
Մեր ստորագրությունները տալիս ենք. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցությունն իր 28 պատգամավորի ստորագրությունը փոխանցում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործըթնաց սկսելու համար։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունն ամբողջովին համամիտ է «Պատիվ ունեմ»–ի հայտարարությամբ ներկայացված փաստերի ու հիմնավորումների հետ։
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումները, որ Փաշինյանի կառավարման շրջանում բազմաթիվ անգամ խախտվել է մեր սահմանադրական կարգը, նա գործել է պետական դավաճանության հատկանիշներով և նրան պաշտոնազրկելու իրավաքաղաքական հիմքերն անհերքելի են։ Մենք կողմ ենք այս հայտարարությանը և կողմ ենք քվեարկելու»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ իրենք միանում են իմպիչմենտի գործընթացին և այդ մասին իրենք հայտարարել են դեռ երեք ամիս առաջ։
Նշեց, որ հիմա այն պահն է, որ բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել իշխանական պատգամավորների վրա, որպեսզի կարողանան ունենալ պակասող անհրաժեշտ ստորագրությունները և սկսել գործընթաց։
«Հաշվի առնելով նոր իրողությունը և մեր գործընկերների վստահեցումները, ես մեր խմբակցության գործընկերների կողմից երեք ամիս առաջ դրված ստորագրությունները հիմա կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը` կցելու իմպիչմենտի գործընթացին և ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ հիմա։ Հիմա ուշադրություն` խուսափելու համար թյուրիմացություններից` եթե դա չբավարարի ու ֆիքսվի, որ տեխնիկական խնդիր կա, այս ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն ձևաթղթի տակ, որը ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց` ակնկալում է, որ ողջամիտ ժամանակահատվածում հնարավոր կլինի լրացնել պակասող ստորագրությունները և իմպիչմենտի իրական մեկնարկը տալ ԱԺ դահլիճում։
Սաղաթելյանի այս ելույթին հետևեցին ծափահարություններ։