Աշխարհաքաղաքական ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ

Ադրբեջանի ԱԳ նախարարը շարունակում է խոսել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի խոչընդոտների մասին։

Իր յուրաքանչյուր անդրադարձում Ջեյհուն Բայրամովը խոսում է այդ մասին, երբեմն էլ՝ Ադրբեջանի ձևակերպած ավանդական խոչընդոտներին ավելացնելով նորերը։

Նա Աստանայում Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին: AzerTac պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, Բայրամովն ասել է.

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ անցած մեծ ճանապարհին, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը»:

Կարդացեք նաև

Օրերս էլ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, հույս էր հայտնել, թե Հայաստանը կճանաչի իբրև թե իր «պատասխանատվությունն այս համատեքստում կատարված ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների համար»:

«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ»,- X-ում գրել էր Ալիևի խորհրդականը:

Ի դեպ, Հաջիևը, ով տարեսկզբից ակտիվ օտարերկրյա այցերի մեջ է դեպի Իրան, Իսրայել ու Թուրքիա, այս օրերին գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Լոնդոնում Հաջիևը քննարկում է՝ ինչպես երկկողմ՝ ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների խորացման հարցը, այնպես էլ՝ ռեգիոնալ զարգացումները։

Ուշագրավ է, որ այս փուլում Թուրքիան ևս ակտիվ խորհրդակցություններ է իրականացնում Մեծ Բրիտանիայի հետ սիրիական և ուկրաինական հարցերի շուրջ։ Ղազախստանը, որտեղ այսօր այցով գտնվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ևս ակտիվորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի հետ։

Ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացվող պահանջներին զուգահեռ՝ չի մոռանում Թուրքիայի և գործընկերների հետ խորհրդակցությունների մասին, ինչի մասին են խոսում Ալիևի ու Հաջիևի այցերի աշխարհագրությունը։ Մարտի 6-ին այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի բռնապետ Ալիևն աղմկահարույց հայտարարություններ արեց՝ նշելով, թե Նախիջևանն իբրև թե «Ադրբեջանի պատմական տարածքն է», որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից «Արևմտյան Զանգեզուրն» Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով։

Չնայած Հայաստանի հետ համաձայնագրի խմբագրումների փոխանակմանը և հայտարարություններին, թե, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի էական հատվածը համաձայնեցված է, Ադրբեջանը չի հրաժարվում ադրբեջանական մամուլում հայատյաց արշավից, պաշտոնական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունից։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ պատահական չեն ներկայումս ակտիվ խորհրդակցությունները գործընկեր երկրների հետ, քանի որ աշխարհում սկսվել է նոր վերադիրքավորման գործընթաց։ Սա, նրա խոսքով, այն փուլն է, երբ բոլոր երկրները՝ ըստ իրենց հավակնությունների ու հնարավորությունների, ձգտում են ավելի լավ դիրքեր զբաղեցնել և այդ գործընթացում քննարկում են բոլոր հնարավորությունները գործընկեր երկրների հետ։ Նույնը, Սիմոնովի խոսքով, անում են Ռուսաստանը, եվրոպական երկրները և գրեթե բոլորը։

«Հարավկովկասյան երկրներն ավելի շատ պատճառ ունեն նման խորհրդակցությունների, քանի որ բոլոր երկրներն էլ ունեն աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ խնդիրներ։ Ներկայումս կոալիցիաների, դաշինքների ամրապնդման ամենաակտիվ փուլն է, որոնք պետք է ծառայեն այդ երկրների նպատակներին։ Կարծում եմ, այս հակամարտության կողմերը չեն շտապում համաձայնագրի կնքման հարցում՝ հուսալով աշխարհաքաղաքական նոր իրավիճակում է՛լ ավելի լավ դիրքեր ունենալ բանակցային սեղանի շուրջ։ Իսկ մինչ այդ՝ իրականում լուրջ, արդյունքին միտված բանակցություն չկա, այլապես մեկ կամ երկու կետի շուրջ քաղաքական կամքի պարագայում հնարավոր կլիներ անմիջապես պայմանավորվել առանց երկարաձգումների ու հետագայում սրացումների վտանգների։ Եթե համաձայնագրի բանակցությունները երկարաձգվում են, նոր էլեմենտներ են հայտնվում, նշանակում է, որ կողմերի մոտ կա ավելին ստանալու ցանկություն, կամ կողմերից մեկի մոտ, որի ճանապարհը բանակցություններն են կամ ճնշումները։ Ըստ իրավիճակի՝ տարբեր սցենարներ են գործի դրվում»,- ասաց Սիմոնովը։

Նրա խոսքով, ինչպես Սիրիայում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիան հետապնդում է իր շահերը, որոնք փորձում է իրացնել իր գործընկեր երկրների հետ։

«Մինչ Թուրքիան ինտենսիվացնում է հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, այդ խողովակով առաջ մղում Թուրքիայի դերն աշխարհում, որի մասին Թուրքիայի ղեկավարն ուղիղ ձևակերպումներ է անում, Ռուսաստանը վտարել է բրիտանացի դիվանագետներին, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հեռանկարի ֆոնին Բրիտանիայի հետ հարաբերությունները սրվում են, որովհետև այս երկիրն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից աջակցության դադարեցումից հետո՝ խոստանալով նոր ֆինանսավորում և զինտեխնիկա։ Ուստի, եթե հույս կար, որ ԱՄՆ ներկայիս դիրքորոշման պարագայում Ուկրաինայի հակամարտությունը կարող էր շուտ կարգավորվել, ապա Եվրոպայում Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջ մղած օրակարգերի պարագայում, գործընթացը կերկարաձգվի, բնականաբար, խորացնելով Ռուսաստանի ու աջակցող երկրների միջև առճակատումը։

Նույն պատկերն է Սիրիայում, որտեղ Ռուսաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ հայտնվել են մեկ այլ ճամբարում, իսկ Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ մեկ այլ»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Սիմոնովը  գտնում է, որ նույն պատկերը՝ դասավորությունը, ըստ էության, նաև Հարավային Կովկասում է։

«Եվ աշխարհաքաղաքական դիմակայությունը Հարավային Կովկասում ևս նույն տրամաբանությամբ է ընթանալու՝ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը չեն համընկնում։ Սակայն հարավկովկասյան խնդիրները ներկայումս քննարկվում են միայն ֆոնային ռեժիմով, դրանք առաջնահերթ բնույթ չեն կրում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս