
Լավ չե՞ս, ձեր զուգարանն է… Ե՞րբ ես խոպանը թարգե, վերադարձել Հայաստան տղավարի կգրես… Հավայի դուս ես տալիս… թրքասերն էլ, ադրբեջանապաշտն էլ դու ես, դու ես իրանց հետ հաց կերել. Սարիկ Մինասյանի շփումը՝ ընտրողների հետ

Այսօր Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Գյումրին մի քանի ամիս ղեկավարած ու կրկին Հայաստանի հոգևոր ու մշակութային մայրաքաղաքը ղեկավարելու հավակնություններ ունեցող, հիմա նաև ՀԷՑ-ի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը հերթական անգամ աչքի է ընկել պաշտոնյային ոչ հարիր վարքագծով:
«Հարգելի բարերարներ, «ձեր ձևով»-ը սա է:
«Ձեր ձևով» համերգ կազմակերպելու փոխարեն ՀԷՑ-ի աշխատակիցների համար մինիմալ պայմաններ ստեղծեիք:
Ներողություն եմ խնդրում ոչ էսթետ նկարների համար, բայց սա է իրականությունը»,- գրել է Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի՝ Գյումրու մասնաճյուղ գործուղված նորաթուխ «էներգետիկը»՝ գրառմանը կցելով երկու լուսանկար:
Քաղաքացիները գրառման ներքո մեկնաբանություններ են թողել, որոնք, բնականաբար, Սարիկ Մինասյանի սրտով չեն եղել, և որոնք ցույց են տալիս մարդկանց վերաբերմունքը տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:
Սարիկ Մինասյանը, սակայն, դրանք ջնջելու փոխարեն, ինչպես անում են իր թիմակիցներից շատերը, հերթական անգամ սկսել է «բազար» անել օգտատերերի հետ:
«Լավ չե՞ս, ձեր զուգարանն է, են որ սպասում եք ընտրությունները մոտենա ու «պապաներդ» փողեր տան կպցնեք, այ էդ «պապաներիդ» պահած զուգարանն է։ Ամեն դեպքում ք-ի մեջ ես, քո նմաններն էլ հետդ»,- օգտատիրոջ դիտարկմանը՝ «Մենակ չասես, որ ՀԷՑ-ի զուգարաններն են», պատասխանել է Սարիկ Մինասյանը, ապա հավելել՝ «Levon Mnacakanyan երբ ես խոպանը թարգե վերադարձել Հայաստան տղավարի կգրես, մեկ է հանդիպելու ես ու դեմս ամաչես, թե հիմա խաղաղ է, տղեդ՝ Աստված պահապան, անփորձանք ծառայում է, հավայի դուս ես տալիս։ Ամեն դեպքում արժանապատվությունն ու տղա էղնելը լավ բան է»:
Մեկ այլ օգտատիրոջ էլ, ով ռուսերեն տառերով էր մեկնաբանություն թողել, Սարիկ Մինասյանը խորհուրդ է տալիս հայերեն գրել, և երբ վերջինս ասում է՝ չունի հայերեն տառեր ու ներբեռնել չի լինում, Սարիկ Մինասյանը պատասխանում է՝ «Ուրեմն մի գրի, ու թրքասերն էլ, ադրբեջանապաշտն էլ դու ես, դու ես իրանց հետ հաց կերել, առողջ եղեք»:
168.am-ն ուսումնասիրեց օգտատիրոջ ֆեյսբուքյան էջը. դատելով դրանից՝ օգտատերը արցախցի մեր հայրենակիցն է, և Սարիկ Մինասյանը, շատ լավ իմանալով դա, փաստորեն թիրախավորել է իրենց իսկ իշխանության ու իր քաղաքական թիմի ու նրա առաջնորդի գործուն ջանքերով անտուն ու անհայրենիք մնացած մեր հայրենակցին, մինչդեռ տեսախցիկների առաջ Արցախը հանձնողներին էր փնտրում:
Եվ չմոռանանք վերջինիս սկանդալային նախադասությունը՝ «Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում…»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սարիկ Մինասյանը սկսում է կռվել իր գրառումների ներքո մեկնաբանություն թողնողների հետ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ մի կնոջ էր սպառնացել՝ նրանից պահանջելով ամուսու կամ եղբոր հեռախոսահամարները, որ տիկնոջ գրառման պատասխանը նրանցից ստանա:
Սարիկ Մինասյանին հերթական անգամ թերևս պետք է հիշեցնել՝ անհարիր բառապաշարը հանրային դարձնելը Հայաստանում թրենդային է՝ սկսած 2018թ. ապրիլից, իր շեֆ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն են համացանցային գարշախոսության առաջամարտիկները, իսկ ինքը հանրային պաշտոն է զբաղեցնում, և դա իր ընտրությունն է՝ դրանից բխող ոչ այնքան հաճելի հետևանքներով: