Բաժիններ՝

Պուտինը հանդիպել է ԱԷՄԳ ղեկավարի հետ

Ռուսաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը հաստատվել է գործնականում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գլոբալ միջուկային անվտանգության ոլորտում։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։

«Համագործակցություն է հաստատվել գործնականում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռուսական էներգետիկայի զարգացման, Ռուսաստանից դուրս նախագծերին Ռուսաստանի մասնակցության և այլ հարցերի, առաջին հերթին՝ համաշխարհային միջուկային անվտանգության հարցում», – ասել է Պուտինը։

Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը փորձում է օգնություն տրամադրել ԱԷՄԳ-ին կարևոր խնդիրների լուծման գործում։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս կառուցողական փոխգործակցության համար և վստահեցնել, որ կանենք մեզնից կախված ամեն ինչ ձեր աշխատանքին աջակցելու համար», – ասել է Պուտինը։

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Գրոսիին Մոսկվա կատարած այցի և Գլոբալ ատոմային ֆորումին մասնակցելու համար։Իր հերթին Ռաֆայել Գրոսին նշել է, որ շատ երկրներ հետաքրքված են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ։

«Ռուսաստանն առաջատար դեր է խաղում շատ երկրներում, և շատ երկրներ հետաքրքրված են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ, մենք դա տեսնում ենք այսօր. դրանք Ասիայի և Աֆրիկայի երկրներն են։ Սա իսկապես կարևոր պահ է, և Գործակալության ներկայությունը նույնպես կարևոր է նման նախագծերին աջակցելու և դրանք կառուցողական ձևով իրականացնելու համար», – նշել է նա։

Գրոսին ընդգծել է Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ հարցերի քննարկման կարևորությունը։ Պուտինի և Գրոսիի հանդիպմանը մասնակցել է նաև «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս