
Ի՞նչ վերադիրքավորումներ են ընթանում հայ-ռուսական հարաբերություններում և ինչո՞ւ

ՀՀ իշխանությունները խուսափում են խոստովանել, որ որոշել են փոքր-ինչ մեղմել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների սրումը։ Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվացնել ռուսական կողմի հետ համագործակցությունը։
Ըստ նրա, Հայաստանը պաշտպանում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ «Երբ Հայաստանին խաբում են, գցում են, արձանագրում է ու բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, այդ մասին բարձր ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ գնահատական է ունենում, ասում է»,- նշել էր նա՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Սիմոնյանի խոսքով, սակայն, այդ ամենը չի նշանակում, որ Հայաստանը խզում է հարաբերություններն այդ երկրի հետ։
«Անընդհատ հո չե՞նք կարողանալու լարվածության մասին խոսել ու լարվածություն պահել։ Կա հարց՝ կա պատասխան, չկա պատասխան՝ կա մեր կողմից հարցադրում։ Այն ամենին, ինչ տեղի է ունեցել 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին ու 2024-ին՝ մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել, միայն ՀԱՊԿ-ի մասով չէ՝ բոլոր հարցերով։ Որևէ բան չի փոխվել, հիմա կա խոսակցություն, մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,- ընդգծել էր նա։
Ալեն Սիմոնյանը նաև ասել էր, թե չի կարծում, որ կվերանայվի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը։ «Ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն, հասկանա՝ գոյություն ունի՞, թե՞ չունի։ Եթե գոյություն ունի՝ հայտարարի, թե որտեղ է սահմանը, ու ինքն ինչ պետք է անի, ինչ չի արել»,- նշել էր նա։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձավ այս մեկնաբանություններին, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների բացառիկության, աննախադեպության մասին։
Նա նշեց, որ այդ հարաբերությունները զարգացնելու հարցը որոշված է պատմությամբ, ճակատագրով ու աշխարհագրությամբ, չնայած հանգամանքին, որ ոմանց դա չի ուրախացնում։ Նա իր կողմից ևս նշել էր, որ թեև կան խնդիրներ, սակայն համագործակցությունը շարունակվում է։ Իսկ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր ասել, թե ավելի քան բավարարված են երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքից։ «Պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»,- ասել էր Պեսկովը լրագրողներին։ Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, և երկու երկրներին շատ բան է միավորում՝ թե՛ երկկողմ իմաստով, թե՛ պատմական, թե՛ մշակութային, թե՛ ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով: «ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել»,- ասել էր Պեսկովը:
Եվ ընդհանուր առմամբ, ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին՝ վերջին շրջանում մի փոքր մեղմել է ՀՀ իշխանություններին ուղղված քննադատությունը՝ հատկապես Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո, որից պարզ դարձավ, որ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմի հանդիսավոր արարողություններին։
Ի դեպ, այս տարի Փաշինյանն արդեն երկու անգամ զանգահարել է Կրեմլ՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ զրուցելու նպատակով, ԱԳ նախարար Միրզոյանն էր մեկնել Մոսկվա, այն դեպքում, երբ տևական ժամանակ այս մասով ևս հաղորդակցությունն ըստ էության ընդհատված էր։ Վերջին տարիներին Ռուսաստանի ուղղությամբ ընդգծված նախաձեռնողական բացակայության և հակառուսական հռետորաբանության ֆոնին ՀՀ իշխանություններն իսկապես սկսել են որոշ քայլեր իրականացնել, սակայն պահում են նաև ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին քննադատելու քաղաքական գիծը։
Այս ամենին զուգահեռ՝ հարկ է նաև նշել, որ խորհրդարանը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Սա Մոսկվայում աննկատ չմնաց, և ինչպես Կառավարության կողմից այս նախագծի հաստատումից հետո, այնպես էլ այս անգամ ՌԴ համապատասխան պաշտոնյաները փորձեցին Երևանին հասկացնել, որ անդամակցություն և ԵԱՏՄ-ին, և ԵՄ-ին հնարավոր չէ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախօրեին հայտարարեց, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն (ԵՄ), ապա Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը։
«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք այս գործընթացներին։ Հասկանալի է, որ եթե Հայաստանը գնում է Եվրոպայի ուղղությամբ, ապա անհրաժեշտ կլինի վերանայել այս երկրի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Եվ, ցավոք, դա կանդրադառնա Հայաստանի բնակչության կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք ամենևին չէինք ցանկանա»,- հայտարարել է Օվերչուկը։
Նա նաև ասել է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ «Իրականում մենք հասկանում ենք, որ թե՛ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), թե՛ Եվրամիությունը (ԵՄ) ունեն նման օրակարգեր։ Եվ այդ պատճառով, իհարկե, երկրին անհրաժեշտ կլինի որոշել իր ուղղությունը և կատարել այս ընտրությունը։ Քանի որ միաժամանակ երկու աթոռի վրա նստել չի ստացվի, դա միանգամայն ակնհայտ է»,- ընդգծել է Օվերչուկը։
Այս դիրքորոշումը նախօրեին կրկնել է նաև Զախարովան։
Ռուս քաղաքական, տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները որոշ ժամանակ արևմտյան ինտեգրացիայի հավակնություններ արտահայտելով՝ փորձում են պարզապես շարունակել բազմավեկտորությունը, որը նրանց համար անցումային և ժամանակավոր լուծում է, քանի որ չի հաջողվում լիովին մաս դառնալ արևմտյան համայնքին։
Ըստ նրա, հիմնական նպատակը ԵՄ անդամակցությունն է, եթե նույնիսկ այն անհնար է համարվում։
«Սակայն դա իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներից մեկն է, քանի որ, ինչպես տեսնում եք, աշխարհաքաղաքական զարգացումները կարող են խիստ անկանխատեսելի լինել ու շատ խաղաքարտեր խառնել, այդ թվում՝ արտաքին քաղաքական որոշումներ։ Ուստի այս դեպքում, երբ Արևմուտքը պատրաստ չէ միացնել ՀՀ-ին ԵՄ-ին, ինչպես նաև աջակցել բոլոր այն հարցերում այնպես, ինչպես ՀՀ իշխանությունները կցանկանային, և ինչի կարիքը Հայաստանն ունի, ապա Հայաստանում հասկանում են, որ ավելի հավասարակշռված դիրքավորում պետք է ստանձնեն, քանի որ հասկանում են նաև, որ ՌԴ-ն պատերազմի ավարտից հետո այլ դիրք է ունենալու աշխարհում, միջազգային հարաբերություններում այլ ռեժիմներ են գործելու, արևմտյան հետաքրքրություններն ու շահերն են փոխվելու, ռուսականը՝ ևս։
Ուստի սա Հայաստանի կողմից մի դիրքավորում է, որը թույլ է տալիս ՀՀ-ին հետագայում անհրաժեշտության դեպքում խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը, այսինքն՝ ներկայումս համագործակցել, չխզել կապերը և չունենալ ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մյուս կողմից ասվում է, որ Ռուսաստանի ուղղությամբ բան չի փոխվել, որպեսզի դա Արևմուտքում լսեն ամեն դեպքում»,- ասաց Սիմոնովը։
Նրա խոսքով՝ սա ներկայումս ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ՌԴ-ին ներկայումս պետք չեն ո՛չ արտաքին քաղաքական մեծ խնդիրներ, ո՛չ էլ՝ մեծ պատասխանատվություններ։
«Դա է պատճառը, որ, չնայած այն հանգամանքին, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս էլ կա որոշակի սառնություն, ռուսական կողմն ընդհանուր առմամբ գոհ է այս դինամիկայից։ Թեև հայտարարություններով աջակցում են, օրինակ՝ Երևան-Բաքու կարգավորմանը, սակայն միջնորդություն չկա, դիվանագիտական ակտիվություն այս ուղղությամբ չկա, քանի որ ներկայումս ողջ ռեսուրսը և կարևորությունը տրվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին։
Բացի այդ, Ռուսաստանի համար կարևոր են առաջիկա մայիսյան միջոցառումները, որոնք տեղի են ունենալու ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների ֆոնին կամ նույնիսկ դրանց ավարտից հետո, ուստի սա կարևոր հանգրվան է Մոսկվայի համար։ Հետևաբար՝ Երևանի և այլ գործընկերների մասնակցությունը չափազանց կարևորվում է»,- նկատեց Սիմոնովը։