
Վենսի ջախջախիչ Մյունխենյան ելույթն ու Փաշինյանի իշխանության մարտահրավերը․ ի՞նչ է սպասվում իրենց լիբերալ հռչակած էլիտաներին Թրամփի օրոք

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի ելույթը նախօրեին բացված Մյունխենի Անվտանգության 61-րդ միջազգային համաժողովի առաջին իսկ օրը՝ իր կոշտ շեշտադրումներով ու արևմտյան ներկայիս ժողովրդավարությանը, եվրոպացի քաղաքական գործիչներին ուղղված խիստ քննադատությամբ, ցնցեց աշխարհն ու հատկապես եվրոպական մայրցամաքը։
Վենսը եվրոպացի չինովնիկներին մեղադրեց հակաժողովրդավարության մեջ՝ թաքնվելով ժողովրդավար արժեքների և կարգախոսների ներքո։ Թրամփի վարչակազմի անունից այս հիմնարար ելույթով, որն ԱՄՆ նախագահը որակեց փայլուն և հորդորեց եվրոպացի քաղաքական գործիչներին չնեղանալ, Վենսը նմանվեց Պուտինին, ով ևս 2007 թվականի փետրվարի 10-ին առանցքային ելույթով հանդես եկավ նույն այս հարթակում՝ խոսելով ժամանակակից համաշխարհային քաղաքականության միաբևեռության անհնարինության, ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի և դերի տեսլականի մասին։
Եվրոպական ժողովրդավարությանը սպառնացող հիմնական սպառնալիքի մասին
Իր ելույթի սկզբում ԱՄՆ փոխնախագահ Վենսն ընդգծեց ամերիկյան նոր վարչակազմի ցանկությունը՝ հասնել ուկրաինական հակամարտության «ողջամիտ» կարգավորման և եվրոպական դաշնակիցներից ավելի մեծ ներդրում ստանալ անվտանգության ոլորտում։ Նա նշեց, որ համաժողովում ավանդաբար քննարկվում են եվրոպական անվտանգության մասին հարցեր, սակայն կցանկանար խոսել այլ մարտահրավերների մասին։ «Եվրոպայի համար ինձ ամենաշատն անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը, Չինաստանը կամ որևէ այլ արտաքին դերակատար չէ: Դա սպառնալիքն է Եվրոպայի ներսից՝ եվրոպական նահանջն իր որոշ հիմնարար արժեքներից, արժեքներից, որոնք կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ասաց նա։
Վենսը բացատրեց, որ ԱՄՆ-ը ցնցված է նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի հայտարարությունից, ով պաշտպանել է նոյեմբերի 24-ին Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեղարկելու որոշումը՝ ռուսական ենթադրյալ ազդեցության պատճառով։ «Ես կցանկանայի խնդրել իմ եվրոպացի ընկերներին այլ տեսանկյունից նայել այս հարցին: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը սխալ բա՞ն է անում, երբ գովազդ է գնում սոցիալական ցանցերում՝ ձեր ընտրությունների վրա ազդելու համար: Այո, համաձայն ենք։ Դրա համար կարող եք քննադատել նրանց համաշխարհային բեմում: Բայց եթե ձեր ժողովրդավարությունը կարելի է ոչնչացնել մի քանի հարյուր հազար դոլարով, որն օտար տերությունը ծախսել է նման գովազդի վրա, ապա այդ ժողովրդավարությունն այնքան էլ ուժեղ չէ»,- ասաց նա։
Վենսի մոտ վրդովմունքի առանձին պոռթկում է առաջացրել այն, որ Մյունխենի համաժողովի կազմակերպիչները չեն հրավիրել պոպուլիստական աջ ու ձախ կուսակցությունների խորհրդարանականներին։ ԱՄՆ փոխնախագահը բացատրել է, որ թեև եվրոպացի առաջնորդները չպետք է համաձայնեն իրենց քաղաքական հակառակորդների հետ, նրանք պետք է բաց լինեն երկխոսության համար նրանց հետ, ովքեր ունեն նշանակալի ընտրազանգված։
