
Գալյանը մի անգամ արդեն ապացուցել է՝ ինչպես է իր ղեկավարած կառույցը մեկնաբանում կոնվենցիա. Դավիթ Հարությունյան
«Տիկին Գալյանն արդեն մեկ անգամ ապացուցել է, թե իր ղեկավարած կառույցն ինչպես է կարողանում մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ինչ աստիճան աղավաղումներով»,- այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ Բարձր դատարանի որոշման հնարավոր մանիպուլյացիայի մասին դատողություններին։
Դավիթ Հարությունյանը համոզված է՝ եթե շարունակեն նույն ձևով, ինչ-որ պահի կհասնենք վերջակետի՝ ՀՀ դատական համակարգում, ՀՀ Սահմանադրական դատարանում, կամ՝ ՄԻԵԴ-ում։
«Բայց որ վերջակետի մի օր կհասնենք, ես կարծում եմ՝ այո՛։ Իսկ այստեղ այն պայքարը չէ, թե ով առաջինը կասի, որ մյուսները հիմա սկսելու են մանիպուլացնել․ ՍԴ որոշման եզրափակիչ մասն այնքան պարզ է գրված, որ կարելի է բացել դա, բացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, կարդալ, և վստահեցնում եմ՝ խորը իրավական գիտելիքներ չի պահանջվի՝ այն ճիշտ մեկնաբանելու համար»,- ամփոփեց հանրապետական գործիչը։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պարզաբանելով, թե ինչի մասին է բարձր դատարանի որոշումը, նշել էր, թե Սահմանադրական դատարանի որոշումն առաջիկայում շատ է մանիպուլացվելու, և տարբեր մասնագետներ փորձելու են պարզաբանումներ տալ, թե ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին օրենքի կիրառման շրջանակները սահմանափակվելու են: Բայց կանխատեսումը հակառակն է, և սահմանափակումները շատ չեն լինելու:
«Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձի, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ պաշտոնատար անձի պարագայում սահմանափակվածություն՝ հանցագործության կատարման հետ կապված, չի լինելու:
Եթե խոսքը վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձին, ապա այս դեպքում պետք է ուղղակի կամ անուղղակի կապ հանցագործության կատարման և ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի միջև»,- մանրամասնել էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում