
ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ նոր իրավիճա՞կ կստեղծվի

Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման թեմային։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խումբը դե-ֆակտո չի աշխատում։ Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահներն են հրաժարվել աշխատել ՌԴ համանախագահի հետ՝ նրան փաստի առջև կանգնեցնելով։
«Հիմա իրավիճակն իհարկե փոխվել է։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչ ձևաչափով կաշխատի ԵԱՀԿ ՄԽ-ն, երբ համանախագահներից մեկը, փաստորեն, ռուսատյաց դիրք է զբաղեցնում, երկրորդը՝ գերագնահատում է իր դիրքը ՌԴ-ի նկատմամբ։ Բացի այդ, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատի, պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը։ Անմիջականորեն ներգրավված երկրները պետք է պայմանավորվեն դրա շուրջ»,- ասել է ռուս դիվանագետը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ կարևոր է՝ տարածաշրջանի գործերով զբաղվեն տարածաշրջանային երկրները, ինչպես նաև բացառվի երրորդ ուժերի միջամտությունը դրսից, որպեսզի կանխվի Հարավային Կովկասում ընթացող գործընթացների խեղաթյուրումը:
Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը ձգտում է Հայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դեմ չէ այդ քայլին։ Իսկ հունվարին իր հրապարակած 12 առաջարկներից մեկով Փաշինյանն ամրագրել էր, որ առաջարկում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Երևանն ու Բաքուն պետք է նաև հրաժարվեն միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ, բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, աշխատեն խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորեն, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկեն ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, ինչպես նաև լուծարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- նշել էր նա։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման ճանապարհին առկա աշխարհաքաղաքական բարդ խնդիրներին ու կողմերի պաշտոնական դիրքորոշումներին, Երևանում քաղաքական, փորձագիտական և հասարակական շրջանակներից շատերը գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնորեն միակ մանդատ ունեցող հարթակն է, չպետք է լուծարվի, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ։
Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ հետպատերազմյան տևական ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական առճակատում սկսվեց Ուկրաինայի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը հայտնվեց վերջնական փակուղում, ապա՝ զրոյացավ։
Ըստ նրա, այդ իրավիճակում բարդ կլիներ այդ խմբի համար այլ ելք պատկերացնել, քանի որ վերջին տարիներին մենք ականատես եղանք աշխարհակարգի փլուզման, որի տարրն էր նաև ԵԱՀԿ ՄԽ-ի հետ տեղի ունեցածը։
«Եթե ավելի վաղ Մոսկվայի ու Արևմուտքի միջև կային խնդիրներ, այդ խումբը կարողանում էր այնուամենայնիվ աշխատել, ճանաչելով դրանում ՌԴ դոմինանտ դերակատարությունը։ Պատերազմից հետո ուկրաինական իրադարձություններին զուգահեռ՝ Արևմուտքը սկսեց ազդեցության գոտիների վերանայման գործընթաց, շահերը և նպատակները փոխվեցին, ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխարհաքաղաքական առումով ևս դարձավ անհետաքրքիր կառույց»,- բացատրեց Լուկիանովը։
Ներկայումս, սակայն, նրա խոսքով, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական ակտիվ տրանսֆորմացիոն փուլում։ Այդ տրանսֆորմացիաներն, ըստ նրա, վերաբերում են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ստեղծվելու է այդ հարաբերությունների նոր ճարտարապետությունը, ինտենսիվ տրանսֆորմացիոն գործընթացներ են նաև եվրոպական մայրցամաքում, որոնք վերաբերում են ընդհանուր առմամբ Արևմուտքին։
«Ուստի դեռ հնարավոր չէ ասել, թե այս ամենի վերջնարդյունքում հարաբերությունների ինչպիսի իրավիճակ կհաստատվի։ Այս պահին հնարավոր չէ ոչինչ բացառել։ Ռուսական դիվանագիտությունն Արևմուտքի հետ բանակցությունների ֆոնին չի կարող բացառել որևէ հեռանկար։ Հակված եմ կարծել, որ նոր մոդելներ ձևավորելու անհրաժեշտություն կա։ Կարծում եմ՝ ռեգիոնալ երկրներն իրենք են շահագրգիռ քննարկելու ռեգիոնում առկա հակամարտությունները։ Դա ցանկանում է և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի պարագան այլ է, քանի որ նրանցից յուրաքանչյուրն այս հարցում առաջնորդվում է իր առանձին շահերով․ Երևանը ցանկանում է արևմտյան միջնորդություն և հովանի, իսկ Բաքուն՝ գործընթաց՝ առանց միջնորդների։
Ցանկացած պարագայում, բացի արտաքին դերակատարներից, կողմերը ևս պետք է կողմ լինեն որևէ ձևաչափում աշխատել, սակայն մենք հասկանում ենք, որ դա ևս կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից։ Եթե դրանք բարենպաստ լինեն ռեգիոնալ դերակատարների համար, ապա, բնականաբար, նրանք հենց ռեգիոնալ հարթակներն առաջ կմղեն։
Սակայն ՌԴ դիվանագիտության կողմից այս հարցը չբացառելը պայմանավորված է ռուս-ամերիկյան բանակցություններում առաջընթացով և դրա հեռանկարներով, այն հեռանկարով, որ հնարավոր է գտնել որոշակի ընդհանուր շահեր ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև՝ բացի Ուկրաինայից՝ այլ ռեգիոններում համագործակցության հարցում։ Սակայն ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման համար միայն ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները բավարար չեն, հատկապես, երբ Ֆրանսիան ներկայումս փորձում է ղեկավարել եվրոպական քաղաքականությունն ընդդեմ Ռուսաստանի»,- նման մեկնաբանություն արեց վերլուծաբանը։