«Մեզնից շատերի համար Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմն ավելի ու ավելի է նմանվում հին արմատացած շահերին, որոնք թաքնված են խորհրդային ժամանակաշրջանի տգեղ բառերի հետևում, ինչպիսիք են «ապատեղեկատվությունը» և « ոչ հավաստի տեղեկատվությունը»: Թեև նրանց պարզապես դուր չի գալիս այն միտքը, որ այլընտրանքային տեսակետ ունեցող մեկը կարող է այլ կարծիք հայտնել, կամ, Աստված մի արասցե, այլ կերպ քվեարկել, կամ ավելի վատ՝ հաղթել ընտրություններում»,- ասել է Վենսը։
Գրաքննության և խոսքի ազատության մասին
ԱՄՆ փոխնախագահը նաև տագնապ է հայտնել «սառը պատերազմի հաղթող» երկրներում խոսքի ազատության աճող սահմանափակումների առնչությամբ։ Նա ցույց տվեց այս կետը՝ պնդելով, որ Բրյուսելում եվրահանձնակատարները պատրաստ են արգելափակել սոցիալական մեդիան քաղաքացիական անկարգությունների ժամանակ՝ «հրդեհային» բովանդակության տարածումը զսպելու ցանկության քողի ներքո, իսկ Գերմանիայում արշավանքներ են իրականացվել այն անձանց դեմ, ովքեր հրապարակում են «հակաֆեմինիստական» գրառումներ։
«Եվ, թերևս, ամենատագնապալին այն է, որ ես նայում եմ մեր շատ սիրելի ընկերներին՝ Միացյալ Թագավորությանը, որտեղ «խղճի իրավունքների» նահանջը սպառնում է, մասնավորապես, կրոնական բրիտանացիների հիմնարար ազատություններին»,- ասել է Վենսը:
Ամերիկացի քաղաքական գործիչը քննադատել է բրիտանացի Ադամ Սմիթ Կոննորի նկատմամբ կիրառված պատիժը՝ հիմնվելով այն բանի վրա, որ նա խախտել է հղիության արհեստական ընդհատման կլինիկայի շուրջ «անվտանգության պարագիծը»՝ աղոթելու իր չծնված երեխայի համար (դատավորները, ի վերջո, պարզել են, որ նա խախտել է օրենքը, որն արգելում է հղիության արհեստական ընդհատման հակառակորդներին ազդել հիվանդների ցանկացած գործողությունների վրա):
Վենսը նաև ծաղրել է Միացյալ Նահանգներին ուղղված մեղադրանքները Գերմանիայի ընտրություններին միջամտելու համար՝ կապված DOGE-ի նախագահ Իլոն Մասկի կողմից ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության աջակցության հետ: «Եթե ԱՄՆ-ը կարողացավ դիմանալ Գրետա Թունբերգի տասը տարվա բողոքներին, դուք կարող եք համակերպվել Իլոն Մասկի մի քանի ամիսների հետ: Ժողովրդավարությունը կառուցված է այն սկզբունքի հիման վրա, որ մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, այլ ոչ թե լռեցվի»,- ասել է Վենսը։
Եվրոպայի համար ամենահրատապ մարտահրավերի մասին
Ըստ Վենսի՝ եվրոպական անվտանգության բոլոր մարտահրավերներից ամենահրատապը զանգվածային միգրացիան է։ «Այս իրավիճակը վակուումում չի առաջացել։ Սա այս մայրցամաքի և աշխարհի այլ մասերի քաղաքականություն մշակողների կողմից վերջին տասնամյակի ընթացքում ընդունված գիտակցված որոշումների արդյունքն է»,- ասաց նա:
Ամերիկացի փոխնախագահը նաև ասել է, որ հենց միգրացիոն ճգնաժամն է առաջացրել նախօրեին Մյունխենում տեղի ունեցած ենթադրյալ ահաբեկչությունը։
«Սա սարսափելի պատմություն է. Մենք դա շատ հաճախ ենք լսել Եվրոպայում և, ցավոք, շատ հաճախ ԱՄՆ-ում: Ապաստան հայցողը, հաճախ՝ 20-ն անց երիտասարդը, ով արդեն հայտնի է ոստիկանությանը, իր մեքենան քշում է ամբոխի մեջ և խաթարում մի ամբողջ քաղաքի կյանքը: Եվս քանի՞ անգամ պետք է դիմանալ նման սարսափելի իրավիճակներին, նախքան կուրսը փոխենք և մեր ընդհանուր քաղաքակրթությունը նոր ուղղությամբ տանենք»,- դիմեց նա համաժողովի մասնակիցներին։
