Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը հաստատեց դպրոցների տնօրենների ընտրության կարգին վերաբերող փոփոխությանն ուղղված նախագիծը

ՀՀ կառավարությունն ապրիլի 3-ի նիստում հաստատեց հանրապետության դպրոցների տնօրենների ընտրության կարգի փոփոխությանը վերաբերող նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մինչ նախագծի մասին մանրամասներ հայտնելը Անդրեասյանը շեշտեց, որը հանրակրթության ոլորտի բարեփոխումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կառավաման բարեփոխումը, որի շրջանակում դպրոցների բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից, և տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ։

«Ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, որի շրջանակում հավակնորդներն անցնում են հավաստագրման գործընթացով, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր կոնկրետ հաստատության համար, որտեղ ցանկություն ունեն տնօրեն աշխատել։ Զարգացման ծրագիրն անցնում է անկախ փորձաքննություն մրցույթով ընտրված կազմակերպության կողմից և վերջին փուլում հավակնորդը մասնակցում է հարցազրույցի նախարարության և լիազոր մարմինների համատեղ հանձնաժողովում»,-հիշեցրեց նա։

Նախարարի խոսքով՝ 2023 թվականից մեկնարկած գործընթացն ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ։ Այս պահին 437 դպրոց՝ պետական դպրոցների շուրջ 32 տոկոսն անցել է կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցում։

«Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13 տոկոսը, հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38 տոկոսը, ինչը վկայում է ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրների մասին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում»,- տեղեկացրեց Անդրեասյանը։

Գործուղման կարգը ներկայացված է հանրային քննարկման։ Նա ընդգծեց՝ վերլուծվել են նշանակման ընթացիկ կարգերի լավացման հնարավորությունները, և ներկայացված նախագիծը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանել մասնավորապես զարգացան ծրագրերի փորձաքննության և տնօրենների նշանակման գործընթացում՝ հիմնվելով այս ընթացքում արձանագրված խնդիրների վրա։

«Նախարարությունն առաջարկում է մի քանի մեխանիզմ. առաջարկվող կարգավորումներից մեկով փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, շահերի բախման, համագործակցության կասկածի կամ նման այլ դեպքերում ծրագիրը փորձաքննող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կարող է լուծվել։ Ըստ նախագծի՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը երկու անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ»,- հայտնեց նա։

Անդրեասյանի խոսքով՝ երբեմն հարցազրույցի ընթացքում պարզվում է, որ հավակնորդն առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը։

Խոսելով հաջորդ կարգավորման մասին՝ նախարարը շեշտեց, որ նախագծով հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում փորձաշրջանով և հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում։

«Այս պարագայում այն հավակնորդներին, որոնք հեռանկարային են կամ բավարար պատկերացում ունեն տվյալ հաստատության զարգացման վերաբերյալ, սակայն չունեն կառավարման մեծ փորձառություն, հնարավորություն կտանք փորձաշրջանի հնարավորությամբ աշխատելու պայմաններ ստեղծել և փորձաշրջանի արդյուքնում որոշել նրանց հետագա պաշտոնավարումը։ Այդ պարագայում, եթե փորձաշրջանով կներգրավի որևէ մեկը, պետք է նշանակվի փորձաշրջանի ղեկավար մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված փորձառու տնօրեններից մեկի կողմից։ Հետո սահմանված են փորձաշրջանի անցկացման ընթացակարգերը, և դրական եզրակացության բացակայության դեպքում պաշտոնավարումը չի շարունակվի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նա շեշտեց՝ նախագծում առաջարկվում է նաև այդ գործընթացի թվայնացումը և համապատասպան կարգավորումները նույնպես տեղ են գտել որոշման նախագծում։

Կարգավորվել են նաև մի շարք տեխնիկական ընթացիկ հարցեր։ «Գտնում ենք, որ ներկայացված նախագիծը կօգնի էապես լավացնել առկա գործընթացը»,-ասաց նախարարը։

Արձագանքելով ներկայացված նախագծին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճգնաժամ է նկատում ոչ միայն կրթության, այլև մի շարք այլ ոլորտներում, և անելիքները շատ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս