Թող Ֆրանսիայի դեսպանը գա, Ոսկեպարի ժողովրդին հարցնի, լրիվ ճիշտը կասենք իրեն. Ոսկեպար գյուղի դպրոցի տնօրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանի հետ.

– Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշում է, որ զրուցել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ, որոնք դրական են գնահատել սահմանազատման գործընթացը եւ ուրախ են, որ հիմա գիտեն, թե որտեղ է սահմանը: Օրինակ, Դուք ուրա՞խ եք այդ փաստից:

– Այն քարտեզը, որի մասին խոսում են` 76 թվականի, չի պահպանվում, կարող եք գալ, ինքներդ էլ տեսնել, որ կան որոշակի շեղումներ՝ ի վնաս Հայաստանի: Մնացած ամեն ինչ անորոշ է, ոչ մի այլ բանից տեղյակ չեմ:

– Այսինքն` նորից տարածքնե՞ր են հանձնվելու:

– Բոլորն էլ կարող են քարտեզները վերցնել եւ ուսումնասիրել, թե որ թվին ում, ինչ է պատկանել: Մնացած հարցերը պետք է ուղղել վարչապետին, նա է այդ ամենի պատասխանատուն: Ես սովորական մարդ եմ: 1937 թվականին, երբ Հայաստանը միացավ Խորհրդային Միությանը, այդ ժամանակվա քարտեզներով անկլավներ առհասարակ գոյություն չեն ունեցել: Հանրային գրադարանում կան քարտեզներ` 1927 թվականին հրատարակված, որոնք ես անձամբ եմ ուսումնասիրել: Այդ քարտեզներում հստակ է, որ սահմանն ավելի հեռու է մեզնից, քան կարող ենք պատկերացնել` Ջողազի լճից էլ այն կողմ: Անկլավներ չեն եղել առհասարակ: 37 թվականին փոփոխություններից հետո նոր-նոր սկսվել է անկլավների մասին խոսվել: Կոնկրետ այստեղ մշտապես հայեր են ապրել:

– Այժմ սահմանազատում ո՞ր հատվածներում է իրականացվում:

– Մեր եկեղեցու հետեւի կողմից գնում է դեպի Բաղանիս, գետի այս կողմում ոչ մի բան արված չէ, քանի որ կան վիճարկելի հատվածներ, ճանապարհի հետ կապված հարցեր եւ այլն: Ամբողջ երկիրն էլ գիտի, որ գոյություն ունի միջպետական ավտոճանապարհ, եւ հենց այդ տարածքների մասին է խոսքը:

– Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները տեղի բնակիչների կարծիքը հաշվի չեն առնում, այսպես կոչված՝ սահմանազատում սկսելուց առաջ:

– Մենք հանդիպել ենք իշխանությունների հետ, մեր կարծիքը շատ հստակ ասել ենք, թե ինչքանով են հիմա մեզ լսել, ինչքանով` ոչ, դա էլ արդեն հետո կերեւա:

– Ի՞նչ կարծիք եք հայտնել եւ ո՞ւմ:

– Իշխանություններին, եւ դա միայն իմ կարծիքը չի եղել, եղել է ամբողջ Ոսկեպար գյուղի բնակչության կարծիքը: Մենք նշել ենք, որ դա միայն տարածք չէ, դա ապրելու իրավունքի հարց է:

– Այսինքն` ողջ գյուղը դեմ է այդ պրոցեսին:

– Ո՞վ կարող է կողմ լինել: Օրինակ, Դուք կո՞ղմ եք, որ միջպետական ճանապարհն անցնի Ադրբեջանին: Վստահ եմ, որ Դուք էլ կողմ չեք:

– Ֆրանսիայի դեսպանը հակառակն է պնդում, ասում է` կողմ եք, ասում է` զրուցել է բնակիչների հետ, գոհ են:

– Դե, Ալիեւն էլ ասում է՝ Հայաստան գոյություն չունի, գոյություն ունի Արեւմտյան Ադրբեջան: Ի՞նչ անենք, լսենք՝ ով ի՞նչ է խոսում: Թող Ֆրանսիայի դեսպանը գա, Ոսկեպարի ժողովրդին հարցնի, լրիվ ճիշտը կասենք իրեն: Թե չէ ամեն մեկն իր քաղաքական շահերն ունի, խոսում եւ առաջնորդվում է այդ շահերով: Ես էլ ի՞նչ կարող եմ ասել:

– Դուք հավատո՞ւմ եք Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղությանը:

– Ես 60 տարեկան մարդ եմ, սաղ կյանքս թուրքի հարեւանությամբ եմ ապրել: Խաղաղություն միայն մեկ դեպքում է հնարավոր, երբ մենք ուժեղ ենք, երբ թուրքը մեզնից վախենում է: Հենց մենք վախեցանք թուրքից, խաղաղության երես չենք տեսնելու, մոռացեք: Քանի պայմանագրի տակ ուզում ես ստորագրի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս