Թուրք դեսպանի անբովանդակ այցը Հայաստան ու Հաքան Ֆիդանի անկեղծությունը․ ի՞նչ սպասել բանագնացների 6-րդ հանդիպումից հետո

Նախօրեին ավարտվեց հայ-թուրքական կարգավորման գործընթացի թուրք բանագնաց, դեսպան Սերդար Քըլըչի՝ ՀՀ իշխանությունների կողմից այդքան PR-ված այցը Հայաստան։

Այցի արդյունքներով ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կայացել է Ռուբինյան-Քըլըչ բանագնացների վեցերորդ հանդիպումը Երևանում։

«Այս հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Հատուկ ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Կարդացեք նաև

Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես  բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև»,- ասված էր հաղորդագրությունում։ Ինչպես և ակնկալվում էր, բանագնացները նախորդ պայմանավորվածություններն իրագործելու շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերեցին, դրանց իրականացման հստակ ժամկետների շուրջ համաձայնության չեկան, հայ-թուրքական սահմանի բացման մասին որևէ խոսք չկա հաղորդագրությունում։

Ի դեպ, զուգահեռաբար և ոչ պատահականորեն Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն անկեղծ հայտարարություն է արել՝ նշելով, թե Վաշինգտոնում վերջնական ստորագրությունները դեռևս չեն արվել, և նրանք ակնկալում են խաղաղության համաձայնագրի ստորագրումը հաջորդ տարվա առաջին կեսին։ «Հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի վերջնական համաձայնագիրը, մենք նույնպես արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Ֆիդանը, ըստ էության կրկնելով այն, ինչ բազմիցս նաև Էրդողանն է հայտարարել։

Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168am-ի հետ զրույցում ասաց, որ բանակցությունների այս ձևաչափը վերածվել է ժողովրդական դիվանագիտության հարթակի, որի շրջանակում հանդիպումները ծառայում են կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

Ըստ նրա, նման հարթակներում սովորաբար կողմերը պարզապես քննարկումներ են ունենում, ծանոթանում միմյանց դիրքորոշումներին, փորձում դրանք մոտեցնել, սակայն առանց քաղաքական որոշումների կայացման հնարավորության, քանի որ դրանցում սովորաբար ներառված են լինում փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

«Այս դեպքում բանակցում են քաղաքական գործիչներ, ունեցել են վեց հանդիպում՝ առանց որևէ առաջընթացի, այն դեպքում, երբ 2022 թվականին կողմերը հասել են կարևոր պայմանավորվածությունների, սակայն արդեն երրորդ տարին է՝ չի հաջողվում դրանք իրագործել, այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մտել գործնական փուլ, քանի որ կան ակնհայտ նախապայմաններ։

Հետաքրքիր է նաև այն, որ հաղորդագրությունում նշվում է առանց նախապայմանների կարգավորման մասին, այն դեպքում, երբ և՛ Երևանը, և՛ Անկարան գիտեն, որ նախապայմաններ կան, և հենց դրանց պատճառով է, որ գործընթացը փակուղի է մտել, ուստի բանակցողները գոնե հանդիպում են ցույց տալու համար, որ գործընթաց կա»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը։

Ըստ նրա, տեղի ունեցողի ողջ տրամաբանությունը ներկայացնում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան ֆիդանը՝ հրապարակայնորեն հայտարարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայմանը՝ Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրում, ըստ էության, ակնարկելով բանագնացների հանդիպումների, բանակցությունների ու ձեռք բերված պայմանավորվությունների անիմաստության մասին։

«Ինչո՞ւ են նրանք բանակցել, պայմանավորվել՝ ինչ-որ հարցերում ունենալ առաջընթաց, և այդ առաջընթացը չկա, իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը հստակ նշում է՝ երբ սպասել առաջընթաց։ ՀՀ իշխանությունները սա գիտեն, ընդունել են ու շարունակում են՝ ընդունելով այդ նախապայմանները։ Դա՛ է պատճառը, որ թուրք պաշտոնյաները երբեմն նաև գովերգում են հայկական կողմին, որովհետև գործընթացը բխում է Թուրքիայի, Ադրբեջանի շահերից, թյուրքական աշխարհի համար չափազանց կարևոր է հաղորդակցությունը Սյունիքով, որն էլ ստանում են։

Սակայն առավելագույնը, ինչ այս փուլում կարող են անել, բանագնացի անլուրջ այցը ՀՀ կազմակերպելն է»,- ասաց Անդրեյ Արեշևը։

Վերլուծաբանի դիտարկմամբ, այս դեպքում պետք է հիմք ընդունել Էրդողանի ու Ֆիդանի հայտարարությունները։

«Հենց այդ տրամաբանությամբ է թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ առաջ շարժվում՝ առաջնորդվելով բացառապես թուրք-ադրբեջանական շահով»,- նկատեց Անդրեյ Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս