
Քաղաքական հաշվեհարդար՝ ամենահարմար եղանակով, կամ՝ ինչո՞ւ չեզոքացվեց Վալոդյա Գրիգորյանը

Սեպտեմբերի 23-ին՝ կեսգիշերից առաջ, դավադիր ստուգողական կրակոցներով սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, և լուսաբացից արդեն քննությունն ընթացավ ուղղորդված. Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ սպանությունը վենդետա է, փետրվարյան իրադարձությունների հետևանք:
Իսկ փետրվարին նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան հարևանությամբ գտնվող գրասենյակի մոտ խմբակային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել էր վերջինիս հորաքրոջ որդին՝ Գրիգոր Ախտոյանը:
Այդ ընթացքում իշխանությունը ոչ մի կերպ կիսել չկարողացող Փարաքար համայնքում տեղի ունեցան ընտրություններ, և «Ապրելու երկիր» կուսացությունը ներկայացնող Վալոդյա Գրիգորյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ՔՊ-ի թեկնածուի՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի նկատմամբ ու ընտրվեց Փարաքարի համայնքապետ՝ վերջ տալով համայնքում Մհեր Ախտոյան-Դավիթ Մինասյան գերակայությանը, սահմանելով խաղի նոր կանոններ, դառնալով իսկապես համայնքի 9 գյուղերի՝ բոլորի համայնքապետը:
ՔՊ-ն այսպիսով կորցրեց Փարաքար խոշորացված համայնքում նվազագույն դերակատարություն անգամ ունենալու հույսը. կոպիտ ասած՝ 2026թ.-ի ընտրություններից առաջ համայնքը գնաց ՔՊ-ի ձեռքից՝ դրանից բխող էլեկտորալ հետևանքներով:
Սեպտեմբերի 23-ին սպանվեց Վալոդյա Գրիգորյանը, և ՔՊ-ի հույսը վերածնվեց:
Ուշագրավ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Ոստիկանությունը 2 օրից ավելի կասկածյալ չուներ, հետո ինչ-որ հրաշքով կասկածյալը հայտնվեց, մեդիաներով և սոցիալական ցանցերով «սլիվն» արեցին, ու ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ շրջանակները սկսեցին կասկածյալի՝ փետրվարին սպանված Գոռ Օհանյանի եղբոր՝ Նարեկ Օհանյանի հերոսացումը: Ոմանք անգամ այնքան հեռու գնացին, որ նրան համեմատեցին Սողոմոն Թեհլերյանի հետ, սկսեցին ցիտել նրա խոսքերը՝ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:
Առաջադրանքը կատարված էր. կար օրեցօր ավելի ու ավելի մեծ հեղինակություն վայելող Վալոդյա Գրիգորյանի լիկվիդացիան ու «մեղավորը»՝ Նարեկ Օհանյանը, ով սպանությունից հետո բավականին ժամանակ ուներ ու չգիտես ինչու՝ չէր լքել երկիրը, սպասել էր, որ իրեն ձերբակալեն:
Բայց դա էլ ամբողջը չէր. ևս մեկ օր անց մեկ այլ «սլիվ» արեց ոստիկանությունը. պարզվեց, որ կրակոցներ «արձակողն» այլ անձ է՝ Նարեկ և Գոռ Օհանյանների 20-ամյա ընկերը, ում կառուցվածքը որևէ կերպ չէր համապատասխանում սպանության տարածված տեսանյութի միջի մարդասպանի կառուցվածքին:
Խնդիրը լուծվեց, հաշվարկը պարզ է. կա մարդասպան ու կա պատվիրատու. երկուսն էլ կալանավորված են, հանրությունը մի քիչ էլ կխոսի, կմոռանա, կանցնի իր գործերին, ինչպես մոռացավ Արցախի կորուստը. իրենց համար կարևորը՝ 2026թ.-ի ընտրություններից ու Հայ Առաքելական եկեղեցու վրա հնարավոր ասպատակությունից առաջ վերացվել է կատարյալ երջանիկ լինելու համար շատ էական խոչընդոտը՝ Վալոդյա Գրիգորյանը:
Ի դեպ, վերջինիս սպանությանը հաջորդող օրերին Փարաքարի, Մերձավանի բնակիչները միաբերան պնդում էին՝ սա չի կարող վենդետա լինել, քանի որ Վալոդյա Գրիգորյանը թշնամիներ չունի:
