Բաժիններ՝

Փարիզում հանդիպման ժամանակ ղեկավարների միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ. FT

Փարիզում Ուկրաինայի հարցով մի շարք երկրների և կառույցների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ հանդիպման ընթացքում որոշ հարցերի շուրջ սուր հակասություններ են առաջ եկել։ Ղեկավարները չեն կարողացել համաձայնության հասնել հետագա գործողությունների, այդ թվում՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու շուրջ։

Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

Հրապարակման համաձայն՝ եվրոպական երկրների միջև այս առանցքային հանդիպման ժամանակ հակասություն է առաջացել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ։ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Իսպանիան փետրվարի 17-ին հայտարարել են, որ չեն ցանկանում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Սրանից ընդամենը ժամեր առաջ Բրիտանիան հայտարարել էր, որ պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը: 

Հանդիպման մասին տեղյակ պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիան առաջարկել է զինված ուժեր տեղակայել ապագա շփման գծից այն կողմ: Այնուամենայնիվ, փարիզյան հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զորքերի տեղակայման մասին քննարկումն անվանել է «չափազանց անտեղի»՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը դեռ շարունակվում է։«Նման քննարկումը բոլորովին վաղաժամ է, և հիմա դրա համար հարմար ժամանակը չէ»,- Շոլցի խոսքերն է մեջբերում FT-ն։

 Շոլցը նման քննարկումներն անվանել է «անհասկանալի վեճ սխալ պահին և սխալ թեմայով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս