Բաժիններ՝

Թրամփը զգալի առաջընթացի հույս ունի Ջիդդայում նախատեսված ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում լավ արդյունքներ ձեռք կբերվեն։ Այս մասին նա ասել է մարտի 9-ին լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ այս շաբաթ մենք զգալի առաջընթացի կհասնենք», – ասել է Թրամփը։

Լրագրողները նաև հարց են ուղղել՝ արդյոք նա պլանավորում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

«Մենք պատրաստվում ենք բազմաթիվ հարցեր քննարկել՝ հաշվի առնելով առաջիկա խոշոր հանդիպումները…. Սաուդյան Արաբիայում, որոնք վերաբերելու են ոչ միայն Ռուսաստանին, այլև Ուկրաինային. տեսնենք՝ կկարողանանք արդյոք ինչ-որ բան անել, ինչ-որ բանի հասնել», – ասել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողները նաև հարցրել են, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում է վերսկսել օգնությունն Ուկրաինային, եթե Կիևը Վաշինգտոնի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական հանքային ռեսուրսների վերաբերյալ։

«Կարծում եմ, որ նրանք կստորագրեն ռեսուրսների շուրջ համաձայնագիրը: Բայց ուզում եմ, որ նրանք խաղաղություն ցանկանան», – ասել է Թրամփը։

Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Կիևն այժմ բավարար չափով ցույց չի տալիս իր հանձնառությունը խաղաղությանը։

«Հիմա ցույց չեն տալիս այն չափով, որքան պետք է: Կարծում եմ՝ առայժմ նրանք դա չեն արել, բայց կարծում եմ՝ նրանք դա կանեն։ Կարծում եմ՝ դա ակնհայտ կդառնա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում», – ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կկայանա մարտի 11-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս