«Ազգայնացումը» ՀԷՑ-ը խլելու բացահայտ փորձ է, որը թանկ է նստելու բոլորիս վրա

«Ժողովրդավարական բաստիոն» հռչակված Հայաստանում քաղաքացիական դիրքորոշում հայտնելն էլ է դարձել վտանգավոր։

Իշխանության քաղաքական գծից դուրս դիրքորոշում հայտնելու համար բացահայտ քաղաքական ու տնտեսական տեռոր են իրականացնում, բռնաճնշումներով փորձում են ահաբեկել ու վախեցնել, հարձակվում են բիզնեսի վրա։

Այն բանից հետո, երբ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, ով տասնյակ տարիներ դրսում աշխատած փողերով մեծաքանակ ներդրումներ է կատարել Հայաստանում ու Արցախում, ստեղծել աշխատատեղեր, իրականացրել բազմաթիվ բիզնես ու բարեգործական ծրագրեր, օգնել ու աջակցել հազարավոր ընտանիքների, հայտարարեց հայ ժողովրդի ու եկեղեցու կողքին կանգնելու մասին, ՔՊ-ական ոհմակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցավ բացահայտ շանտաժի ու բռնաճնշումների՝ պետական համակարգը հանելով գործարարի դեմ։

Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իշխանության քմահաճույքները լռելյայն կատարող իրավապահներով ոչ միայն շրջափակեցին գործարարի տունը, ձերբակալեցին ու քրեական գործ կարեցին, այլև հարձակվեցին նրա բիզնեսի վրա։

Կարդացեք նաև

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը, ում գերագույն արժանիքը Նիկոլ Փաշինյանի հրահանգներն անխոս կատարելն է՝ Ազգային ժողովի ամբիոնից սպառնաց խլել գործարարին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Հետո նրա ասածներն ամրապնդեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ եկել է ժամանակը՝ ազգայնացնելու ՀԷՑ-ը։ Գործարարի կողմից եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո, հիշեցին, որ ընկերությունը հազարավոր քաղաքացիների նկատմամբ «չի կատարում իր պարտականությունները» ու պիտի պատժվի դրա համար։

Թե ի՞նչ իրավական հիմքով են պատրաստվում ազգայնացնել ուրիշի սեփականությունը, հայտնի չէ։ Բայց դա հեշտ չեն մարսելու՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ՀԷՑ-ը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում, ու եթե չի կատարել իր պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ, մեղավորն առաջին հերթին ՀԾԿՀ-ն է։ Հանձնաժողովն է պարտավոր պատասխան տալ դրա համար։ Հանձնաժողովից պատասխան պահանջելու փոխարեն՝ քաղաքական նպատակներով որոշել են պատժել սեփականատիրոջը։

Սա իսկական ռումբ է լինելու՝ դրված երկրի ու տնտեսության տակ։ Այն, ինչ մտադիր են անել, ոչ թե ազգայնացում է, այլ քաղաքական շարժառիթներով բիզնեսը խլելու փորձ ու սեփականության վերաբաշխում։ Հետագայում բոլորս ենք պատասխան տալու դրա համար։ Այդ ամենի հետևանքները պետությունն է կրելու և ոչ թե՝ այսօրվա արկածախնդիրների իշխանությունը։

Թե այսպիսի սպառնալիքները բիզնեսի, այն էլ՝ խոշոր բիզնեսի ու դրա սեփականատիրոջ հասցեին, ի՞նչ են նշանակում երկրի համար, դժվար չէ պատկերացնել։ Այն ուղղակի հարված է երկրի իմիջին, տնտեսությանն ու ներդրումներին։ Դա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական իշխանությունը թքած ունեն մեր երկրում սեփականության իրավունքի պաշտպանության վրա։ Սեփականատերերը բացարձակ անպաշտպան են ու ցանկացած պահի կարող են ենթարկվել իշխանությունների կամայականություններին։ Կուզենան՝ կբռնեն, կճնշեն, կնստեցնեն, քրեական գործեր կհարուցեն ու բիզնեսը կխլեն։

Խնդիրը բոլորովին էլ Սամվել Կարապետյանը կամ նրա բիզնեսը չէ, խնդիրը նման անպատասխանատու հայտարարություններով ու քայլերով տնտեսության ու ներդրումային միջավայրը վտանգելու, պետությանը հարվածի տակ դնելու մեջ է։

Առաջին անգամ չէ, որ քաղաքական իշխանությունն իր անպատասխանատու վարքագծով՝ վնասում է երկրի ներդրումային հեղինակությանն ու ներդրումային միջավայրին։ Առանց այդ էլ՝ ներդրումների առումով մի մխիթարական վիճակում չենք։ Մի կողմից՝ անվտանգային խնդիրներն են Հայաստանը դարձրել ոչ գրավիչ ներդրողների համար, մյուս կողմից էլ՝ իշխանություններն են իրենց պահվածքով խնդիրներ ստեղծում։

Ժամանակին նույն ջանասիրությամբ վտանգեցին Ամուլսարի ծրագիրը։ Թե դրա հետևանքով ինչքա՞ն ներդրումներ չստացվեցին ու ինչքա՞ն ներդրումներ լքեցին երկիրը, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Բայց որ այդ գործողություններով հսկայական վնասներ հասցրեցին պետությանը, միանշանակ է։ Ծրագրի իրականացումը 6 տարով հետ գցեցին։ Այն օգուտները, որոնք պիտի երկիրը ստանար այդ 6 տարվա ընթացքում, այդպես էլ չստացվեցին։ Ավելին, պետությունը ստիպված եղավ միլիոնավոր դոլարների երաշխիք տրամադրել, որպեսզի ծրագրի իրականացման համար վարկային միջոցներ ներգրավվեն։

Երաշխիքներ տրամադրելով՝ քաղաքական իշխանությունը պետությանը դրեց վարկային բեռի տակ, ու եթե այնպես ստացվի, որ ընկերությունը չկարողանա այն վերադարձնել, ստիպված է լինելու վերադարձնել պետությունը։

Այս ամենի պատճառն այն էր, որ տնտեսական հարցերը փորձում էին տեղավորել քաղաքական նպատակահարմարությունների մեջ։ Այնպես, ինչպես հիմա են փորձում են անել։ Նախկին արածները չմարսած, նորն են անում։ Այդքանից հետո բոլորովին զարմանալի չէ, որ իշխանությունների անպատասխանատու վարքագծի պատճառով այսօր միջազգային արբիտրաժային դատարաններում բազմաթիվ գործեր են կախված Հայաստանի գլխին՝ միլիարդավոր դոլարների հասնող հայցապահանջներով։

Դատական միայն պրոցեսների մասնակցության համար տարեկան հարյուր-հազարավոր դոլարներ են վճարում պետական բյուջեից։ Բայց անգամ դա խրատ չի լինում այս մարդկանց համար։ Ամեն անգամ մի անհեթեթություն են անում՝ առանց երկրի ու տնտեսության վրա դրա հետևանքները հաշվի առնելու։

Եթե տեղի ունենա այն, ինչ հայտարարում են, դա կլինի ամենամեծ հարվածը, որը երբևէ հասցրել են տնտեսությանն ու ներդրումներին։ Ոչ մի խելքը գլխին գործարար ներդրումներ չի անի մի երկրում, որտեղ բիզնեսը, առավել ևս՝ խոշոր բիզնեսը ենթարկվում է քաղաքական ճնշումների, որտեղ քաղաքական շարժառիթներով իշխանությունը խլում է գործարարի սեփականությունը, որտեղ ներդրումները պաշտպանված չեն, չեն գործում բիզնեսի պաշտպանության տարրական կանոնները։ Բայց սա այն է, ինչին բախվել է Հայաստանը՝ քաղաքական իշխանության կամայականությունների հետևանքով։

ՀԷՑ-ի ազգայնացման արդյունքում ունենալու ենք ոչ միայն բիզնես միջավայրի կտրուկ վատացում, ներդրումների սառեցում ու կապիտալի արտահոսք, այլև կանգնելու ենք ֆինանսական լուրջ ռիսկերի առաջ։

Սրանով ոչ թե Սամվել Կարապետյանին են վատություն անում, այլ պետությանն ու ժողովրդին։ Միշտ էլ կարելի է գնալ ազգայնացման, բայց պետք է պատրաստ լինել վճարել այն գինը, որը առաջանալու է դրա հետևանքով։ ՀԷՑ-ի ազգայնացումը գուցե գայթակղիչ է հնչում շատերի համար, բայց այն, ինչ արվում է ազգայնացման անվան տակ՝ սեփականությունը խլելու բացահայտ փորձ է, որը թանկ է նստելու պետության վրա ու հանգեցնելու է մեծածավալ ֆինանսական փոխհատուցման, ինչի մասին հիմա գերադասում են չխոսել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս