Բաժիններ՝

Կիև են ժամանել Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսկին և արքայազն Հարրին

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և արքայազն Հարրին ժամանել են Կիև։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։

«Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին սկսել է իր այցն Ուկրաինա։ Կիևի երկաթուղային կայարանում նրան դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան», – հայտնել են Լեհաստանի ԱԳՆ-ում։

Կիև չհայտարարված այց է կատարել նաև արքայազն Հարրին։ The Guardian-ի տվյալներով՝ արքայազնին և Invictus Games հիմնադրամից նրա թիմին Կիև են հրավիրել վիրավորներին աջակցելու նոր նախաձեռնությունները քննարկելու համար։

Հայտնի է, որ ուղևորության ընթացքում արքայազնը կայցելի Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության ազգային թանգարան։ Սպասվում է, որ նա հանդիպում կունենա 200 վետերանների հետ, որոնք նույնպես հրավիրված են։ Նա նաև կհանդիպի Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ։

Արքայազն Հարրին նշել է, որ ցանկանում է «հնարավոր ամեն բան» անել, որպեսզի օգնի ծանր վիրավորված հազարավոր զինծառայողների ապաքինմանը։

«Մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը, բայց կարող ենք հնարավոր ամեն բան անել վերականգնման գործընթացին նպաստելու համար», – ասել է արքայազն Հարրին։

Սասեքսի դուքսը հավելել է, որ սկզբում իրեն Կիև է հրավիրել Օլգա Ռուդնևան, որը Լվովում գտնվող Superhumans կենտրոնի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։Նաև սեպտեմբերի 11-ին Կիև է ժամանել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Այցի ընթացքում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Բացի այդ, սեպտեմբերի 11-ին հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի՝ Ուկրաինա կատարած այցի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս