
Ադրբեջանական երազանքի ելքը՝ երկրի հակառակ կողմից

Կրթության՝ որպես երևույթի մասին, առաջին հիշարժան հայտարարությունը 2018 թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն արել է Իլհամ Ալիևից ստացած տպավորությունները կիսվելով, երբ նրան անվանել է «կիրթ ու կառուցողական»։ Նրա ընտանիքի անդամները՝ կինը և աղջիկները, նորաձևության մասին առանձնապես շատ չեն բարձրաձայնել, սակայն իշխանության գալուց հետո նորաձևության հարցում փորձել են ամեն կերպ նմանվել Ալիևի տիկնոջը։
Տարիների ընթացքում կրթության ու նորաձևության մասին Հայաստանի ղեկավարի ընտանիքի պատկերացումները մեկտեղվել են «Կրթվելը նորաձև է» էժանագին կարգախոսում, որը հավակնում է հասցվել գրեթե պետական քաղաքականության մակարդակի։ Դժվար է ասել՝ երբևէ կբացահայտվի՞ կրթության ու նորաձևության ընկալումների ադրբեջանական էտալոնների ֆետիշացման ու Արցախի կորստի միջև կապը, թե՞ ոչ։ Գուցե դա պատահական համընկնում է։ Ինչպես այն համընկնումը, որ մինչ Արցախի բռնազավթմամբ Ադրբեջանը ամրապնդում է իր պետականության հիմքերը, առանց Արցախ Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են պետության ու հասարակության համար հիմնարար նշանակություն ունեցող ինստիտուտները։
Հայրենիքից, պետությունից, պատմությունից ու հիշողությունից հետո հիմա այլասերման հերթը հասել է կրթությանը, որի նշաձողը պետական ամենաբարձր մակարդակով իջեցվում է ճիշտ այնպես, ինչպես մի քանի տարի առաջ իջեցվեց Արցախի հարցով նշաձողը՝ բոլորին հայտնի ելքով։ Ելք, որը ժամանակին «Ելք» դաշինքով պետական միջանցքներում հայտնվածների համար իշխանությունը պահպանելու ելք էր, Ադրբեջանի համար՝ մուտք Արցախ, իսկ արցախահայերի համար՝ բռնի տեղահանություն․․․
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ոչ ֆորմալ քայլերով իշխանական ընտանիքի մուտքը կրթության ոլորտ սոսկ հերթական ժամանցն է կամ սոցցանցային ևս մեկ ցածրարժեք արշավ։ Իրականում, սակայն, այդ ընտանիքը կրթության՝ ոչ թե ուղղակի կրթության, այլ լայն իմաստով կրթության, կրթության նկատմամբ վերաբերմունքի առումով անում է այն, ինչ արել է պետության համար հիմնարար նշանակություն ունեցող մյուս բոլոր հասկացությունների հետ։ Նրանք կրթության ընկալումն ու դրա նկատմամբ վերաբերմունքը հատկապես երիտասարդների շրջանում ապականում են այնպես, ինչպես պարզունակացրել են հայրենիքն ու պետությունը՝ մակերեսային ձևակերպումներով ու բառախաղերով։
Եվ խնդիրն ամենևին այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է կրթության մասին՝ չունենալով բարձրագույն կրթություն։ Իհարկե, դիպլոմի բացակայությունը որևէ մեկին չի արգելում խոսել կրթության կարևորության մասին։ Ավելի վտանգավոր է այն, թե ինչպես են նրանք խոսում կրթության մասին։ Իսկ դա ընդհանուր առմամբ հանգում է մակերեսայնությանը, որը, հավանական է՝ ոչ թե սոսկ խոսողների մակերեսային լինելու արտահայտություն է, այլ նպատակադրում, կրթության նշաձողն իջեցնելու նպատակադրում։ Մակերեսային դատողություններով հասարակությունը, հատկապես՝ երիտասարդությունը, ոչ միայն կառավարելի է, այլ հեշտորեն կարող է ընկալել, օրինակ, «Արցախը Ադրբեջան է, և վերջ», «Որտեղ հաց, այնտեղ կաց», «Հայաստանն իմ օջախն է» և այլ նմանատիպ անհեթեթություններ՝ դա ոչ միայն չհամարելով ամոթալի, այլև համարելով նորաձև։
Մինչ հայ հասարակության մեծ մասը, ինչպես աշխարհի միլիոնավոր այլ բնակիչներ, ապրում են «ամերիկյան երազանքի» խաբկանքով, ադրբեջանական էտալոններով առաջնորդվողները հիմա զբաղված են Հայաստանում «ադրբեջանական երազանքը» կյանքի կոչելով։ Պատահականությո՞ւն է։ Հնարավոր է։ Գուցեև՝ ոչ։
Հարություն Ավետիսյան