
Ծանր հարված՝ Վրաստանի հետ խաղից առաջ․ ինչ է հայտնի Սպերցյանի վնասվածքից

«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Արթուր Օլենինը հայտնել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը ստացել է ոտքի սալջարդ և մկանային սպազմ: Այս մասին գրում է armsport.am-ը:
Սպերցյանը վնասվածք է ստացել «Կռիլյա Սովետով»-ի դեմ 19-րդ տուրի խաղում (1:1) և լքել է դաշտը։ Վնասվածքի ծանրության մասին հստակ տեղեկություն դեռ չկա, ֆուտբոլիստին լրացուցիչ հետազոտություն է սպասվում։
«Վնասվածքի ծանրությունը դժվար է որոշել։ Կանցկացնեն հետազոտություն և կհստակեցնեն իրավիճակը։ Ստացել է հարված, կա սալջարդ և ձգվածք՝ ինչից հետո առաջացել է սպազմ։ Որքան լուրջ է, դեռ չենք հասկանում», – Օլենինի խոսքերը փոխանցում է «Матч ТВ»-ն։
Խաղից հետո Սպերցյանն ասել է, որ դեռ չի կարող գնահատել իր վնասվածքի լրջությունը:
«Կրասնոդար»-ը 40 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով «Զենիթ»-ին լրացուցիչ ցուցանիշներով։ Հաջորդ խաղում՝ մարտի 7-ին, թիմը կխաղա «Պարի ՆՆ»-ի դեմ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի ընտրանին Վրաստանի հավաքականի հետ կմրցի մարտի 20-ին և 23-ին։