Բաժիններ՝

Ծանր ճնշման տարի է, ու այս ֆոնին շոուներ սարքել, պսևդո-օրակարգեր նետել ասպարեզ, նշանակում է՝ իշխանությունների կողմից ոչ ադեկվատ վարքագիծ․ տնտեսագետ

«Փոխվում է աշխարհակարգը, ռուս-ուկրաինական պատերազմը, կարելի է ասել, փաստացի մոտենում է ավարտին, որովհետև խոշոր խաղացողներն այդպես են ցանկանում։ Պատերազմի ավարտի հետևանքով ազդակները, սակայն, առաջինը հարվածելու են Հայաստանի արտաքին առևտրին և այն գործոններին, որոնք պայմանավորում էին ոսկու և արևմտյան սանկցիաներին առնչվող մյուս ապրանքների վերարտահանումները»,- 168am-ի հետ զրույցում աշխարհաքաղաքական նոր իրողություների միջև մնացած Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին իր դիտարկումներում հետևյալ արձանագրումներն արեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը

Այս համատեքստում, սակայն, տնտեսագետի համար ընկալելի չեն Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք ռևերանսները։

«Եվրոպական ինտեգրման այն վեկտորը, որ պարզել են կամ փորձում են պարզել մեր իշխանությունները՝ այս պահին արդեն ժամանակավրեպ ծրագրերով, իհարկե, բացասական դեր է խաղալու։ Անհասկանալի է, երբ ազդակներ ես տալիս Եվրասիական ուղղությանը ու հայտարարում ես՝ ճանապարհ ես բռնում դեպի փլուզվող Եվրոպա,- նշեց Ատոմ Մարգարյանը՝ փլուզվող Եվրոպայի մասին իր խոսքը հիմնավորելով Եվրոպայում առկա իրավիճակով,- Այն տենդենցների պարագայում, որոնք կան Գերմանիայում կայացած ընտրություններից հետո, և երբ նմանատիպ զարգացումներ դժվար չէ կանխատեսել նաև Ֆրանսիայում ու մյուս եվրոպական երկրներում, այդ ուղղությամբ ստարտը ֆալս-ստարտ է, կեղծ մեկնարկ և տնտեսական առումով, վնասից բացի, ոչինչ չի տա։

Եվրոպան չի բացի մաքսային սահմանները, Եվրոպան ներդրումներ չի անի և չի ապահովի ռեսուրսների մատչելիություն ու հաասանելիություն։ Մենք ռեսուրսների ահռելի բաժինը ստանում ենք ՌԴ-ից, ենթակառուցվածքների ոլորտում ներդրողը ռուսական խոշոր ընկերություններն են, բացի այդ՝ հացահատիկի, էներգակիրների ներկրումը ևս ՌԴ-ից է։

Կարդացեք նաև

Ես ուղղակի չեմ պատկերացնում այն շոուները, որ սարքում են իշխանությունները։ Օրերս էլ հետևում էի, թե ինչ է կատարվում խորհրդարանում․ այդ բարձրագոչ նոտաները, որ հղում էին եվրոպական չինովնիկներին՝ մոռանալով, թե ինչ իրավիճակ է երկրի ներսում։

Մեր բիզնեսի համար էլ է տարակուսելի վեկտորի հնարավոր փոփոփոխությունը՝ հատկապես այնպիսի փոփոխությունը, ինչն անհարիր է տենդենցներին, որոնք ձևավորվում են աշխարհում»։

Ատոմ Մարգարյանը նկատեց՝ տնտեսական ու ռազմաքաղաքական ուժի կենտրոնների բալանս է ձևավորվում․ մի կողմում Միացյալ Նահանգներն է, մյուս կողմում՝ Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ Եվրոպական միությունում դեռևս ընթանում է վերաֆորմատավորման պրոցես, որը, ըստ նրա, կբերի դեզինտեգրացիայի։

