
Ճեղքվող կաղապարնե՞ր, թե՞ «կոտրած տաշտակներ». Հայաստանի ճանապարհը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում «հիանալի նորություն» էր որակել Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանի մի քանի առևտրային բանկեր կառավարության բյուջետային երաշխիքով 50 միլիոն դոլար վարկ են տրամադրելու «Լիդիան» ընկերությանը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը սկսելու համար:
Հիշեցնեմ, որ «Լիդիան» ընկերությունն ավելի վաղ կառավարությանն էր նվիրաբերել իր բաժնեմասի 12,5 տոկոսը: Այսինքն, Հայաստանի բյուջեն ընկերության գործունեությունից կստանա ոչ միայն հարկային եկամուտ, այլ նաև՝ շահութաբաժին: Այս պրակտիկան, իհարկե, առաջին օրինակը չէ: Հայաստանի կառավարության հետ այդպիսի համաձայնություն էր ձեռք բերել նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 2021 թվականին, նաև հեռահաղորդակցության ոլորտում խոշոր ընկերություններից մեկը՝ «Վիվա-ՄՏՍ»-ը, 2024 թվականին:
Այս պրակտիկան, իհարկե, առաջացրել է բավականին հակասական ու բուռն արձագանքներ, դիտարկելով դա պետության անթույլատրելի միջամտություն բիզնեսին: Այստեղ, իհարկե, հարցը գուցե գաղափարական տիրույթում է: Մի կողմից՝ պետությունը դառնում է մասնավոր բիզնեսի բաժնետեր, իսկ դա թողնում է պարտադրվող երևույթի տպավորություն, ինչը կարող է վանել ներդրողներին:
Մյուս կողմից՝ կան տարբեր մոդելներով աշխատող երկրներ, երբ ռազմավարական ռեսուրսային ոլորտներում կառավարական բաժնեմասը դիտարկվում է հանրային մասնակցության տարբերակ, ինչը կարող է նաև նպաստել ռազմավարական ոլորտներում բիզնեսի և հանրության միջև փոխադարձ վստահելիությանը: Դա հատկապես էական խնդիր կարող է լինել այն պետություններում, որտեղ բիզնեսի, ներդրումների հարցում հանրային մտածողությունը տարիներ շարունակ ենթարկվել է տարատեսակ կոնյուկտուրային աղավաղումների, առաջ բերելով անվստահություն արտաքին ներդրողների հանդեպ: Ավելին, կան հանրային շրջանակներ, որոնց մտապատկերում արտաքին ներդրողները ոչ թե գործընկեր են, որոնց հետ արդյունավետ աշխատանքը կնպաստի պետության զարգացմանն ու հետևաբար՝ դիմադրունակության աճին, այլ դիտվում են նույնիսկ որպես «գաղութարար», «թշնամի»:
Այդ խնդիրն, օրինակ, բավականին «վառ» դրսևորում ունեցավ ԱՄՆ դեսպանատան՝ «Լիդիան»-ի վերաբերյալ կայացված որոշման առնչությամբ տարածած հայտարարության ներքո սոցցանցայյին մեկնաբանություններում:
Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրի իրականացման հեռանկարը ողջունող գրառման ներքո հանրային տեսակետների մի զգալի մասն այնպիսին էր, կարծես խոսքը ոչ թե այն մասին էր, որ իրականացվելու է տնտեսական խոշոր ծրագիր, որը Հայաստանին բերելու է եկամուտներ, աշխատատեղեր, ունենալու է մարզային զարգացման մուլտիպլիկատիվ էֆեկտի հնարավորություն, այլ Հայաստանի տարածքը թշնամուն հանձնելու:
Եվ դա այն դեպքում, որ արտաքին խոշոր ներդրումները ներդրումային խոշոր ծրագրերն են նաև Հայաստանի տարածքի պաշտպանության հուսալի մեխանիզմներից մեկը: Ինչու՞ է ցանկացած երկրի համար կարևոր արտաքին ներդրումային պատկառելի պորտֆելի, խոշոր ներդրումային ծրագրերի, միջազգային խոշոր և ազդեցիկ կապիտալի հետ գործընկերային հարաբբերությունը:
Որովհետև ժամանակակից հիբրիդային աշխարհում, այդ կապերը, գործընկերությունը, համատեղ ծրագրերն են ձևավորում համատեղ շահեր: Իսկ ցանկացած անվտանգություն կառուցվում է հենց համատեղ շահերի վրա, դրանց խորության, մասշտաբի վրա: Խոշոր ներդրողները նաև մեծ ջանքեր են գործադրում իրենց կատարած ներդրումային ծրագրերի գոտիներում անվտանգություն ապահովելու համար:
Այս առումով թերևս տեղին է հիշել հայտնի խոսքը, որ՝ «լավագույն ուսուցիչը թշնամին է»: Օրինակ, մինչ Հայաստանում 2018 թվականից, ըստ էության, արգելափակվում էր Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը, և, փաստորեն, տապալվում Հայաստանի պատմության մեջ խոշորագույն ներդրումային պայմանավորվածությունը, Ադրբեջանը շարունակում էր իր ռեսուրսների օգտագործման շուրջ համատեղ ծրագրեր ու պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր խոշոր ներդրողների հետ, այդ կերպ նաև ձեռք բերելով նրանց աջակցությունը միջազգային ասպարեզում:
Բայց, եթե «աշակերտը» չունի դաս քաղելու, անվտանգության և պաշտպանության թեմաներում որոշակի զգայական կաղապարներից դուրս գալու և համաշխարհային իրողություններին առերեսվելու ձգտում, «լավագույն դասն» անգամ չի փոխի պատկերը:
Մինչդեռ, Հայաստանի համար դա փոխելը հրամայական է, տնտեսական և կենսական: Առավել ևս այսօր, երբ աշխարհում ծավալվող հիբրիդային համաշխարհային պատերազմի առանցքում են տնտեսական ռեսուրսների համար պայքարն ու պայմանավորվածությունները: Հետևաբար, նոր աշխարհակարգի համար այս պայքարում վտանգավոր լուսանցքում չհայտնվելու, և ավելին՝ սեփական տեղն ու դերը ձևավորելու համար չափազանց կարևոր անելիքներից մեկը Հայաստանում արտաքին ներդրումային պատկառելի պորտֆել ապահովելն է: Այդ կապերի միջոցով է նաև, որ միջազգային հարաբերություններում արտահայտված կարող են լինել Հայաստանի շահերն ու անվտանգությունը:
Անշուշտ, ավելորդ է քննարկել անգամ, որ ներդրումային որևէ պայմանավորվածություն պետք է ներառի նաև Հայաստանի հանրային շահը ոչ միայն շահաբաժնի, այլ նաև հանրային առողջության տեսանկյունից:
Բայց, այդ շահը ապահովելու արդյունավետ միջոցն այն չէ, երբ հանրությունը պայքարում է ներդրումային ծրագրերի դեմ: Այդ շահն ապահովելու միջոցն այն է, որ հանրությունը կարողանում է ձևավորել հանրային վերահսկողության ռացիոնալ մեխանիզմներ, որոնք գործում են ոչ թե զգայական, այլ մասնագիտական փաստարկների դաշտում, տարբեր ոլորտներում խոշոր բիզնեսի, խոշոր ներդրողների համար սահմանելով թե բիզնեսի, թե սոցիալական պատասխանատվության բարձր ստանդարտներ:
Այդպես են հանրությունները պաշտպանվում և արդիականանում միաժամանակ: Հակառակ պարագայում՝ պարբերաբար մնում են «կոտրած տաշտակների» առաջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