
«Աննա Հակոբյանը 1 մլն-ով ճաշկերույթ է կազմակերպում, կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք». հարց՝ ՀԿԿ նախագահին
Այսօր խորհրդարանում Հակակակոռուպցիոն կոմիտեի նորընտիր նախագահ Արթուր Նահապետյանին լրագրողը հանցագործության մասին հաղորդման հիմք ներկայացրեց՝ ԱԺ բացօթյա սրճարանի հետ կապված։
«ԱԺ բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը 100.000 դոլար է տվել ընդամենը 10 աթոռ, սեղան գնելու համար»,- նշեց լրագրողը։
Կոմիտեի նախագահը խոստացավ լրագրողի ասած տեղեկությունն ուսումնասիրել և արդյունքների մասին տեղյակ պահել։
Լրագրողները նրանից նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ուսումնասիրություն անում են Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամում և կոռուպցիոն ռիսկեր չե՞ն տեսնում, որ Աննա Հակոբյանը գործարարների հետ գումարի դիմաց ճաշկերույթներ է կազմակերպում։
«Երբ Աննա Հակոբյանը ճաշկերույթ է կազմակերպում գործարարների հետ 1 մլն դրամով, այստեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում։ Ունե՞ք իրավասություն «Իմ քայլը» հիմնադրամն ուսումնասիրելու, բացահայտումներ անելու, թե՞ կաշկանդվածություն ունեք»,- հետաքրքրվեց լրագրողը։
Պատասխանելով հարցին՝ Արթուր Նահապետյանն ասաց, որ ուսումնասիրություններ անելու համար որևէ կաշկանդվածություն չունեն։
«Եթե ունենում ենք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ թե՛ օպերատիվ հեռախուզական գործիքակազմի կիրառմամբ, թե՛ համապատասխան հիմքերի դեպքում, նաև վարույթ նախաձեռնելու կարգով իրականացնում ենք համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախաքննություն»,- նշեց ՀԿԿ նախագահը և շեշտեց, որ չի հասկանում լրագրողի հարցադրումն Աննա Հակոբյանի հրավիրած ճաշկերույթի վերաբերյալ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում