
«2016թ. մենք խուսափեցինք խայտառակ պարտությունից, 44-օրյային էլ կարող էինք խուսափել, եթե Հայաստանում չլինեին այս իշխանությունները». Ռազմական փորձագետ

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանն արթնացել էր, որպեսզի վայելեր կիրակնօրյա առավոտյան սուրճն ու ժամանակն անցկացներ ընտանիքի հետ։ Սակայն դեռ սուրճն էլ չէր խմել, երբ ադրբեջանական կողմից հնչեցին առաջին կրակոցները, այդպես մի քանի րոպե, ժամ ու 44 օր շարունակ. ադրբեջանական կողմից Արցախի ու նրա խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվեցին հնարավոր բոլոր զինատեսակները։
Մարտին Եսայանը սուրճը կիսատ թողնելով՝ շտապել էր ազատամարտիկ ընկերների մոտ, այնտեղից էլ՝ ուղիղ դիրքեր, որտեղ արդեն ընթանում էին թեժ մարտեր։
Ազատամարտիկը նշում է՝ պատերազմից 1 ամիս առաջ՝ օգոստոսին էր հասկացել, որ թշնամին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, բայց քանի որ դիրքեր հաճախ էր գնում, շփվում զինվորների հետ, վստահ էր՝ ամեն ինչի պատրաստ է սահմանին կանգնած զինվորը։ Հետո էր միայն հասկացել, որ զինվորի պատրաստ լինելը պատերազմում հաղթելու համար քիչ էր, պետք էր զինվորի թիկունքին կանգնած պետության ղեկավարն էլ պատրաստ ու ուժեղ լիներ…
«Իմ խոնարհումն եմ բերում բոլոր-բոլոր նահատակվածների հիշատակի առջև, նրանք հանուն հայրենիքի, հանուն մեր բոլորի՝ տվեցին իրենց լավագույնը։
Ինչ վերաբերում է այս պատերազմին, ապա մեր պարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ 2018 թվականին ՀՀ իշխանության ղեկին հայտնվեց Նիկոլ Փաշինյանը։
2016 թվականին մենք խուսափեցինք խայտառակ պարտությունից, 44-օրյային էլ կարող էինք խուսափել, եթե Հայաստանում չլինեին այս իշխանությունները։ Հենց այս իշխանությունների իրականացրած քայլերը կամ անգործությունը տարավ նման պարտության։
Իհարկե, այս պարտությունից կարելի էր խուսափել, եթե ՀՀ ղեկավարը չլիներ Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում պատերազմը բոլորովին այլ ելք էր ունենալու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարտին Եսայանը։
Մարտին Եսայանի առաջին կանգառը եղել էր Մարտակերտի դիրքերում՝ Խաչենի ուղղությամբ իրավիճակը ծանր էր եղել, բայց զինվորները, արդեն՝ նաև կամավորները, որոնք րոպեների ընթացքում հասել էին դիրքեր, թեժ մարտեր էին մղում՝ պատրաստակամ, որ մինչև վերջ կանգնելու են։
«Ամբողջ երկինքը ԱԹՍ-ներով էր պատված։ Գուցե սովորական քաղաքացիները խուճապի էին մատնվել, բայց դիրքերում այդ խուճապը չկար, տղաներն ինքնամոռաց կռվում էին։
Իսկապես իրավիճակը ծանր էր, մենք էինք ոգևորվում՝ տեսնելով մեր զինվորների կռվելը, մինչև վերջ նրանց կողքին կանգնեցինք, վստահաբար նրանք չէին կարող պարտվել, պարտվեց իշխանությունը»,- ասաց նա։
Արցախյան առաջին և 2016 թվականի պատերազմներում Մարտին Եսայանն այլ սրտացավություն է տեսել իշխանությունների կողմից, սահմանին կանգնած պայքարում էին, գիտեին, որ իրենց թիկունքն ամուր է։ 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ էլ չանցած, դիրքերում հասկացել են՝ միայնակ են մնացել։
Ասում է՝ նախկինում իշխանությունները ժողովրդին հաղթանակ չէին խոստանում, բայց պարգևում էին հաղթանակ, իսկ այսօրվա իշխանությունը պատերազմի հենց սկզբից ժողովրդին խոստացավ հաղթանակ, բայց նվիրեց պարտություն։
«Դուք հասկանո՞ւմ եք՝ Արցախի կորստից ու այսքան զոհեր ունենալուց հետո, օրվա իշխանությունները կրկին ընտրում են մի ճանապարհ, որը տանելու է անդունդ։ Իրենց բռնած ճանապարհից որևէ քայլ հետ չեն անում, և այս քայլերի արդյունքը հայրենիքի այս կամ այն հատվածի կորուստն է։ Այս մարդը դարերով մեզ հասած մեր հայրենիքը դրել է թշնամու ոտքերի տակ։ 5 տարի առաջ այդքան տղաներ նահատակվեցին, այդ մարդը այսօրը որպես հիշատակի օր՝ նշո՞ւմ է, իհարկե ոչ։ Իր պատճառով այսօր արցախահայերը բնավեր են դարձել, ապրում են ծանր կացության մեջ՝ սոցիալական, հոգեբանական։ Լուրջ վտանգ է սպառնում բոլորիս»,- շեշտեց Մարտին Եսայանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի այս քաղաքականությունը, ապա Հայաստանը կունենա մի քանի քառակուսի կիլոմետր տարածք և առանց հայերի ու հայկական արժեքների։
«Եկեղեցին սարքեցին «չուլան», Արարատ լեռից հրաժարվում են, հետո էլ ժողովրդին ասում են՝ «ո՞վ է գնալու կռվի», ու սա ասում են մի ժողովրդի, ով մշտապես կռվով իր տարածքները պահել է, այլ ոչ թե կռվել, զոհվել՝ հետո տարածքները հանձնել։
Ուժեղ ես, ուրեմն՝ հայրենիք կունենաս, ուժեղ չես, կամք չունես, ուրեմն՝ կձուլվես ու մոռացության կմատնվես, դրա համար պետք է ազգովի պայքարենք»,- ընդգծեց Մարտին Եսայանը։