«Այսպիսի շարունակության պարագայում Եվրոպական միությունը կազմալուծվելու է, ու հեռանկարում սա չի կարող մեզ համար լինել իբրև գրավիչ շուկա։ Հետևաբար, այս փուլում, որ կարող ենք անվանել անցումային, տրանսֆորմացիոն, մեր տնտեսական իրավիճակը բարդանալու է, իսկ քաղաքական որոշում կայացնողներին պետք է լինելու ողջամտություն, որպեսզի առաջիկա մի քանի տարիներին հնարավոր լինի այս փուլը հաղթահարել»,- հավելեց նա։

Տնտեսագետը շեշտեց՝ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները բացասական ազդակ են բիզնեսին, ներդրողներին՝ զգուշավոր լինելու կամ ձեռնպահ մնալու խոշորածավալ ծրագրերից։

«Ճիշտ է, պետական պարտքի մասով կարծեք թե կառավարելի իրավիճակ է, բայց եթե մենք նայում ենք միջին ու երկարաժամկետ կտրվածքով, թե սպասարկման ինչպիսի ահագնացող պահանջներ են ներկայացնում ներքին ու արտաքին պարտքը տոկոսների և մայր գումարների մարման մասով, պարզապես խելացնոր իրավիճակ է․ միայն 2024 թվականին 2 միլիարդ 300.000 դոլարի պարտքի սպասարկման ու մարման գումարներ են, 2025 թվականն էլ ավելի ծանր է լինելու, որովհետև եվրոբոնդերի մասով մարման տարի է։

Շատ ծանր ճնշման տարի է 2025 թվականը, բայց այնպիսի միջոցներ, որոնք կգեներացվեն երկրի ներսում՝ հատկապես հարկային խողովակներով, պարզապես չկան, մանավանդ անցյալ տարվա փորձն էլ մեզ բերեց այն մտայնությանը, որ այն սցենարը, որ դրված է բյուջետային եկամուտների մասով, ծայրահեղ լարված է, եթե ոչ՝ իրատեսական չէ։ Ու այս ֆոնին զուտ շոուներ սարքել, քաղաքական ինչ-ինչ պսևդո-օրակարգեր նետել ասպարեզ, իրավական այլևայլ շոուներ սարքել, հետապնդումներ սկսել՝ մարդկանց խոսքի համար սահմանափակումների մեջ դնելով, պարզապես նշանակում է իշխանությունների կողմից ոչ ադեկվատ վարքագիծ։

Բիզնեսում ռացիոնալ մարդիկ են, նրանք տեսնում են՝ ինչ է կատարվում, և, բնականաբար, նրանք զուսպ են մնում ներդրումներ անելուց, աշխատատեղերն ընդլայնելուց»,- մանրամասնեց Ատոմ Մարգարյանը։

Մասնագետը հավելեց նաև, որ այսօր, ինչի հաշվին գեներացվում են տնտեսական աճերը, այսրոպեական փուչիկներ են՝ առևտուր, ծառայություններ, խաղաբիզնես, իսկ այն ազդակները, որոնք գալիս են օվկիանոսի այն կողմից, պետք է վերին աստիճանի զգուշավորության մղեն մեր կարգի երկրների իշխանություններին։

«Ուկրաինայի նման ահռելի ռեսուրսներ ունեցող երկիրը բառի բուն իմաստով հոշոտվում է մի քանի ուժային կենտրոնների կողմից և հատկապես՝ ԱՄՆ կողմից, որը հրահրեց, հարյուր միլիարդավոր դոլարներ տվեց Ուկրաինային և այսօր ասում է՝ տվեք ինձ ձեր թանկարժեք մետաղները, հազվագյուտ մետաղները, որոնք այսօր մեծ դեֆիցիտ են։ Սա լուրջ զգուշացում պետք է լինի այն երկրների համար, որոնք բռնեցին Եվրոպայի ճանապարհը, ընդ որում` սահմանակից լինելով Եվրոպային, և ո՞ւր հասան․ հասան իրենց պետությունների փլուզմանը»,- ամփոփեց Ատոմ Մարգարյանը՝ հիշեցմամբ, որ Հայաստանն էլ ունի գրավիչ հանքեր, ընդերք։

Տեսանյութեր

Լրահոս