
Վանաձորում բախվել են «Toyota»-ն և «DAF» բեռնատարը. «Toyota»-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին վառվող «Toyota»-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Փրկարարները մարել են «Toyota»-ում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են, կինն էլ հղի է։