Բաժիններ՝

2 կգ սերմնահեղուկը դարձավ 2 միլիգրա՞մ

Օրերս ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր մտահոգությունն էր արտահայտել Հայաստան ներմուծված սերմնահեղուկի վերաբերյալ:

Նա նախարարին հորդորել էր ուսումնասիրել՝ արդյոք անվտա՞նգ է այդ երևույթը, թե՞ ոչ: Հարցը բարձրացնելուց հետո ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացրել էր, որ 2011թ. ընթացքում Հայաստան է ներմուծվել 2 կգ սերմահեղուկ՜ 98.552 դրամ մաքսային արժեքով:

ՊԵԿ-ը նշել էր նաև, որ սերմնահեղուկի նշված խմբաքանակի ծագման երկիրը Ավստրալիան է, սակայն այն Հայաստան ներմուծվել էր Մեծ Բրիտանիայից: ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2011-ից մինչ օրս Հայաստան է ներմուծվել միայն սերմնահեղուկի նշված խմբաքանակը: 168.am-ը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանից հետաքրքվեց՝ արդյոք նախարարությունն ուսումնասիրե՞լ է պատգամավորի բարձրացրած հարցը:

Վերջինս նշեց, որ որքան ինքը տեղյակ է՝ խոսքը մեկ դեպքի մասին է, իսկ ներկրված սերմնահեղուկը 2 կգ չի եղել. «Իսրայելից մի կնոջ այստեղ կենտրոններից մեկում բուժման ժամանակ իր ամուսինը սերմ է ուղարկել՝ բուժման նպատակով: Այդ մի դեպքն է եղել, ուրիշ դեպք չենք ունեցել:  2 կգ սերմի մասին խոսակցություն ընդհանրապես չի եղել, սերմի շատ չնչին քանակություն ամուսինն ուղարկել է՝ կնոջ բուժման նպատակով»:

Կարդացեք նաև

Սերգեյ Խաչատրյանը նշեց նաև, որ նախարարության նպատակներից մեկը առողջապահական այնպիսի կենտրոնների ստեղծումն է, որոնք գրավիչ կդառնան այլ երկրների բնակիչների համար, ովքեր կցանկանան այստեղ բուժում ստանալ.

«Դեռ 5 տարի առաջ, երբ մենք այդ ծրագրերը ներկայացնում էինք, նաև վերարտադրողականության կենտրոնն էր. մենք իրոք շեշտադրումներ էինք դնում, որ տարածաշրջանում կան այնպիսի երկրներ, որտեղ այդպիսի ծառայությունները արգելված են, և դա կարող է գրավիչ դառնալ այդ քաղաքացիների համար, օրինակ՝ Իրանում ապրող հայերի համար: Կրոնի տեսակետից այդ ծառայություններն արգելված են, բայց կարող են լինել տասնյակ հայեր, որոնք նման ծառայություններ ստանալու կարիք կունենան, և գրավիչ կարող է դարձնել այստեղ նման ծառայություն ունենալը: Ուրեմն, եթե մենք այդ մարդկանց բերում ենք այստեղ բուժելու, վաղ թե ուշ, նման խնդիրներ ծագելու են: Այսինքն՝ ի՞նչ տարբերություն՝ մարդը գա, այստեղ  հանձնի՞, թե՞ այնտեղ հանձնի՝ ուղարկի: Դրա համար մի փոքր ավելի թեթև պետք է երևի այդ հարցին վերաբերվել: Ողբերգական ինչ-որ բան տեղի չի ունեցել»:

Առողջապահության նախարարի տեղակալն ասաց նաև, որ պետությունը սերմ չի գնում: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում նման երևույթների ներմուծման, արտահանման, վաճառման կարգը կանոնակարգված է.  «Մենք ունենք այդ գիտելիքը, ունենք վերահսկելու կարողությունները, այդ պրոցեսները թափանցիկ են, և կարծում եմ, որ այստեղ անհանգստանալու որևէ բան չկա»:

Ի դեպ, օրերս «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը ևս նշել էր, որ սերմնահեղուկն ուղարկվել էր մի կնոջ ամուսնու կողմից. ըստ նրա՝ ուղարկված սերմնահեղուկը 2 միլիգրամ է եղել, իսկ 2 կիլոգրամը հեղուկ ազոտն է եղել, որի մեջ էլ տեղափոխվել է սերմնահեղուկը:

Նշենք նաև, որ 2013թ. մարտի 7-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր  «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» N 214 որոշումը, որով կանոնակարգված են նաև արհեստական սերմնավորման խնդիրները (արհեստական սերմնավորման ժամանակ կատարվում է սերմնահեղուկի ներարկում արգանդի խոռոչ, արհեստական սերմնավորման փորձերի քանակը որոշում է բժիշկը՝ մեկ տարվա ընթացքում առավելագույն վեց փորձերի հնարավորության պայմանով):

Ըստ որոշման N2 հավելվածի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են բժշկական այն կազմակերպություները, որոնք բժշկական օգնության և սպասարկման «վերարտադրողաբանական» (ռեպրոդուկտոլոգիական)  տեսակով զբաղվելու լիցենզիա ունեն:

Նշված փաստաթղթի համաձայն՝ արհեստական սերմնավորման հնարավոր բարդությունները հետևյալն են՝ ալերգիկ ռեակցիաներ ձվարանների դեղորայքային խթանումից, շոկանման ռեակցիա արգանդի խոռոչ սերմի ներկրման ժամանակ, ձվարանների գերխթանման համախտանիշ, կանանց սեռական օրգանների սուր բորբոքում կամ քրոնիկ բորբոքման սրացում, բազմապտուղ կամ արտարգանդային հղիություն: Արհեստական սերմնավորում կատարելը հակացուցված է, եթե տղամարդու մոտ առկա են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, սուր վարակային հիվանդություններ:

Տարօրինակն այն է այս ողջ պատմության մեջ, որ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները և ՀՀ առողջապահության ոլորտի պատասխանատուների պատասխանները խիստ հակասական են: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ը սխալ տեղեկատվություն հրապարակեր, կամ ինչպե՞ս 2 կգ սերմնահեղուկը դարձավ 2 միլիգրամ: Եվ սա՝ այն դեպքում, երբ պատգամավորի հնչեցրած հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատասխանել էր, թե տեղյակ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս