
#ՀԻՄԱ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ «ՏԱՏԻԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ» ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց Մարտուն Գրիգորյանի կողմնակից գյումրեցի կանանց գործով նախնական դատալսումների փուլը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։
Մեղադրյալներից 71-ամյա Անահիտ Խալաթյանը դատավորի հարցադրումներին ի պատասխան՝ հայտնեց, որ միայնակ է ապրում։ «Առողջական խնդիրներ ունե՞ք» հարցին էլ արձագանքեց՝ իհարկե, ապա հուզմունքով թվարկեց․ «Ուժեղ սթրեսի մեջ, գլխումս ու կրծքավանդակում ուռուցք ունեմ»։
Տիկին Անահիտը տեղեկացրեց՝ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունում է աշխատում․ երկար տարիներ տնօրեն է:
Սարգիս Դադոյանի հարցերին պատասխանելիս գործով մյուս մեղադրյալը՝ 75-ամյա Կիմա Հայրապետյանն էլ հուզվեց․ «Միայնակ եմ, անժառանգ եմ։ 2 տարի առաջ տունս քանդվել է, օդի մեջ եմ մնացել: Սաղ նկարները կան։ Ախպորս եմ պահել, ախպորս կնոջն ու երեխեքին եմ պահել։
Հիմա ոչ մի բանով չեմ զբաղվում։ Գազ չունեմ, լույս չունեմ: Ահավոր վիճակ է վիճակս»։
Նա հավելեց՝ դեղերով է ապրում, բարձր ճնշում ունի, ուղիղ գնալու փոխարեն՝ ձախով է գնում, մինչդեռ դեպքից առաջ առողջ է եղել։
Պաշտպանական կողմը՝ պաշտպաններ Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանը, կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին։
Տիկին Կիման էլ հավելեց․ «Բիլազուկս հանեք, կյանքիդ մեռնեմ, ինձ շատ է խեղդում»: Ըստ մեղադրող դատախազի, սակայն, առանց էլեկտրոնային սարքի՝ պրոբացիայի ծառայության համար անհնար կլինի իրականացնել վարչական վերահսկողություն:
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց անփոփոխ թողնել տարեց կանանց խափանման միջոցը, սակայն որոշ սահմանափակումներում փոփոխություն արեց․ մեղադրյալները շաբաթը մեկ պետք է գրանցվեն պրոբացիայի տարածքային բաժնում և չշփվեն այս գործով մեղադրյալի ու վկաների հետ, ինչպես նաև դատարանը հնարավոր համարեց վարչական հսկողությունը առանց էլեկտրոնային սարքի կրման։
Մանրամասները՝ տեսանյութում: