Ո՞ւր է քիթը մտցնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը

«Տարածաշրջանում հնարավոր է այլ ապագա»,- այս մասին իր սոցիալական ցանցի էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գտնվող երկաթուղային կայանին։

Նա, մասնավորապես,  կիսվել է Սյունիք կատարած իր այցի ընթացքում արված լուսանկարներով և գրել․

«Սյունիքի մարզում Մեղրիի լքված  երկաթուղային կայարանը։ Տարածաշրջանի համար հնարավոր է այլ ապագա՝ զերծ սպառնալիքներից և էսկալացիայից՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել էր, որ այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։

Կարդացեք նաև

«Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ:

– Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։

– Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»,- գրել էր դեսպանը։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ էլ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում դեսպան Օլիվիե Դըկոտինյին աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ կրկնելով փաշինյանական թեզը, թե Հայաստանը ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից։

«Այս դեբատի մեջ ես չեմ ուզում մտնել։ 30 տարուց ավելի բանակցություններ են տեղի ունեցել, որոնք, իսկապես, արդյունք չեն տվել։ Դրա ապացույցն այսօրվա իրավիճակն է։ Կարծում եմ, որ այսօր կարևոր հարցն այն է, որ խաղաղության բանակցությունները, ի վերջո, արդյունք տան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղ և անվտանգ պայմաններում։ Կարծում եմ, որ ժողովուրդների ցանկությունը հենց սա է»,- ասել էր դեսպանը։

Հարցին էլ, թե կարելի՞ է ասել, որ ինքնորոշման իրավունքը պարտվեց տարածքային ամբողջականության սկզբունքին, դեսպանը պատասխանել էր՝ ասելով, որ եթե խոսվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։

«Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,- ասել էր դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս