«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ինձ տխրեցեց, զարմացրեց». Հովհաննես Իգիթյան

Նախկին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նորաստեղծ ՀՀՇ-ին՝ ասաց, որ չի կարող ենթադրել, թե ինչպես կզարգանա կուսակցությունը: «ՀԱԿ կուսակցության մեջ ես չեմ տեղավորվում: ՀՀՇ-ի վերջին համագումարին, երբ ինձ անգամ մինչև վերջ ելույթ ունենալ թույլ չտվեցին՝ տեղից խանգարում էին… Քսենոֆոբիան, անհանդուժողականությունը այլ կարծիք ունենալու հանդեպ, մի ուժում, որն իրեն ժողովրդավար է ներկայացնում, ինձ համար անընդունելի է: Ես իմ ասելիքը ստիպված եմ եղել մամուլի միջոցով ներկայացնել: Երբեք ՀՀՇ-ում չի եղել, որ ներկայացնեն մի ցուցակ, որ վարչություն ընտրեն: Մեր մոտեցումը կոլեգիալ է: Չեմ ուզում՝ մտածեք, որ մենք դա անում ենք զուտ ՀՀՇ անունն ունենալու համար: Եթե մի քիչ խորությամբ նայենք հարցին՝ մենք կներկայացնենք քաղաքական, տնտեսական, սոցիալական բլոկ»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀՇ վերջին համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատակնները արդարացի՞ էին ՀՀՇ-ի նկատմամբ, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ցանկացած մարդ իրավունք ունի ունենալ իր կարծիքը: Ես համաձայն չեմ այդ կարծիքին: Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ինձ տխրեցեց, զարմացրեց: Միայն այն, որ իր գնահատականներից հետո, երբ ինքն ասում էր դուք գեղական կլուբ եք եղել, որ ՀՀՇ անվան հանդեպ ալերգիա կա, մեծ մասը հոտնկայս ծափահարում էր, ինձ զարմացրեց: Իսկ այս մարդիկ հետագայում հրաժարվեցին անցյալից ու անունից: Կուսակցությունը բացթողումներ, սև էջէր ուներ, բայց դա պատմություն է՝ դու չես կարող հրաժարվել: Եթե պատմական ձևով նայենք այս ամենին, մենք կարող ենք ամեն ժամանակաշրջանի անելիքը բացատրենք, և ոչ թե մեղադրենք: Երկար կլինի բացատրել, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի հանդեպ ուներ որոշ բացասական մոտեցում:  Ինձ թվում է, որ պետք է ստեղծվեր նոր կուսակցություն, ու պետք է լիներ այնպես, ՀՀՇ-ականները չըմբոստանային: Եթե պրոցեսը նայեք, այն մարդիկ, ովքեր կարող էին իրենց կարծիքն ունենալ, արդեն դուրս էին մղված: Լևոն Տեր-Պետրոսյանը գաղափարական «վոժդ» է, նա խարիզմատիկ մարդ է, ու շատ հաճախ նրան վստահում էին կուրորեն, ինչը նորմալ էր՝ նա խարիզմատիկ լիդեր էր։ Բայց մյուսները իրավունք ունեն չհամաձայնել նրա հետ: Եթե մեկը համաձայն չէ կարծիքի հետ, փորձում են ասել՝ նայեք՝ վատն է, որովհետև համաձայն չէ, համաձայն չէ, որովհետև վատն է»:

Տեսանյութեր

Լրահոս