Եվ եթե անգամ ընդունենք, որ սպանողն ու պատվիրատուն հենց այն անձինք են, ովքեր կալանավորվել են, պարզ է դառնում մի հասկանալի ճշմարտություն՝ Վալոդյա Գրիգորյանը վերացվեց ամենահարմար մարդու ձեռքով, այն մարդու, ում իր եղբոր սպանությունից հետո առնվազն հայրենի իրավապահ համակարգը չի բացատրել, ապացուցել, որ Վալոդյա Գրիգորյանն իր եղբոր սպանության հետ կապ չունի, որ անգամ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման դատախազությունն է ասել՝ Վալոդյա Գրիգորյանի՝ այժմ տնային կալանքի ռեժիմում գտնվող եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը ևս կապ չունի այդ սպանության հետ, և նրան մեղադրանք խուլիգանության հանցակազմով է առաջադրված, այն մարդու ձեռքով, ով գնացել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքի՝ «Հայկական ժամանակի» խմբագրություն ու արդարադատություն խնդրել, այն մարդու, ով հավատացել է իրենց: Ընդհակառակը, թողեցին, որ ատելությունը եփվի, եռա առանց ծնողների մեծացած Նարեկ Օհանյանի հոգում, ով այս աշխարհում միայն իր եղբորն ուներ:
Ի դեպ, Վալոդյա Գրիգորյանն ինքն է հանդես եկել հայտարարությամբ, որ իր եղբոր կալանավորումը Փարաքարում տեղի ունենալիք ընտրություններից առաջ սոսկ իր վրա ճնշում գործադրելու նպատակ ունի:
Մհեր Ախտոյանը մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ականների ու նրանց հետ առնչվող քրեական շրջանակների հետ. մամուլը լուսանկար էր հրապարակել, որտեղ Մհեր Ախտոյանը, ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնող» մականունով, և քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության պատվիրատու Չաղ Ռուստամն են պատկերված: Եվ տարօրինակ է, որ ոստիկանությունն ի սկզբանե բացառել է սպանության քաղաքական բնույթը:
Մհեր Ախտոյանը հիմա երկրում չէ. երևի կվերադառնա, անելիք վստահաբար ունի. դիմացն ընտրություններ են:
Իսկ Վալոդյա Գրիգորյանին վերացրեցին, որովհետև իր աճող հեղինակության ու կայուն, չկոտրվող բնավորության պատճառով նա այլևս անհաղթահարելի խոչընդոտ էր ՔՊ-ականների ճանապարհին:
Համայնքը նոր ընդդիմադիր համայնքապետ կունենա, իհարկե, բայց հիմա ՔՊ-ի համար ավելի հեշտ կլինի վերականգնել համայնքում իր դիրքերը, որովհետև ով էլ լինի նոր համայնքապետը, նա Վալոդյա Գրիգորյան չի լինելու:
Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չենք ուզում խախտել, բայց ակնհայտ է մի բան. ոստիկանությունն առնվազն ձախողել է հանցագործության կանխման իր գործառույթը, և սա այն դեպքում, երբ գաղտալսվում են ընդդիմադիրները, գործեր են կարվում Նիկոլ Փաշինյանի ամենաչերևացող ընդդիմախոսների վրա անգամ, ու փաստորեն չեն գաղտնալսել Նարեկ Օհանյանին, այսինքն՝ անտեղյակ են եղել նրա պլաններից, եթե, իհարկե, անտեղյակ են եղել:
Ու հիմա հասարակությունն ինքը պետք է պահանջատեր լինի, որ իսկապես բացահայտվի Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, որովհետև չբացահայտումը, թերի բացահայտումն ու ծածկադմփոց անելը մեկ բան են նշանակելու՝ երկրում արդեն իսկ վտանգավոր է ընդդիմադիր դիրքորոշում ունենալը, որ ընդդիմադիր լինելու, ավելին՝ ՔՊ-ականներին հաղթելու համար հիմա արդեն ոչ թե ազատազրկում են, այլ սպանում: Իսկ եթե տեղյակ են եղել ու չեն կանխել, այլ հետևության թեմա է: