Արավուսի ուղղությամբ տեղի ունեցածը զարմանալի չէ, նույնիսկ տեղի ժողովուրդն է հարցադրում անում՝ ներկա ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչի՞ վրա է հույսը դրել. Շիրազ Խաչատրյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել է, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ Սյունիքի ո՞ր հատվածում է հատկապես սուր գերի ընկնելու կամ Ադրբեջանի տարածքում հայտնվելու վտանգը, ինչո՞ւ չէ՝ նաև այլ մարզերում:
«Արավուսի ուղղությամբ տեղի ունեցածը, ճիշտն ասած, զարմանալի չէ։ Ով եղել է Սյունիքում, հատկապես մարզի հարավ-արևելյան հատվածներում, հստակ կհասկանա՝ ինչի մասին է խոսքը։ Նույնիսկ թույլատրելիի սահմաններում դժվար է ամբողջությամբ ներկայացնել սահմանային իրական պատկերը և այնտեղ տիրող իրավիճակը։ Նման վտանգների մասին բազմիցս խոսել ենք մեր ներքին քննարկումների ժամանակ։ Նույնիսկ տեղի ժողովուրդն է հարցադրում անում՝ ներկա ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչի՞ վրա է հույսը դրել, երբ որոշ հատվածներում իրականացվել է, այսպես ասած, դելիմիտացիա, և դրանից հետո կարծես թե արդարացնում է զգոնության թուլացումը։
Այնինչ պետք է հակառակը լիներ՝ հատկապես «կարգավորված» այդ հատվածները կարող են դառնալ թշնամու սադրանքների թիրախ։
Խաղաղություն են անվանել այդ գործընթացը և հանգիստ նստել, իբր ամեն բան կարգին է։
Մինչդեռ մեր դիմաց «նստած» կողմը՝ Ադրբեջանը, ամեն պահի պատրաստ է սադրանքի: Այսինքն, երբ ցանկանա որևէ «թեմա» բարձր գնի դիմաց պարտադրել հայկական կողմին, կգտնի նաև ամենակեղտոտ ճանապարհները, մեթոդները՝ դրան հասնելու համար։
Մյուս կողմից, յուրաքանչյուր միջադեպ չէ, որ կարելի է դիտարկել՝ որպես ուղղակի դավադրություն, բայց ակնհայտ է՝ սահմանամերձ տարածքներում պաշտպանունակության պակասը և տեղեկատվական վակուումը լուրջ սպառնալիք են անվտանգությանը։ Եվ հատկապես այն պարագայում, երբ տեղում ապրող բնակչությունն իրազեկված չէ՝ ո՛չ անվտանգության ընթացակարգերից, ո՛չ էլ իրավիճակի զարգացման հնարավոր սցենարներից»,- մանրամասնեց նա:
Ի դեպ, այս տարվա ապրիլին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանն ավելի հեռուն է գնացել և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «վտանգավորության» մասին իր պնդումների համատեքստում փորձել է «հիմնավորում» գտնել խաղաղ բնակչության, երեխաների հնարավոր թիրախավորման համար, օգտագործելով, մասնավորապես, Վայոց ձորի և Տավուշի մարզերում ԵՄ դիտորդների և տեղի երեխաների հետ հանդիպումների փաստն ու լուսանկարները:




