«Հայաստանը պետք է հեռուն նայի՝ Թուրքիան այդ հատվածը գործարկելով՝ կարողանո՞ւմ է Հայաստանին դեպի Սև ծով ելք տրամադրել». Թաթուլ Մանասերյան

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ եթե Հայաստանը Թուրքիայի հետ բանակցում է Գյումրի-Կարս երկաթգիծը վերագործակցելու ուղղությամբ, պետք է մի քիչ հեռուն նայի։ Ըստ նրա՝ պետք  չէ վերցնել հարադեպային ինչ-որ էպիզոդ և հայտարարել, որ հենց այդ հավածն է ուզում գործարկել ու օգտագործել։

«Հայաստանը լայն առումով պետք է ամեն ինչ տեսնի՝ Թուրքիան այդ հատվածը գործարկելով կարողանո՞ւմ է Հայաստանին ավելի հեռուն՝ դեպի Սև ծով ելք տրամադրել, թե՞ այդ մի փոքր հատված է, իսկ մնացածն ուղղակի մնալու է Թուրքիայի տրամադրության տակ։

Թուրքիան պարտավորվածություն ունի 3 միջազգային կոնվենցիաներով, որոնք վավերացրել է Թուրքիայի խորհրդարանը, նաև իմ բազմաթիվ հորդորներից հետո Հայաստանի խորհրդարանը, որով մենք կարող ենք Թուրքիայի առաջ պայման դնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Կարսում օրերս Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման աշխատանքներ։

Ըստ տնտեսագետի, խնդիրն այն է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացված բոլոր կոնվենցիաներով կա մեկ ընդհանուր պահանջ՝ նրանք ովքեր ունեն ելք դեպի ծով, պարտավոր են նման ելք տրամադրել այն երկրներին ու պետություններին, որոնք համարվում են ցամաքային, այսինքն՝ դեպի ծով ելք չունեն։

Կարդացեք նաև

«Այդ կոնվենցիաների համաձայն, այս գործընթացը ծովում ելք ունեցող երկիրը պետք է իրականացնի բոլորովին անվճար։ Այսինքն՝ մենք այսօր Վրաստանի տարածքով բեռներ ենք փոխադրում, դա խախտում է միջազգային կոնվենցիաները, որովհետև այդ կոնվենցիան վավերացրել է նաև Վրաստանը, իսկ դրանցում նշվում է՝ անվճար պետք է տրամադրի, մինչդեռ Վրաստանը մեզանից տրանզիտի գումար է վերցնում։

Ահա, տարրական տնտեսական դիվանագիտության նորմեր, որոնք Հայաստանի քաղաքական դիվանագիտությունը և առհասարակ քաղաքական վերնախավը պետք է տիրապետի, որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, իր նշած քայլերն են Հայաստանին հնարավորություն տալու իր քաղաքական անկախությունը, վերածել նաև տնտեսական անկախության և օգտվել կոմունիկացիաներից։

Հարցին՝ քաղաքական բոլոր գործընթացները հաշվի առնելով, այսօր Թուրքիան որքանո՞վ է շահագրգռված գործարկելու Գյումրի-Կարս երկաթգիծը, տնտեսագետը պատասխանեց.

«Թուրքիան շահագրգռված է, նախ առաջին հանգամանքը՝ որ Թուրքիայի արևելյան նահանգները, շրջանները հնարավորինս զարգանան։ Հաջորդ հանգամանքն այն է, որ Թուրքիան համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ քաղաքակիրթ երկիր է և այս դեպքում դա կարող է անել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու շնորհիվ։ Երրորդը՝ դրանով Թուրքիան կարող է որոշակի մասնակցություն ունենալ տարածաշրջանում գործընթացների դրական զարգացմանը և անաչառության հիմք դնել հետագայում, եթե պայմաններ կամ նախապայմաններ առաջ չքաշի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել ՀՀ արտաքին գերատեսչությունը։

Հիշեցնենք նաև, որ Գյումրի-Կարս երկաթգիծը փակվել է 1993 թվականին, երբ Արցախի առաջին պատերազմում հայկական կողմը հաջողություններ էր գրանցում՝ ազատագրելով հայկական տարածքները։ Թուրքիան դադարեցրեց երկաթգծի աշխատանքները՝ ի համերաշխություն Ադրբեջանի։

Տարիներ անց՝ 2005 թվականին, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրեցին Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ  826 կմ ընդհանուր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031