Փաստ չէ, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա այս տարի. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ առայժմ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Ըստ նրա, նման հանդիպումը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում և պետք է դառնա լայնածավալ իրադարձություն, որը կհանգեցնի լուրջ արդյունքների, հայտնում է «Коммерсантъ»-ը։

«Գաղափարները ճախրում են օդում, հասկանալի է, բայց՝ երբ կլինեն ինչ-որ արդյունքներ, որոնք կարող են քննարկվել նախագահական մակարդակով։ Այսինքն՝ պետք է մանրակրկիտ նախապատրաստություն լինի այս հանդիպման համար»,- հեռուստահաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ուշակովը՝ հավելելով, որ նախապատրաստության վրա պետք է աշխատեն Կրեմլի և Սպիտակ տան մասնագետների թիմերը։

Նա ընդգծել է, որ նախագահների միջև հեռախոսային բանակցությունները որոշակի արդյունքներ են բերում և օգտակար են երկխոսությունը պահպանելու համար։

Վերջին շրջանում Պուտինն ու Թրամփը երեք հեռախոսազրույց են ունեցել՝ փետրվարի 12-ին, մարտի 18-ին և մայիսի 19-ին, որոնցից վերջինը տևել է ավելի քան երկու ժամ և շատ բովանդակալից է եղել, հիշեցրել է ՌԴ նախագահի օգնականը։

Ըստ նրա, նման զրույցների ընթացքում ձեռք են բերվում առանձին պայմանավորվածություններ, որոնք այնուհետև իրականացվում են։

Հնարավոր հանդիպման ժամկետների մասին հարցին ի պատասխան՝ Ուշակովը հայտարարել է, որ գուշակել կարելի է, բայց անիմաստ է։ «Կարելի է գուշակել, որ ընթացիկ տարում, օրինակ։ Բայց, անշուշտ, փաստ չէ»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս