«Գազի այլընտրանքը ձեռնտու չէ իշխանություններին»
Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահագն Համազասպյանի խոսքով՝ հելիոֆիկացումը, այսինքն` արևի էներգիայի զանգվածային օգտագործումը, կարող է գազի օգտագործման այլընտրանքը լինել:
Գազի խնդիրը, ըստ գիտնականի՝ չէր ծառանա մեր առջև, եթե տարիներ առաջ գիտակցեինք մեր էներգետիկ անկախության հարցը: Դեռևս 20 տարի առաջ՝ 1993թ., տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի «Էլեկտրոստանդարտ» ԳՀԻ տնօրեն Վահագն Համազասպյանի գլխավորությամբ` մի խումբ գիտնականներ սկսեցին հելիոֆիկացման վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնել:
Նրա պնդմամբ՝ արևի էներգիայի միջոցով հնարավոր է ինչպես` կերակուր պատրաստել և գյուղմթերքներ վերամշակել, այնպես էլ` տաք ջուր և ջերմային էներգիա ստանալ: Այս ուղղությամբ գիտնականի գլխավորած խումբն անգամ սարքեր էր ստեղծել, որոնք կարողանում են արևի էներգիան կենտրոնացնել մի կետում:
– Պարոն Համազասպյան, անդրադառնալով Ձեր վերոնշյալ առաջարկին, հետաքրքիր է՝ ի՞նչ եք առաջարկում Դուք այսօր՝ գազի սակագնի բարձրացման այս պայմաններում` որպես գազի կիրառման այլընտրանք:
– Այս առաջարկը մենք կատարել ենք դեռևս 20 տարի առաջ, որպեսզի 20 տարի հետո, այսինքն՝ այժմ, նման խնդիրներ չունենայինք: Այսօր մեր դրությունը ծանրացել է, քանի որ մենք չունենք այլընտրանք, իսկ եթե ունենայինք, օրինակ, հելիոֆիկացված Հայաստան, 350.000 տնտեսություն` անգամ 20 կվտ/ժամ ջերմային հզորության հելիոհամակարգեր, որը հավասար է 5 ատոմակայանի, մենք այս խնդիրը չէինք ունենա, ու մեզ վրա այդ գազի գինն ու քաղաքական ճնշումները չէին ազդի:
Սակայն, ցավոք, մենք այժմ էլ չենք հասկանում, որ գազի սակագնի այսօրվա թանկացումը վերջնական չէ, որ դեռ նոր թանկացումներ կլինեն՝ մինչև եվրոպական չափանիշներգ: Դրանից հետո էլ այդ ամենը կշարունակվի, որովհետև Եվրոպայում էլ է գազը թանկանալու, քանի որ գազը սպառվում է: Ուստի անհրաժեշտ է անցնել այլընտրանքային էներգետիկայի օգտագործմանը:
– Ի՞նչ է նշանակում՝ գազը սպառվում է:
– Իհարկե, գազը սպառվում է: Դեռևս տարիներ առաջ Ֆերտսմանի գիրքն էի կարդում, որը շատ հետաքրքիր էր, այնտեղ գրված էր, թե երբ են վերջանալու գազը, ածուխը, նավթը: Ըստ այդմ, 70 տարի հետո գազ չի լինելու: Նավթը վերջանալու է, ածուխը վերջանում է: Մնում է միայն ատոմակայանը՝ ատոմային էներգիան, որը շատ վտանգավոր է: Օրինակ, Ճապոնիան Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած աղետից հետո այդ ծրագիրը փակել է, Գերմանիան էլ է փակում այն: Ուստի այսօր միակ հույսն արևն է, արևային էներգիայի օգտագործումը:
– Սակայն մեզ մոտ կարծես ցանկանում են նոր ատոմակայան կառուցել:
– Չէ, այժմ կարծես թե չեն ուզում կառուցել: Իհարկե, նոր ատոմակայանը կլինի, անշուշտ, ավելի հուսալի և ավելի օգտակար…
– Նշեցիք, որ որոշ երկրներ արդեն անցել կամ անցնում են այլընտրանքային գազի կիրառմանը, ո՞ր երկրներն են դրանք, և ի՞նչ են կիրառում նրանք՝ որպես այլընտրանք:
– Այդ երկրներից են Ճապոնիան, Գերմանիանգ: Գերմանիան, որը նույնիսկ ոչ արևոտ երկիր է՝ անցնում է դեպի արևային տեխնիկայի կիրառմանը: Աշխարհի ապագան արևային տեխնիկան է: Բոլոր էներգակիրները, բացառությամբ, թերևս, ատոմային վառելիքի, արևային էներգիայի ծնունդն են, նույն փայտը, ածուխը, նավթը, գազը: Դրանք բոլորը արևից սերված, արևից ստեղծված էներգիայի աղբյուրներ են: Ի՞նչն է խանգարում, որ մենք առաջինն օգտագործենք արևի էներգիան: Աստված մեզ նման իրավիճակի մեջ է դրել, որպեսզի մենք ելքը գտնենք, իսկ մենք այդ ելքը գտել ենք, ասում ենք, իսկ մեր իշխանություններն ականջալուր չեն լինում: Ինչքան կերել են՝ բավական է, հիմա էլ պետք է աշխատել: Չի կարելի ժողովրդին այդպիսի հիմար վիճակի մեջ դնել: Ախր, խնդիրը պարզ էր հենց սկզբից:
Ընդամենը բերեմ մեկ օրինակ. երբ 1991 թվականին Լենինգրադում նոբելյան դափնեկիր Ժորես Ալֆերովի գրասենյակում քննարկում էինք անկախության հարցը, Աբգար Օրբելին՝ Հովսեփ Օրբելու թոռը, այսպիսի մի միտք ասաց ինձ. մինչև քաղաքական անկախություն ստանալը Հայաստանը պետք է լուծի իր էներգետիկ անկախության խնդիրը: Այսինքն՝ սկզբում պետք է էներգետիկ անկախություն ձեռք բերել, հետո՝ քաղաքական անկախություն:
– Այսինքն՝ մեկը մյուսի հետ անմիջականորեն կապ ունեն:
– Էներգետիկան այսօր քաղաքականություն է: Այսօր քաղաքականության մեջ կա էներգետիկ, ջրի, սննդի խնդիրգ: Ամբողջ աշխարհը գալու է և այս խնդրի առջև է կանգնելու: Փառք Աստծո, մենք շատ մեծ ջրային պաշարներ ունենք. Սևանը խմելու ջուր է: Այս ամբողջ տարածաշրջանում՝ Իրան, Թուրքիա, Կովկաս, այն խմելու ջրի լավագույն ջրամբարն է: Մենք այստեղ կարող ենք մոնոպոլ դիրք գրավել. ջուրը նույնիսկ բենզինից է թանկ, ուստի մենք մեծ առավելություն ունենք: Արևը նույնպես, մենք արևոտ երկիր ենք և արևի էներգիա ունենք, որը պետք է պարզապես կարողանանք օգտագործել:
– Այսինքն՝ ըստ Ձեզ, տնտեսական առումով այս այլընտրանքային տարբերակը ձեռնտու չէ՞ իշխանություններին, այսինքն՝ շահերի բախո՞ւմն է պատճառը:
– Ես կարծում եմ՝ միայն անձնական շահի կամ գիտելիքների պակասի պատճառով, կամ միգուցե՝ նախանձի: Օրինակ, Էներգետիկայի նախարարության շահերից չի բխում (որը արտադրում և վաճառում է էլեկտրաէներգիա, որը բերում է գազ և վաճառում է), նրան բոլորովին ձեռնտու չէ ստանալ էներգիայի այնպիսի աղբյուր, որը մարդիկ կօգտագործեն առանց հաշվիչի, և որը կարող է դառնալ լուրջ մրցակից իրենց սարքերի համար: Մենք հաշվել ենք, որ բազմաթիվ գյուղերում արևի էներգիայի մասսայական օգտագործման կամ հելիոֆիկացիայի պարագայում կարող են ընդհանրապես հրաժարվել գազի ծառայություններից: Սա ոչ միայն գազի այլընտրանք է, այլև ամեն ինչի՝ էներգետիկայի, գազի, քաղաքականության իմաստով սա ևս այլընտրանք է: Եթե կարողանանք ռուսական այդ գազի ազդեցությունից անջատվենք…:
Միգուցե գերտերությունների շահերը չի թույլատրում, որ Հայաստանը դառնա անկախ: Օրինակ, եթե հիմա Հայաստանը դառնար անկախ, ծաղկուն, էներգետիկ ռեսուրսներով և արդյունաբերությամբ բարգավաճ երկիր, մենք Ռուսաստանից երևի այսքան կախված չէինք լինի: Այդ կախվածությունը կթուլանար, իսկ դա միգուցե ձեռնտու չէ գերտերություններին և նրանց կամակատարներին, որոնք այստեղ ընտրությունների միջոցով դառնում են մեզ ղեկավարներ:
– Պարոն Համազասպյան, տեղյակ եմ, որ Դուք բազմիցս բաց նամակով դիմել եք ՀՀ իշխանություններին, 20 օր առաջ էլ դիմել էինք ՀՀ վարչապետին, որևէ արձագանք կա՞:
– Չկա, արձագանք չկա, որովհետև շատ դժվար է ինձ համոզել, որ ես սխալ եմ. ես սխալ չեմ: Ես ապացուցել եմ, որ տեխնիկան աշխատում է, ես ապացուցել եմ, որ տեխնոլոգիաները շատ կարևոր են, և ամբողջ աշխարհն է այդ ուղղությամբ աշխատում: Ես այսօր չեմ կարողանում սերիական արտադրություն կազմակերպել, բայց վաղը կարտադրվի, կբերվի այստեղ:
Ոչ մի իշխանավոր այսօր իրեն թույլ չի տա պատասխանատվությունը վերցնել իր վրա և ասել, որ մենք ժամանակին սխալվել ենք: Մենք, արդեն 20 տարի է, այս խնդիրը բարձրաձայնում ենք և առաջարկում ենք այս լուծումը, նաև մեր անցկացրած բազմաթիվ փորձարկումներից հետո համոզված ենք, որ մեր առաջարկած համակարգը նաև անվտանգ է: Այդ հարցում նաև շատերին էլ համոզել եմ, նրանք էլ են այսօր ուզում այն կիրառել, ուղղակի պետք է տեսնել, թե որ երկրում հնարավոր կլինի սա արտադրել: Որ երկիրը որ կստեղծի նպաստավոր պայմաններ, այդ թվում և` Հայաստանը, մենք պատրաստ ենք արտադրությունը կազմակերպել:
– Գործարարնե՞րն էլ չեն հետաքրքրվել Ձեր առաջարկով:
– Գալիս են, շատ են գալիս, հատկապես նաև Ձեր՝ մեր մասին նախորդ անդրադարձից հետո շատ են գալիս, սակայն, ասում են՝ տվեք, մենք արտադրենք: Իսկ մենք դեմ ենք այդ տարբերակին, որովհետև սա, այսպես ասած, մեր բիզնեսն է, սա էլ է բիզնես:
– Իսկ համատեղ արտադրություն կազմակերպելու առաջարկ չկա՞:
– Համատեղ՝ չկա: Եթե համատեղ գնահատեն մեր աշխատանքը, ըստ իր իրական արժեքի, իհարկե, կցանկանանք, սակայն այս հարցի շուրջ համաձայնության գալ չենք կարողանում և երևի չենք էլ կարողանա գալ:
– Իսկ առաջիկայում սպասվո՞ւմ է այլ երկրի հետ որևէ պայմանագրի կնքում և գուցե` արտադրության կազմակերպում:
– Իհարկե, այսօր Իտալիայի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեմ: Նրանք նույնիսկ առաջարկում են հելիոֆիկացիայի միջոցով աշխատող էլեկտրոմոբիլներ արտադրել գյուղական բնակավայրերի համար:
– Ինչ-որ բան կցանկանա՞ք վերջում ավելացնել:
– Ի՞նչ կտա հելիոֆիկացիան Հայաստանին ընդհանրապես և առանձին անհատի, եթե, ասենք, արևային տեխնիկայի կիրառմանն անցնենք: Ի՞նչ խնայողություններ կունենանք: Գյուղացին, օգտագործելով 20 կիլովատտ հզորության արևային DVH (Դոկտոր Վահան Համազասպյան.- Լ.Մ.) սարքեր, նրա տարեկան խնայողությունն առանձին տնտեսություններում կկազմի 5.8 տոննա անտրացիտ (ածուխ), երկիրը կխնայի համարժեք 2.03 մլն տոննա, չոր փայտ՝ առանձին տնտեսություններում խնայողությունը կկազմի մոտ 11 տոննա կամ 40մ3, ՀՀ խնայողությունը կկազմի մոտ 4 մլն տոննա, որը մի ամբողջ անտառ է դառնում (այլ խնայողությունների ցանկը երկրի և առանձին տնտեսությունների մակարդակով տես աղյուսակում.- Լ.Մ.): Հիմա, երբ գազը թանկանա՝ մարդիկ ստիպված պետք է ծառ կտրեն, որպեսզի վառեն: Պետք է ուղղակի մեր իշխանությունները հասկանան, որ ժողովրդին շատ չի կարելի ճզմել, խեղդել: Իշխանավորները հիմա պետք է մտածեն ժողովրդի մասին, ախր մեղք են մարդիկ: Իսկ երկիրը լքելով՝ նրանց դրսում դրախտ չի սպասում:
«168 ԺԱՄ»