
Բանգլադեշում մեկնարկել է երկրի փախուստի դիմած նախկին վարչապետ Շեյխ Հասինայի դատավարությունը

Բանգլադեշի փախուստի դիմած նախկին վարչապետ Շեյխ Հասինան «համակարգային հարձակում» է կազմակերպել՝ իր կառավարության դեմ ապստամբությունը ճնշելու փորձ կատարիս, կիրակի օրը նրա դեմ դատավարության բացմանը հայտարարել են դատախազները, հայտնում է AFP-ն։
«Ապացույցները մանրակրկիտ ուսումնասիրելով՝ մենք եկանք այն եզրակացության, որ դա համակարգված, լայնածավալ և համակարգային հարձակում էր,- դատարանին իր բացման խոսքում հայտարարել է Միջազգային հանցագործությունների ազգային տրիբունալի (ICT) գլխավոր դատախազ Մոհամմադ Թաջուլ Իսլամը,- Մեղադրյալը ներգրավել է բոլոր իրավապահ մարմիններին և իր զինված համախոհներին՝ ապստամբությունը ճնշելու համար»։
Իսլամը մեղադրանք է առաջադրել Հասինայի և երկու այլ պաշտոնյաների դեմ «հուլիսյան ապստամբության ժամանակ զանգվածային սպանություններ հրահրելու, դրանց օժանդակելու և դրանք չկանխելու» համար։
«Սա վրեժխնդրության ակտ չէ, այլ սկզբունքին հավատարմություն, համաձայն որի ժողովրդավարական երկրում մարդկության դեմ հանցագործությունների տեղ չկա»,- ասել է նա։
Հետաքննության շրջանակներում քննիչները հավաքել են տեսաձայնագրություններ, ձայնագրություններ, Հասինայի հեռախոսազրույցները, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղաշարժերի գրառումներ, ինչպես նաև բռնաճնշումների զոհերի հայտարարություններ։
Հասինան, որը դեռևս կամավոր աքսորի մեջ է Հնդկաստանում, մերժում է մեղադրանքները՝ դրանք քաղաքական դրդապատճառներով պայմանավորված համարելով։ Հասինայից բացի, գործով անցնում են նախկին ոստիկանապետ Չոուդհուրի Աբդուլլա Ալ-Մամունը, որը կալանքի տակ է, բայց կիրակի օրը դատարան չի ներկայացել, և ներքին գործերի նախկին նախարար Ասադուզաման Խան Կամալը, որը, ինչպես Հասինան, փախուստի մեջ է։
Հասինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դատական հետապնդումը մի քանի քաղաքական կուսակցությունների հիմնական պահանջն է, որոնք այժմ պայքարում են իշխանության համար։ Ժամանակավոր կառավարությունը խոստացել է ընտրություններ անցկացնել մինչև 2026 թվականի հունիսը։
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների, 2024 թվականի հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, երբ Հասինայի կառավարությունը սկսեց իր բռնաճնշումները, զոհվել է մինչև 1400 մարդ։
77-ամյա Հասինան ուղղաթիռով փախել է Հնդկաստան, երբ ուսանողական ապստամբությունը վերջ դրեց նրա 15-ամյա կառավարմանը, և նա անտեսել է Դաքքա վերադառնալու արտահանձնման հրամանը։