
ՄԵԶ ԴՐՍԻՑ ԹՇՆԱՄԻ ՊԵՏՔ ՉԷ, ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ՆԵՐՍՈՒՄ Է. ԵՍ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՄ ՇԱՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 & ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Կարծում եմ՝ ժամանակն է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացների մեջ։ Առաջիկայում մանրամասներ կլինեն, իհարկե, բայց այս պահի համար ասեմ՝ կուսակցություն չեմ բացելու, գործելու եմ ազգային-պետականամետ դաշտում։
- Բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանում զբաղվում են ազգային-պետական խնդիրներով, պետք է բարձրացնեն իրենց մարտունակությունը և համախմբվեն։ Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի զարգացման։
- Թրամփի ինագուրացիայից հետո՝ հունվարին, ես 2 մարդու անուն եմ տվել, որոնցից պետք է զգույշ լինել՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաք և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆ։
- Մենք՝ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալողներս, ոչ թե ռեսուրսի հետ խնդիր ունենք, այլ ամբիցիաների։ Ռեսուրսի ու ամբիցիաների խաղաղ դաշինքը հնարավորություն կտա խաղաղ առաջ գնալու և քաղաքական գործընթացներում ֆալշստարտ չտալու։
- Մի քանի լրատվամիջոցներ կան, որ հայտնվել են իբրև թե «ազգային» դաշտում, բայց օրինակ՝ սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը, իրենց լրատվական գլխավոր թողարկումը սկսել են եղանակի տեսությամբ։ Դու ո՞ւմ ես ձեռ առնում։ Պարզ չէ՞, որ շուտ ես պայթել։ Բերել, ֆինանս են ներդրել այս դաշտում, ամենավերջում տեխնիկան են բերել, բայց այդ ամենը աշխատացնել է պետք։
- Եթե մարդն ուղնուծուծով ազգայինի կրողը չէ, այդ կապիկությունը միանգամից կերևա։ Եվ էդ փուչիկները, ինչպես տեսնում եք, սկսել են պայթել։ Ես հենց հայտարարեցի քաղաքականություն մտնելու մասին, ազգայինի քողի տակ հանդես եկող, բայց իրականում նիկոլական տելեգրամյան ալիքները գիտե՞ս ինչ գրեցին, որ ես եմ մեղավորը, որ Բագրատ սրբազանին կալանավորել են… Պատկերացնո՞ւմ եք…
- Նիկոլը մի խնդիր ունի․ ինքը պատրաստ է ամեն ինչի գնալ, միայն թե մեր ժողովրդի անցած 5 տարվա հիշողության քարտը դատարկվի։
- Իմ նպատակը նիկոլական գործակալական ցանցը չէ․ ինքս տիրապետում եմ շատ արժեքավոր ինֆորմացիայի, թե այս ոհմակի կարկառուն ներկայացուցիչները 2014թ.-ից սկսած Իզմիր, Ալանիա, Թիֆլիս, Վիեննա քաղաքների որ հյուրանոցներում ադրբեջանցիների հետ ինչ են քննարկել։ Ես գիտեմ՝ ով որտեղ է սովորել, ինչ են արել, այդ ամեն ինչը վերջում ոնց է պտտվել իրենց դեմ…
- Ադրբեջանական քարոզչամեքենան 2011-2012թթ.-ից միջազգային բոլոր հարթակներում Արցախի հետ կապված շատ լուրջ նարատիվներ ձևավորեց։ Նպատակն այն էր, որ ցույց տան՝ Արցախն ինքնահռչակ Հանրապետություն է Ադրբեջանի կազմում։ Արդյունքը եղավ այն, որ Նիկոլի նման մարդուն բերեցին իշխանության, որ իրենց սկսածն ավարտին հասցնեն։
- 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ամերիկյան Կոնգրեսի բոլոր կոնգրեսմենների սեղանին դրված էր հետազոտություն «Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության դեստրուկտիվ գործոնի» մասին։ Այսինքն՝ ադրբեջանցիներն ամիսներով աշխատել էին, պատրաստել փաստաթղթեր, որ հայերն օկուպանտ են, ու դրել կոնգրեսմենների սեղանին… Շատ լուրջ աշխատանք են տարել ադրբեջանցի լոբբիստները դրսում՝ կապված Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ։
- 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում ջիհադ հայտարարելը պատկերացնո՞ւմ ես՝ ինչ բան է իսլամական աշխարհի համար… Եթե այդ օրերին մեր կապերը չօգտագործեինք, այդ կապերի միջոցով չհասնեինք Սաուդյան Արաբիայի թագավորական արքունիք, շատ ավելի վատ կլիներ, քան այն, ինչ եղավ։ Պակիստանը պատրաստվում էր ջիհադին։ Այնտեղ կային ծայրահեղ խմբավորումներ, որոնք սնուցում էին այդ մեծ ցանցը։
Հայ-ադրբեջանական հակամարտության կրոնական ուղղությունը, որը փորձում էին ամեն կերպ առաջ մղել, մենք կարողացանք այնպես անել, որ անտեսենք, ու դա չդառնա օրակարգային։
- Այն մարդիկ, վարձկանները, ովքեր այստեղ պահվում էին, առանցքային ինֆորմացիայի կրող էին։ Փառք ու պատիվ մեր տղերքին։ Գիտեք՝ Իրաքից ու Լիբիայից բերված վարձկանները հասարակ մարդի՞կ էին։ Գիտե՞ք իրենց ինստրուկտորներն ովքեր էին․․․
- Ինչպե՞ս վարվեցին Սումգայիթում, Բաքվի, Մարաղայի կոտորածների ժամանակ։ Նույն գիծն է գնում։ Արցախը 2020թ․1915-ի պես դարձել էր գույքի ու հարեմի ձեռքբերման դաշտ։ Մենք կարողացանք խուսափել դրանից։ Ես չէ, ով որ պետք է, կարողացավ դա անել։
- 2020թ. դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնք շատ լուրջ հետախույզներ էին ու չափազանց կարևոր ինֆորմացիայի կրողներ։ Բա գիտեք՝ Ալիևն ինչո՞ւ պահանջեց նրանց։ Նրանք շատ լավ հայերեն գիտեին։ Հայկական կողմը պահում էր, որովհետև նրանք բանակցային ամենամեծ հաղթաթուղթն էին։
Հիշեցնենք, 2020թ. դեկտեմբերին ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականին ներթափանցել էին Արցախի Քարվաճառ քաղաք և սպանել երկու հայի, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերադարձվեցին Ադրբեջան։ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ վերադարձվել էին նաև Ադրբեջանի այլ քաղաքացիներ։
Հիշեցնենք նաև, որ 2014 թվականի ամռանն ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Արցախի Քարվաճառ քաղաք, սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել ՀՀ մեկ այլ քաղաքացու՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանն Ասկերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:
- Տավուշյան արկածախնդրությունից սկսած՝ մինչև 2025թ․ սեպտեմբերի 25, սկսած «Շահ Սուլեյման» խմբավորումից, ես հրապարակել եմ Ադրբեջան մուտք գործած 2500 ահաբեկիչների մասին տվյալներ։ 2025թ․ հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանի քննչական կոմիտեն ու այլ մարմիններ այդ ամենի մասին ինֆորմացիա ունեին։
- 44-օրյա պատերազմի ու այսօրվա վիճակի վերաբերյալ պայմանավորվածությունը եղել 1999թ․հոկտեմբերի 27-ին։ Վազգենը հրաժարվեց Սյունիքը տալ։ Նոյեմբերի 9-ը չստացված Հոկտեմբերի 27-ն է։
- Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը երեկ ասում էր՝ Մերձավոր Արևելք գոյություն չունի, ազգեր, պետություններ չկան, կա մարդ, կա ընտանիք, կա ցեղ։ Նույն գիծն այստեղ տանում է Հայաստանի այս իշխանությունը։ Իսկ Միացյալ Նահանգների դեսպանն Անկարայում փոքր մարդ չէ, 10 դեսպանի քաշ ունի։ Պետք է հասկանալ նրա մեսիջներն ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռք առնել։
- Այս տարածաշրջանը ենթարկվելու է լրջագույն փոփոխությունների։ Հիմա զոհասեղանին նաև Թուրքիան է, որն Էրդողանն ատամներով փորձում է պահել։ Սիրիայի ճակատագիր, քրդական գործոն, Պուտինի և Թրամփի միջև ազդեցության գոտիների բաշխում․ սա է այս տարածաշրջանի վերաբերյալ հնարավոր գործոնների շրջանակը։ Ես ասել եմ՝ ԱՄՆ-ը որևէ շահագրգռվածություն չունի այստեղ մեծ զորախումբ պահելու։ Նիկոլի՝ իշխանության մնալ-չմնալու հարցը ևս այս գործոններով է պայմանավորված։
- ՄԻ-6-ի (MI6)՝ բրիտանական հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Մուրը շատ սերտ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, քանի անգամ հանդիպեց Փաշինյանի և ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ, և դա հենց այնպես չէր:
- Միջին միջանցք-նավթային հոսքեր-Թուրքիան՝ որպես էներգետիկ հաբ։ Դրանց ինֆորմացիոն կուրացիան ամերիկյան Կենտրոնականհետախուզական վարչությունը (ԿՀՎ) 2 տարի առաջ զիջեց ՄԻ-6-ին։ Բրիտանական հետաքրքրությունը թրաֆիքների հետ է կապված։
- Ենթադրենք՝ մեր քաղաքացին ավտոբուսը նստեց, հասավ Կովսական, մտավ Ադրբեջան, մի բան սարքեցին և մեր ավտոբուսը վառեցին, մեր քաղաքացիներին էլ գերի վերցրին։ Ի՞նչ ես անելու, Նիկոլ, ո՞ւմ ես ձեռ առնում։ Ասելու ես՝ ինչի՞ ես տարել… Թե՞, ինչպես 44-օրյա պատերազմից հետո էր ԱԱԾ-ն հեռախոսահամար տարածել՝ ասելով, որ գերի ընկելու դեպքում զանգահարեք այսինչ հեռախոսահամարով, դուք էլ եք հեռախոսահամար տալու, որ զանգի մեր քաղաքացին… Ի՞նչ ես անելու: Ադրբեջանն ասելու է՝ լավ եմ արել, իմ տարածքն է, վատ է պահել, տարել եմ։ Պատասխան ունե՞ս։
- ԱՄՆ-ը երբեք ու երբեք որևէ պետության անվտանգությունը չի երաշխավորի առանց նրան զենք վաճառելու։
- Նիկոլը վարում է Հայաստանը կլանելու քաղաքականություն։ Խնդիրը Հայաստանն այս տարածաշրջանում անատամ, թույլ, անդեմ, ինքնությունից զուրկ, անպաշտպան դարձնելն է, որովհետև երբ անատամ ես, ժողովուրդդ քեզ չի անհանգստացնում։ Ու այդ վիճակում կապիտուլյացիա ընդունելը շատ հեշտ է։
- Սրանք սեկտանտի հոգեբանություն ունեն։ Սեկտանտի նման, ում տեսնում, հարցնում են՝ չե՞ս ուզում խաղաղություն, չե՞ս ուզում խաղաղություն… Ուզո՛ւմ ենք, բայց քո բերածը խաղաղություն չէ՛։ Դու խաղաղություն չես բերում, այլ նոր աղետ ես բերում:
- Նիկոլը հայկական պետականության տակ լարած ռումբեր է դնում։
- Այնպես չէ, որ ոնց դրսում որոշեն, այդպես պետք է լինի։ Սա տիպիկ նիկոլական քարոզչություն է, տարածում են, իբրև թե արդեն որոշված է դրսի ուժերի կողմից, որ ինքը պետք է լինի: Չէ, ամեն ինչ որոշված չէ։ Ֆատալիզմին հանձնվելը ես մերժում եմ։
- Ինչո՞ւ սրանք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը՝ հունվարի 27-ը, Հայոց զոհերի ոգեկոչման օր հայտարարեցին։ Ո՞նց կարելի է Սեպտեմբերի 27-ը փոխարինել հունվարի 27-ով։ Հայ ժողովուրդն ի՞նչ կապ ունի Հունվարի 27-ի՝ Հոլոքոստի հետ։
- Օտար պետությունը, ընդհուպ՝ թշնամին, դավաճան չի լինում։ Այլ պետությունները, թշնամի պետությունն իր երկրի, իր պետության շահերն է հետապնդում, առաջ մղում։ Մեր թշնամին ներսում է, դավաճանը մեր երկրի ներսում է: Մեր թշնամու հասցեն Հանրապետության հրապարակում է, Կառավարական թիվ 1 շենքում։
- Եթե Երևանից արգելքը չլիներ, նույնիսկ մեր այդ անկազմակերպ ու անպատրաստ վիճակում Նոյեմբերի 9-ից հետո անգամ շատ ավելի լուրջ հարցեր կարող էինք լուծել, քան մինչև նոյեմբերի 9-ը։ Ես այնտեղ եմ եղել, տեսել եմ։ Մեր զինվորը նահանջ հրամանով է հետ եկել, ոչ ոք փախուստի չի դիմել, իր դիրքից հետ չի եկել․ ես տեսել եմ՝ ադրբեջանցի զինվորն ինչպես էր վախենում։ Արա՛, դու Արցախում արցախցի, սյունեցի, արմավիրցի զինվոր տեսած կա՞ս… Դուք այստեղ օֆիսներում նստած՝ ի՞նչ եք տեսել։