Վենսի խոսքով, եվրոպացի ընտրողները չեն քվեարկել չվերահսկվող միլիոնավոր միգրանտների առջև դռները բացելու օգտին։
Ինչպես եվրոպացիներն արձագանքեցին ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններին
Եվրոպական երկրների, այդ թվում՝ համաժողովի ներկայացուցիչների արձագանքը կանխատեսելի էր։ Ուկրաինական պատվիրակության անդամ, Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն նկարագրել էր. «Դահլիճում գտնվողները ցնցված էին… Վենսի ելույթի մեծ մասի ընթացքում եվրոպացի առաջնորդներն ու պաշտոնյաները նայում էին միմյանց, և ծափահարություններ գրեթե չկային»:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն իր ելույթում ասել է. «Մեր ժողովրդավարությունը հենց նոր կասկածի տակ դրվեց Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից: Նա խոսեց ժողովրդավարության կործանման մասին. Եվ եթե ես նրան ճիշտ եմ հասկանում, նա Եվրոպայի որոշ մասերում տիրող իրավիճակը համեմատում էր ավտորիտար ռեժիմների հետ… սա անընդունելի է»։
Շվեդիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդը սոցիալական ցանցերում գրել է, որ Վենսի ելույթը զգալիորեն ավելի վատն էր, քան շատերն էին սպասում, որևէ առնչություն չուներ եվրոպական և համաշխարհային անվտանգության մարտահրավերների հետ և կարող է դիտվել՝ որպես Գերմանիայում նախընտրական քարոզարշավի վրա ազդելու փորձ։
Վենսի ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել նաև հայաստանյան քաղաքական և լրատվական շրջանակներում, ինչը սպասելի է, քանի որ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թերևս եվրոպական մայրցամաքում այդ լոզունգներով աջակցություն փնտրող ամենաակտիվ իշխանությունն է, որն անընդհատ խոսում է ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտության, ժողովրդավարական ինչ-ինչ արժեքների մասին՝ զուգահեռաբար հետապնդելով սեփական քաղաքական հակառակորդներին՝ նրանց բանտարկելով, ինչպես նաև ազատ խոսք հնչեցնող քաղաքացիներին։ Մի կողմից՝ ԱՄՆ փոխնախագահը խոսում է ճշմարտությունների մասին, որոնք որևէ մեկը չի համարձակվել նման ամբիոնից բարձրաձայնել, մյուս կողմից էլ՝ պարզ չէ, թե արդյոք այդ սկզբունքները պահպանվելո՞ւ են Թրամփի վարչակազմի կողմից և արդյո՞ք այս ռազմավարությունն իսկապես խաղաղություն ու կայունություն է բերելու աշխարհ։
Ի՞նչ կփոխի փոխնախագահ Վենսի ելույթը
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Վենսի ելույթը հավաքականորեն այն էր, ինչից վերջին տասնամյակների ընթացքում խոսում են քաղաքական գործիչները Ռուսաստանից, մասնավորապես՝ նախագահն ու արտգործնախարարը։ Նրա խոսքով, իսկապես Վենսի ելույթը համեմատելի է Պուտինի հայտնի Մյունխենյան ելույթի հետ, որը ևս համակարգային էր, կանխորոշող հետագա զարգացումները։
«ՌԴ ղեկավարը ևս այն ժամանակ մեծ քննադատության արժանացավ, և դա դարձավ նրա վերջին ելույթն այդ հարթակում, դրանից հետո նա այլևս չի մասնակցել այդ միջոցառմանը, սակայն այդ ելույթը հիշում են մինչև հիմա, քանի որ բազմաբևեռ աշխարհակարգի մասին խոսակցությունն ըստ էության գործնական փուլ մտավ այդ ելույթից հետո։
Մենք մշտապես խոսել ենք լիբերալ ժողովրդավարության ճգնաժամից, երկակի չափանիշներից, սա՛ է հենց աշխարհաքաղաքական պայքարի բուն էությունը և սա բավականին բարդ պայքար է լինելու, քանի որ չի բացառվում, որ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները սրվեն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ Վենսի ելույթի նպատակը Եվրոպայում իրավիճակ փոխելն է, ժողովրդավարության ներկայիս տեսքը ջարդելն է։
«Բնականաբար, այն պետք է քննադատության արժանանա ներկայիս գործիչների կողմից, քանի որ այդ ելույթի թիրախը նրանք են, և սրանով կասկածի տակ է դրվում այդ գործիչների ապագան՝ որպես իշխանության ներկայացուցիչ։ ԱՄՆ-ը սա պատահական չի անում, սա համակարգային քաղաքականություն է։
Տարասովը գտնում է, որ ԱՄՆ-ում նման վարչակազմի ներկայությունը չափազանց առանցքային հանգամանք է։
«Այս վարչակազմը շատ բարձր նշաձողեր է դնում, որոնք վտանգավոր են նաև իրենց համար, սակայն սա այն է, ինչով ապրելու է ԱՄՆ-ը, Եվրոպան, Արևմուտքն ու աշխարհի մյուս մասն առաջիկա տարիներին։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ը, Ռուսաստանը պատրաստվում են բանակցությունների. դրանք հեշտ չեն լինելու, սակայն անհնար էլ չեն լինելու, ինչպես ցույց տվեցին վերջին օրերի զարգացումները։ Թրամփի վարչակազմի քայլերն աղմկահարույց կարող են թվալ, բայց Ռուսաստանի համար դրանք հասկանալի են ու պարզ։ Հայտարարվում է, որ ԱՄՆ-ը չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, ԵՄ-ն ինքը պետք է սեփական անվտանգության համար ներդրումներ անի, Ուկրաինայի դեպքում վերադարձ անցյալին չի կարող լինել, դա իրատեսական չէ։ Մյուս կողմից՝ հայտարարությունները իսրայելապաղեստինյան հակամարտության վերաբերյալ լուծումների հարցով միանշանակ չեն, և ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղով կընթանա այս ամենը»,- նկատեց նա։
Տարասովի կանխատեսմամբ, Թրամփի քաղաքականությունը եվրոպական մայրցամաքի ուղղությամբ Եվրոպային այլ ելք չի թողնելու, քան կենտրոնանալ սեփական ներքին խնդիրները համակարգելու վրա։
«Կարծում եմ՝ առաջիկայում ԵՄ-ն իսկապես այլ ելք չի ունենա, քան կենտրոնանալ ներքին օրակարգերի ու ուկրաինական ուղղության վրա, և այստեղ ԱՄՆ-ի հետ հակասությունները շատ են լինելու։ Ներքին օրակարգեր ասելով՝ նկատի ունեմ ներքին պայքարը Եվրոպայում, որն այս ելույթով սրվելու է։ Բացի այդ, շատ հարցերում ԱՄՆ-ը ետ է քաշվում, նահանջում է, և Եվրոպան ինքը պետք է լուծի մի շարք հարցեր, սա ևս խնդիրներ է ստեղծելու ԵՄ-ի համար։ Դուք կհամոզվեք, որ առաջիկայում ԵՄ-ն լիովին կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա, որոնք ավելանալու են, ուստի մի շարք ուղղություններում, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ հետաքրքրությունը պակասելու է։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը ևս չունի ռեգիոնի նկատմամբ այն հետաքրքրությունը, ինչ նախորդները, շահերի հետապնդման ձևը նույնպես տարբեր է լինելու այդ վարչակազմի դեպքում։
Սա ինքնին մարտահրավեր է ՀՀ իշխանությունների համար, որոնք փորձում են այդ ճակատում խաղալ։ Մարտահրավերային են նաև շեշտադրումները ժողովրդավարության մասին, որն այցեքարտ է դարձրել ՀՀ իշխանությունը։ Այսինքն՝ լիբերալ ժողովրդավար էլիտաները և նրանց հետևող այլ ուժերն այլևս մտածելու լուրջ հարցեր ունեն»,- ասաց նա։