Վենդետա լինելու է. վենդետան վտանգավոր բառ է. Ռուբեն Ռուբինյան-Աղվան Վարդանյան երկխոսությունը
«Սա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն է, գիտակցե ՛ք, թե դուք որտեղ եք աշխատել և աշխատում»,-այս մասին քիչ առաջ ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Ռուբինյանի ելույթի այն հատվածին, որում վերջինս ընդդիմությանն առաջարկում է ԱԺ աշխատանքները զրոյական կետից սկսել։
Վարդանյանն ասաց, որ Ռուբինյանը լավ առաջարկ է անում, սակայն գիտեն՝ զրոյական կետի փորձառությունը ինչերի է հանգեցրել։
«Հարցի փոխարեն մեկ արձանագրում և մեկ հասցեագրում անեմ։ Այս ընթացքում դուք հայտարարել եք, որ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվելու եք իբրև հանցագործների։ Սա ՀՀ ԱԺ-ն է, որտեղ մենք քիչ առաջ երդվեցինք։ Մենք ՀՀ-ի կողմից ընտրված պատգամավորներ ենք, մարդկանց իբրև հանցագործների վերաբերվում են քրեակատարողական հիմնարկներում կլյուչնիկները։ Կրկնում եմ՝ սա ՀՀ ԱԺ-ն է, եվ գիտակցեք, թե Դուք որտեղ եք աշխատել և աշխատում։
Երկրորդը՝ դուք հայտարարել եք այս ընթացքում նաև՝ մենք ասել ենք վենդետա չի լինելու, հիմա ասում եք՝ վենդետա լինելու է։ Վենդետա բառը վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան, կարող եք վերցնել բացատրական բառարաններն ու ուսումնասիրել։ Վենդետան երբեք միակողմանի չի լինում, վենդետան շարունակվում է անընդհատ։ Սա էլ իբրև հասցեագրում ձեզ»,-ասաց Վարդանյանը։
Արձագանքելով Աղվան Վարդանյանին՝ Ռուբինյանն ամբիոնից ասաց, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը չի ենթադրում քաղաքական նեյտրալություն։ Նա նշեց, որ երբ ինքը նիստը վարի, կլինի լիապես չեզոք։ Ցույց տալով ԱԺ ամբիոնը՝ Ռուբինյանն ասաց․ «Այստեղ ես հայտնելու եմ քաղաքական դիրքորոշումները»՝ ավելացնելով, որ նույնիսկ հանցագործներին են վերաբերվում պարզ, մարդկային բարեկրթությամբ։
Խոսելով վենդետայի վերաբերյալ Աղվան Վարդանյանի դիտարկումներից՝ Ռուբինյանը կրկնեց՝ «վենդետա լինելու է բառի իրավական իմաստով»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

