ԱԷՄԳ-ը կարող է անարգել շարունակել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ հսկողությունը. Սոլթանիեհ
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը կարող է առանց որևէ խոչընդոտի շարունակել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ հսկողությունը: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեհը:
Մեկնաբանելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի վերջին զեկույցը՝ Սոլթանիեհը հայտարարել է, որ զեկույցն ի ցույց է դնում, որ Իրանի միջուկային գործունեությունը հաջող է և միջուկային ծրագիրն աճում է:
Սոլթանիեհի խոսքերով՝ շարունակվելու է Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև երկկողմանի համագործակցությունը: Նաթանզի գործարանում նոր սերնդի ցենտրիֆուգների քանակի աճի հետ կապված՝ Սոլթանիեհը հայտարարել է, որ դա մատնացույց է անում Իրանի միջուկային գործունության անդադար աճը:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի վերջին զեկույցում նշված էր, որ Իրանը տարեսկզբից տեղադրել է արդեն իսկ 700 արդիականացված ցենտրիֆուգ՝ ուրանի հարստացման համար: