
ԱՅԴ ԳԱՂՏՆԻՔԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ՝ ՆՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ԹԻՄ-ԾՐԱԳԻՐ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս մի գրառում կատարեց, որը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին: Տեր-Պետրոսյանն իր գրառումն այսպես էր ավարտել.
«Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի և Մելիք Ֆրանգյուլի կողքին»։
Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Լևոն Տեր-Պետրոսյանն իր ուղերձներով հարված է հասցրել Փաշինյանի ամենամեծ խաբեությանը, թե իբր ինքը խաղաղություն է բերել Հայաստանին։
- Փաշինյանը գտնվում է հոգեբանական հիստերիկ, հավասարակշռությունը կորցրած մարդու վիճակում։ Երկրի ղեկը գտնվում է մի սուբյեկտի ձեռքում, որը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Այս մարդը գտնվում է հոգեխանգարմունքի մեջ, որը մեր երկրի անվտանգության համար կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Այսօր նամակով դիմել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ խնդրելով քննադատության դոզան իջեցնել, որովհետև նրա մանիակալ հերթական նոպան կարող է վտանգավոր լինել երկրի համար։
- Փաշինյանի առաջ մեր կողմից դրվում է մի հարց, որի պատասխանը նա չունի․2019թ.-ին իր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դրվել էր կարգավորման տեքստ, մի փայլուն պլան, որը սերունդներ շարունակ կապահովեր կայունություն ու խաղաղություն, բայց Փաշինյանն այն ժամանակ չէր մտածում սնուցող մայրերի, ժողովրդի խաղաղության մասին։ Հակառակը, այդ ժամանակ նա սադրեց տավուշյան ավանտյուրան ու Ստեփանակերտի հրապարակից կատարեց իր սադրանքը՝ որոշ հայտարարություններ անելով։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մերժել է բանակցությունը, և դա արել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա բնական պահանջ է, չէ՞, որ ազգովի ուզում ենք, որպեսզի նա հրապարակի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված 2019թ․կարգավորման տեքստը։ 2019թ․ ապրիլի և հունիսի 2 գրավոր առաջարկ կա, հրապարակի՛ր, Նիկոլ Փաշինյան։
Հիշեցնենք, Լևոն Զուրաբյանն այս մասին բազմիցս հայտարարել է և գրառումներ է կատարել, որոնցից մեկում ասվում էր.
«Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր
– պլանը միայն նախատեսում էր 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ,
– որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:
– որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,
– որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր…
Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին: Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»,- գրել էր նա:
- Փաշինյանն առաջարկի այդ տեքստը չի հրապարակում, որովհետև դա պայթեցնելու է իր իշխանությունը, որովհետև կա մի հրեշավոր գաղտնիք, որի մասին ինքը չի ուզում, որ մեր ժողովուրդն իմանա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրել ես, էլ խնդիր չի, հրապարակի՛ր։ Իշխանությունը որ փոխվի, պետք է կոնդիցիոներները լավ ստուգել, միգուցե այնտեղ է պահում։ Ինքն ամենաշատը վախենում է այդ պլանի հրապարակումից, և մենք ազգովի պետք է պահանջենք հրապարակել դա, որովհետև այդտեղ է գտնվում իր դավաճանության գլխավոր ապացույցը։ Իր գլխավոր սարսափը դա է։ Ինքը շատ լավ գիտի, որ պայթեցրել է այս ազգին, ու էդ գաղտնիքն ինքն կյանքի գնով պահելու է։ Ժողովուրդը պետք է իմանա՝ ինչ են արել, ինչու և ինչպես են այդքան տղաներ զոհվել և այդքան կորուստներ եղել:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր օգուտն այն էր, որ նրա համանախագահությունն ապահովում էր բանակցային ֆորմատ։ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն էր, որը հրաժարվեց դրանից։ Քանի դեռ Մինսկի խմբում Հայաստանն ակտիվորեն և կառուցողական բանակցում էր, միջազգային հանրությունը ստիպում ու ճնշում էր Ադրբեջանին, որ կա բանակցային պրոցես, ու հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը, պատրվակ բերելով, որ Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի բանակցություններին, հրաժարվում է բանակցություններից։ Միջազգային հանրությունն ու Ադրբեջանն ի՞նչ պիտի հասկանային, երբ դու ասում ես՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Շուշիում պարում ես, սադրում ես Տավուշյան ավանտյուրան… Այն, որ Հայաստանն այլևս բանակցություններ չի ուզում։ Դու ես հրահրել այդ պատերազմը։ Եթե դու հրաժարվում ես բանակցություններից, դու բերել ես պատերազմ։
- Փաշինյանը հստակ ասում է՝ այո՛, ես այնպես եմ արել, որպեսզի Արցախը վերանա, որ մենք հաշտվենք Ադրբեջանի հետ։
Ի դեպ, հիշեցնենք, որ 2018թ. վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջին այցը կատարեց Արցախ: Մայիսի 9-ին Ստեփանակերտում տված ասուլիսում նա հայտարարեց.
«Մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ ուզում ե՞նք ղարաբաղյան հակամարտությունը լուծել, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ձևաչափով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են: Հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ»:
Հիշեցնենք նաև, որ նույն օրը նա հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է լիարժեք բանակցել Հայաստանի անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը. «Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը, ինչպես Հայաստանի անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը»:
- Փաշինյանն այսօրվա իր ֆեյսբուքյան գրառումներով ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ, ասում է մի բան, որը Ադրբեջանը մինչ այս ոչ մի կերպ չի կարողացել ապացուցել միջազգային դատարաններում։ Ալիևն այսօր ֆեյք դատավարություն է կազմակերպել Բաքվում, որի նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ մեղադրանք կառուցելն է։ Եվ ահա այսօր Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ, վնաս է տալիս մեր դիվանագիտությանն ու պետական իմիջին, և դա անում է մթագնած ուղեղով։
- Ասում ես՝ 2018թ․հայ զինվորներն Ադրբեջանում էին, բա դու արդեն երկրի ղեկավար էիր այդ ժամանակ, որ տեսել ես՝ մեր զինվորները կանգնած են Հայաստանի սահմաններից դուրս, ինչի՞ ես պահել նրանց այնտեղ։ Դու միջազգային հանցագործություն ես նկարագրում, ու եթե չես հանել մեր զինվորներին քո ասած այլ երկրի տարածքից, ուրեմն դու էլ ես միջազգային հանցագործ։ Սա հիստերիկ կերպով խոսում է ու չի մտածում, որ ինքն իր դեմ է ցուցմունք տալիս։
- Փաշինյանին ինչի՞ կանչեն Բաքու, եթե նա հեռակա էդ ցուցմունքները տալիս է։ ու այո՛, Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանին պահպանում են՝ ինչպես մի գանձի։ Փաշինյանն Ադրբեջանին պետք է: Վստահեցնում եմ՝ մի կրակոց եղավ սահմանում, Նիկոլ Փաշինյանը կթռնի, հետևաբար՝ մինչև 2026թ. ընտրություններ՝ 2026թ․ հունիս, Ադրբեջանը սահմանում ոչ մի ինցիդենտ թույլ չի տալու, հրադադարը սրբորեն պահելու է, որպեսզի Փաշինյանը վերընտրվի, բայց դրանից հետո, երբ նորից հաստատի Նիկոլին իշխանության ղեկին, տեսե՛ք՝ Հայաստանի հետ ինչ է կատարվելու։ Փաշինյանը դարձել է Ալիևի գործակատարը։
- Ի՞նչ է նշանակում՝ ««Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ»… Մեկը կարո՞ղ է դա անգլերեն կամ ռուսերեն թարգմանել… Սա իդիոտություն է, բայց դրա տակ թաքնված է ծրագիր, որ այսուհետև Բաքվի դիկտատով Հայաստանի մշակույթի վզին փաթաթվելու է Ադրբեջանի հետ «խաղաղության» նարատիվ։
Հիշեցնենք, որ այս իշխանությունը մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետական փաստաթուղթ դարձնել: Նախագծերի e-draft կայքում հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը, որը կառավարությունը դեռ պետք է հաստատի: Այն արդեն շրջանառության մեջ է դրված: Այսուհետ մշակութային միջոցառումները պետք է համապատասխանեն Նիկոլ Փաշինյանի պատկերացրած և, փաստորեն, նաև Իլհամ Ալիևի և Էրդողանի պահանջած «Իրական Հայաստան»-ի պատկերացումներին:
- Թուրքիան չի պահանջում Արարատը հանել մեր զինանշանից, դա պահանջում է Ալիևը։ Սա չի լինելու թուրքական Հայաստան, այլ ադրբեջանական։ Թուրքական դիվանագիտությունը վերջին անգամ նման պահանջ դրել էր Չիչերինի ժամանակ, մերժվել էր, ու ամեն ինչ դրանով ավարտվել էր։ Անգամ Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա կար Արարատը։ Հիմա դա պահանջում է Ալիևը։ Նա իր վրա վերցրել է նոր Հայաստանի պատմության ճարտարապետի դերը, որն ունենալու է Չորրորդ Հանրապետություն անունը։ Դա նշանակում է՝ կռտված Հայաստան, ոչ թե կրթված, այլ կռտված։ Հայաստանին ուզում են կռտել․ Հայաստանն այլևս չպիտի խոսի իր պատմության մասին։
Հիշեցնենք, 2024թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ելույթ ունենալով COP 29 բնապահպանական միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև․ «Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության տեքստում հիշատակված է Անկախության հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրված է, որ, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն։ …Կարծում եմ՝ նույնն է նաև ազգային խորհրդանիշի՝ Արարատ լեռան պարագայում: Այն պետք է փոխվի։ Նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»,- ասել է Ալիևը։
- Նիկոլ Փաշինյանի Չորրորդ Հանրապետությունում Սումգայիթյան ջարդերի մասին չեն հիշելու։ Նշելու են Խոջալուի, այսպես կոչված, «ջարդերի» օրը՝ որպես ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության հիշատակի օր։
- Ադրբեջանցի փորձագետներն արդեն բաց ասում են՝ կա՛մ դեմարկացիան, դելիմիտացիան արագ կանեք, կա՛մ մենք կներխուժենք ձեր երկիր։
- «Թրամփի ուղի» կոչված գործարքը պետք է ականազերծել։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ, բայց դա կարող է լինել մի դեպքում, եթե լուծվի երկաթուղային այլընտրանքային ճանապարհի հարցը։
- «Թրամփի ուղի» և BRICS-ի երկրներ համադրում պետք է լինի:
- Վերահսկողությունը պետք է կատարի Հայաստանի Հանրապետությունը: Ոչ ոք այդ դեպքում մեզ չի կարող թելադրել, թե մեր ապրանքներն ինչ ճանապարհով պետք է գնան։ Բոլոր ուժերին, ովքեր հետաքրքրված են այս առաջարկով, ես առաջարկում եմ միավորվել։ Հյուսիս-Հարավ երկաթուղին ներառում ես՝ դառնում է բովանդակություն, չես ներառում՝ դառնում է Միջանցք, ու մենք ահավոր կախվածության մեջ ենք ընկնում Ադրբեջանից։ Թուրքիան ու Ադրբեջանը դիկտատի տակ են մեզ դնելու, ու դրան դիմակայել չենք կարողանալու։
- Ասում են՝ Թրամփի հետ ստորագրված թղթերի մեջ 99 տարվա մասին բան չկար, բայց Թրամփը թղթից էր կարդում, Փաշինյանն էլ քարի նման կողքը նստած էր։ Ուրեմն կա, չէ՞, ուրիշ թուղթ։
- Փաշինյանի Չորրորդ Հանրապետությունը լինելու է մի պետություն, որտեղ Ռամիլ Սաֆարովին կհայտարարեն որպես իր ինտերնացիոնալ պարտքը կատարած հերոս։ Մի րոպե չկասկածեք։
- Դեռ իմպիչմենտի լսումների օրը նշանակված չէ։ Չեմ բացառում, որ կմասնակցենք, որովհետև մենք էլ մեր ասելիքն ունենք, կասենք՝ ոնց է պետք հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանի, Աննա Մկրտչյանի և Տիգրան Աբրահամյանի հետ բավականին կառուցողական քննարկում ենք ունեցել։
- Ինչպես է պետք հեռացնել Փաշինյանին. այն քաղաքական և հասարակական ուժերը, ովքեր հասկանում են, որ զուտ ընտրական տեխնիկական գործիքներով չեն հաղթելու Փաշինյանին, որին աջակցում է Ադրբեջանը, Իսրայելը, Թուրքիան, արևմտյան մի շարք երկրներ, պետք է այդ տեխնիկական գործիքակազմից հրաժարվեն։ Եթե քաղաքական ուժերը չսթափվեն, Արևմուտքի և նշածս երկրների օգնությամբ Փաշինյանը 2026-ին վերարտադրվելու է։ Նրան հեռացնելու միակ տարբերակը համաժողովրդական շարժում ձևավորելն է։ Դա նշանակում է՝ ակտիվ փողոց, այլընտրանքային խաղաղության ծրագիր․ այդ ժամանակ կարելի է նաև ընտրության գնալ։ Բանալին նոր շարժման ստեղծումն է, որն այս ժողովրդի համար կդառնա առաջնորդ։ ԻՄ ԲԱՆԱԼԻՆ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է՝ ԹԻՄ-ԾՐԱԳԻՐ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ։
Մանրամասները՝ տեսանյութում։