
«Եթե Փաշինյանն Էջմիածնում հանրահավաք իրականացնի, դա հաստատ բերելու է բախումների». Հարութ Ուլոյան
Հրապարակախոս Հարութ Ուլոյանն այն կարծիքին է, որ Եկեղեցու դեմ արշավում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը քաղաքական է՝ Եկեղեցին հնազանդեցնել:
«Եթե Եկեղեցու ներկայիս վերնախավը՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, այսպես ասած՝ երդում տար, որ սպասարկելու է նրա շահերը, հաստատ նման խնդիր չէր ծագի: Պարզ է, որ դա առաջացել է հակասություններից, հատկապես՝ պատերազմից հետո: Մինչ իր վերջին գրառումը, եթե հայտարարում էր, որ անձի խնդիր է, կա կուսակրոնության խնդիր, հիմա արդեն բացահայտ խոստովանում է, որ Եկեղեցու վերնախավի հետ է խնդիրը: Բացի այդ, այդտեղ շատ հատկանշական բան կա. նա ասում է, որ Կաթողիկոսին հեռացնելուց հետո տեղապահ պետք է նշանակել ամուսնացյալ քահանայի, ինչը նշանակում է, որ նա կուսակրոնության թեման մեջտեղից հանում է, այսինքն՝ չի հավատում, որ այնտեղ որևէ մեկը կուսակրոն է: Հետո նշում է, որ կանոնագրքերը պետք է խմբագրել, հետո նոր կաթողիկոս ընտրել, ինչը նշանակում է, որ կուսակրոնության թեման կանոնագրքերից դուրս է բերելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով հոգևորականների վերաբերյալ իշխանական շրջանակների կողմից հնչող մեղադրանքներին, թե՝ նրանք գործակալներ են, Հարութ Ուլոյանը նկատեց, որ Փաշինյանն էլ է սկսել այդ մասին խոսել, ինչն իրավական խնդիր է առաջացնում. «Որպես պետություն ներկայացնող ամենաբարձր պաշտոնյա՝ նա չի կարող ենթադրություններով մարդկանց փոխել կամ մեղադրանքներ ներկայացնել: Գործակալ լինելն ազգի դավաճանության մեղադրանք է, ըստ էության, և եթե փաստեր ունի, պետք է իրավական գործընթաց սկսի, ոչ թե իրեն պահի որպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, «Հայկական ժամանակ»-ում հոդվածներ գրի: Իր նշած այդ հանրահավաքն էլ, որ պետք է իրականացնի Էջմիածնում, ասում է՝ պետք է գնանք ազատենք Վեհարանը, բայց թե իրավական ինչ մեխանիզմներով, ոչինչ չկա, զուտ քաղաքական արշավ է սկսել՝ եկեղեցին հնազանդեցնելու»:
Նա հարց ուղղեց՝ Նիկոլ Փաշինյանի կամ նրա արբանյակների համար կա՞ ինչ-որ ընդդիմադիր, որը «գործակալ» չէ. «Ըստ իրենց՝ բոլորը ռուսական գործակալ են. ով Նիկոլ Փաշինյանին քննադատում է, ռուսական գործակալ է: Իրենց քարոզչական թեզն այն է, որ որևէ քաղաքացի չի կարող Նիկոլ Փաշինյանին քննադատել, ընդդիմադիր լինի նրան, եթե ընդդիմադիր է, ուրեմն՝ գործակալ է: Ըստ իրենց՝ Փաշինյանից բոլորը գոհ, երջանիկ են, ամեն օր աղոթում են Փաշինյանի համար, և ով դժգոհ է, ռուսական գործակալ է»:
Նրա դիտարկմամբ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հայտարարությունների հիմնական ուղերձները երկուսն էին. «Առաջին՝ Փաշինյանին ուղղված կոչ էր, որ Եկեղեցու դեմ արշավում իրեն ավելի զուսպ պահի: Երկրորդ՝ եթե նույնիսկ Փաշինյանը չլսի և շարունակի իր արշավը, ժողովրդին էր կոչ ուղղում՝ ոչ մի պատրվակով չմասնակցեն այդ հանրահավաքին: Իմ պատկերացմամբ, եթե նույնիսկ Եկեղեցին կոչով դիմի ժողովրդին, որ Եկեղեցու աջակիցները հանկարծ չհավաքվեն կոնֆլիկտ չլինելու պատճառով, ես վստահ եմ՝ բազմաթիվ մարդիկ գնալու են Էջմիածին, և ես չեմ պատկերացնում՝ ոնց են կառավարելու այդ ամենը: Անհնար է լինելու բախումներից խուսափելը: Եթե Փաշինյանն Էջմիածնում հանրահավաք իրականացնի, դա հաստատ բերելու է բախումների»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում