«Այս մարդկանց լույսն էլ պետք է կտրեն, ջուրն ու հացն էլ՝ հետը. պատվախնդրություն չունեն. այսպես կարելի՞ էր մոռանալ տղաների ավանդը». Աշոտ Հարությունյան

Վերջին 2 ամիսների ընթացքում հանրության շրջանում ավելի են մեծացել  դժգոհությունները՝ կապված «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքի հետ, քանի որ ամռան շոգ օրերին մարդիկ օրերով զրկված են խմելու ջրից։

Մարդիկ դժգհում են, որ իշխանությունները որևէ բան չեն անում ընկերության աշխատանքը կարգավորելու համար, մինչդեռ, երբ էլեկտրաէներգիայի անջատումներ էին տեղի ունենում, իշխանությունը շտապ որոշեց ՀԷՑ-ի ապօրինի պետականացման գործընթաց սկսել՝ մեղադրելով ընկերությանը, թե հանրությանը «վնաս է պատճառում»։

Վերջերս Կառավարության նիստից հետո լրագրողները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանից հետաքրքրվեցին,  թե ի՞նչ են անում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքը կարգավորելու համար։

Նա ևս ասաց, որ ջրանջատումների հետ կապված դժգոհություններն ահագնացող են։ «Դրանք ունեն սեզոնային բնույթ, այդ գործընթացում ընկերությունն ունի իր մեղքի բավականին լուրջ բաժինը, ինչի հետ կապված՝ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ աշխատում է և կատարում է համապատասխան գործողություններ՝ կանխարգելելու այդ ամենը»,- նշել էր Մեսրոպ Մեսրոպյանը։

Կարդացեք նաև

Չնայած Մեսրոպ Մեսրոպյանի պնդումներին՝ մարդիկ շարունակում են դժգոհել ամենօրյա ջրանջատումներից։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված ընդհանուր իրավիճակի վերաբերյալ տված իր մեկնաբանությունը, գուցե զարմանալի լինի բոլորի համար, քանի որ ժողովրդի անտարբերության վրա այնքան է զարմացած, որ՝ երկիրն ամբողջովին կորցնում են, սակայն և՛ վերևների, և՛ ներքևների համար միևնույն է։

«Հիմա այս մարդկանց լույսն էլ պետք է կտրեն, ջուրն ու հացն էլ՝ հետը, որովհետև պատվախնդրություն չունեն։

Այդքան տղերքը 90-ականներից մինչև այսօր գնացին, իրենց կյանքը տվեցին ազգի պատիվը բարձր պահելու համար։ Շատերը զրկվեցին իրենց առողջությունից, ունենք հաշմանդամություն ունեցող շատ տղերք, որբ երեխաներ կան, այսպես կարելի՞ էր մոռանալ այդ մարդկանց ավանդը։

Թե չէ՝ «Վեոլիա ջուր», և այլն, դրանք երկրորդական են, որովհետև մենք առանց լույսի ու ջրի էլ ենք ապրել, բայց ունեինք պատիվ ու արժանապատվություն։ Ուզում է՝ այսօր ոսկե սրվակներից ջուր խմեն, ուզում է՝ ոսկե խողովակներով ջուր բերեն, ինձ համար գրոշի արժեք չունի»,- 168.amի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։

Ըստ նրա, այսօր գրեթե բոլոր ոլորտներում ծանր վիճակ է, գյուղացու բերքն էլ այնտեղ է փչանում, չեն կարողանում իրացնել, տեղի են ունենում տեղային ըմբոստացումներ, որոնք լինում են փողի ու եկամտի համար։

«Այսօր դրված է երկրի լինել-չլինելու հարցը, երկրի ղեկավարությունը Սյունիքում կանգնել, ժողովրդին ասում է՝ «Սյունիքի դարպասը բացեք», ու այդ ասողը ողջ-առողջ Սյունիքից գալիս է Երևան։

Ոչ մի զարգացում էլ չկա, հիմա պատվարը փլվել է, հեղեղը սկսվել է ու ավերում է  ամեն ինչ, հեղեղն իր հետ ամեն ինչ բերում, սրբում ու տանում է։ Խելոք մարդն այդ հեղեղին դեմ չի գնա, կխեղդվի, խելոք մարդը պետք է կողքի կանգնի, մինչև հեղեղն անցնի, ու երկիրն այս վիճակից հանի։

Ինքս ծանր սթրեսի մեջ եմ, չեմ ուզում որևէ բան խոսել, ուզում եմ միայն գնալ «Եռաբլուր»՝ տղաների շիրիմների մոտ և մարդկանցից հեռու»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը՝ նշելով, որ ամեն ինչ արդեն դրել է Աստծո հույսին։

Տեսանյութեր

Լրահոս