
«Սա մանկուրտիզմ է. Փաշինյանը պոպուլիզմի գուրուն և դեմագոգիայի զրադաշտն է». Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն ու ճշմարտությունն իրար հետ որևէ աղերս չունեն:
««Թրամփի կածանի» հետ կապված վերջին օրերին ամբողջ թիմը կուրծք է ծեծում, թե՝ ինքնիշխանություն, սուվերեն տարածք, սակայն, ինչքան էլ բարբաջեն այս թեզերի մասին, միևնույն է, կա գետնի վրա մի իրողություն, երբ ադրբեջանցին անցնելու է ՀՀ սուվերեն տարածքով, և նրանց շարժի վերահսկողությունը հայկական կողմից չի լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ նրա՝ Փաշինյանը տեղյակ էլ չէ «միջանցքի» մանրամասներից. «Նրան ոչինչ չեն ասել, բայց քանի որ ինքը պոպուլիզմի գուրուն և դեմագոգիայի զրադաշտն է, ինքը պատասխանելու խնդիր չունի: Ինքն այս թեմայով ասում է, որ կդնենք սարքեր: Նիկոլենք խոսույթ ունեն, որ փորձում են ցույց տալ, թե քնեցինք արթնացանք, էլ թշնամանք չկա, փորձում են ցույց տալ, թե թուրքերն անուշ ախպերներ են, մոռանանք այն, ինչ եղել է: Օվերտոնի պատուհանը բացել են, և արդեն բաց տեքստով ասում են՝ առևտուր կանենք: Սպիտակ եղեռն հասկացությունն այսօր կիրառում են փափուկ ուժով»:
Քաղաքագետի խոսքով՝ բացի հայերից, Նիկոլ Փաշինյանը բոլորին ձեռնտու է. «Հարևանների հետ պատերազմի կողմնակից չեմ, բայց արժանապատվություն կա: Եթե քեզ նվաստացրել, ստորացրել են, ոտքերը վրայովդ մաքրել անցել են, հիմա քեզ փորձում են օգտագործել հնարավոր բոլոր տարբերակներով, իսկ նա ունի Ադրբեջանի պահանջները մատուցելու հստակ ձև: Ժողովրդին փորձում է համոզել, թե նստել, երկնել են այդ գաղափարները»:
Նա նկատեց՝ իշխանությունները խոսում են ժողովրդավարության բաստիոնից, բայց «Նապոլեոնն» ինչ ասում է, մնացածի ասածներն էլ էական չեն. «Սա մանկուրտիզմ է: Մենք ունենք էլիտար մանկուրտներ, այսինքն՝ անհիշողություն, անէություն մի կերպար, որին ցանկացած կերպ կարող ես կառավարել: Այս օրերին լղոզում էին, թե իրենք կառավարության անդամներ են, բնականաբար ընդունում են, որ կառավարության գլուխը Փաշինյանն է: Այսինքն՝ եթե կառավարության անդամ ես, չունես տեսակե՞տ: Սա «փրկչական» իշխանություն է, որտեղ նարատիվները դրվում են աստվածաշնչյան ճշմարտությունների սկզբունքով: Ըստ ՔՊ-ի՝ Նիկոլի գործերը քննելի չեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում