞վ է լավ, բարեփոխումն ինչպե՞ս պետք է լինի: Ծրագիրն ընդհանուր քննարկման թող դնեն: Մի հոգին որոշել է՝ քաղաք է բացում»,- նշեց Վիկտոր Կատվալյանը:
Մեր դիտարկմանը, որ հիմնական պատճառաբանություններից մեկն այն է, որ լավ կրթություն չեն ստանում, մեր զրուցակիցը նկատեց. «Ո՞վ է որոշել լավ կրթություն չստանալը: Մոտ երկու տարի առաջ Մանկավարժական համալսարանում հանձնաժողովի նախագահ էի: Մեծ գոհունակություն էի ստանում շրջանավարտների պատասխաններից: Ի՞նչ պետք է լինի, որ ավելի լավը լինի: Ո՞վ ասաց, որ մեր կրթության մակարդակը ցածր է: Բուհերը շատ լավ պրոֆեսորադասախոսական անձնակազմեր ունեն: Մեր կրթական համակարգն այս պահին մեր երկրի իրավիճակին համեմատ նորմալ կրթական մակարդակի է, որովհետև չի կարող երկիրը լինել այս վիճակում և ունենալ Քեմբրիջի համալսարան: Տնտեսությունը զարգացրու, անվտանգությունն ապահովիր և տես, թե ինչպես կրթական համակարգը նույնպես լավը կլինի»,- ասաց Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ բուհերի միավորումը գուցե լավ բան է, սակայն տրամաբանված հիմնավորում չկա:
«Դա պետք է հիմնավորված լինի, ոչ միայն այն մարդկանց տեսանկյունից, ովքեր այդ նախագիծը ներկայացնում են, այլև այն մարդկանց կողմից՝ ուսանողներ և դասախոսներ, ովքեր իրականացնելու են այդ ծրագիրը և աշխատում են այդ երեք համալսարաներում: Արդյո՞ք նրանք դա միանշանակ ընդունում են՝ ոչ: Տեսնում ենք ընդվզում, քանի որ իմաստը չեն հասկանում: Նախագիծը գրողներն ասում են՝ ոչ մի բան չի փոխվի: Հիմա հարց. եթե ինչ-որ բան չի փոխվելու՝ ինչո՞ւ է պետք միավորել այդ բուհերը, աղմուկ բարձրացնել»,- ասաց Ատոմ Մխիթարյանը:
Հավելենք, որ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Վահրամ Դումանյանն ասել է, որ իրենք բաց են, և որևէ գաղտնի բան չկա և նախարարություն-բուհ հարաբերություններում՝ նախարարության համար անակնկալ է բուհի նման գործելաոճը: Նա հաստատել է, որ կա բուհերի միավորման նախագիծը, որով բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, բայց 3 ռեկտորներից արդյունքում կմնա մեկ ռեկտոր: Նա միաժամանակ ընդգծեց, որ շենքերը կմնան իրենց տեղում, և այդ առումով որևէ փոփոխություն չի լինի: