Ինչպե՞ս բուժել մազաթափությունը
Մազաթափությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանն անհանգստացնող խնդիրներից մեկը: Խիտ և առողջ մազեր ունենալը յուրաքանչյուրիս երազանքն է: Մազաթափությունը կարելի է ծածկել տարբեր սանրվածքներով, գլխարկներով և շալերով, սակայն, արդյունքում՝ մենք այս ամենով ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խուսափում ենք դրանից: Բազմաթիվ ժողովրդական դեղատոմսեր կան, որոնք օգնում են ազատվելու այս խնդրից:
Մազաթափությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում: Տարիքի հետ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ թափվում են մազերը: Դրանք կարող են թափվել միանգամից կամ աստիճանաբար: Մազաթափությունը կարող է լինել ժամանակավոր և մշտական: Օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ: Եթե գլխամաշկին 100.000 մազ կա, ապա խնդիր չի օրական 100 մազ կորցնելը, սակայն, եթե այս ամենը տևական երևույթ է դառնում, ապա անհանգստանալու կարիք կա:
Մազաթափության պատճառները
Հորմոններ
Ճաղատության ամենագլխավոր պատճառը հորմոններն են և գենետիկան: Որոշ դեպքերում հորմոնների անհավասարակշռությունը կարող է հանգեցնել մազերի մշտական կորստի: Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակն է պատասխանատու մազաթափության համար, իսկ կանանց մոտ՝ հղիության, երեխաների ծնունդի, հղիությունը կարգավորող դեղահաբեր ընդունելու, կլիմաքսի շրջանում է առաջանում մազաթափություն:
Դեղահաբեր և հիվանդագին վիճակներ
Մաշկի ինֆեկցիաները, գլխամաշկի ինֆեկցիաները, վահանագեղձի դրությունը նպաստում են մազաթափությանը: Քաղցկեղի դեմ քիմիաթերապան, դեպրեսիայի, արյան բարձր ճնշման, վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորման, սրտի խնդիրների համար օգտագործվող դեղամիջոցները նույնպես նպաստում են մազաթափությանը:
Անդրոգենիկ մազաթափություն
Ժառանգական գործոնները նույնպես դեր ունեն կանանց և տղամարդկանց մազաթափության հարցում: Տղամարդկանց մոտ մազաթափությունը նկատվում է գլխամաշկի վրա, իսկ կանանց մոտ մազի խտությունը նվազում է գանգի առջևի և գագաթի մասում:
Տեղային ալոպեցիա
Սա ավտոիմունային հիվանդություն է, երբ մազերի ֆոլիկուլների վրա հարձակվում են իմունային համակարգի բջիջները: Այս հիվանդությունը սկսվում է մանկական տարիքում, և այն ապետք է ժամանակին բուժել:
Սպիանման ալոպեցիա
Այս հիվանդության ժամանակ մազի ֆոլիկուլը ոչնչանում է, և նրա տեղ ձևավորվում է սպիի հյուսվածք:
Վատ սնունդ
Մազաթափությունն առաջանում է վատ սննդի, խիստ դիետաների և ոչ կանոնավոր սնվելու արդյունքում: Սննդի մեջ սպիտակուցների և երկաթի պակասը հանգեցնում են մազաթափության:
Վիտամին A
Չափից շատ վիտամին A-ի ընդունումը նույնպես հանգեցնում է մազաթափության:
Տրիխոտիլոմանիա
Սա մի վիճակ է, որի ժամանակ անհատը կամովին պոկում է իր գլխի կամ մարմնի ցանկացած մասի մազերը:
Այլ: Սթրեսը, կլիմաքսը, երեխայի ծնունդը նույնպես մազաթափության պատճառներից են:
Ժողովրդական դեղատոմսեր՝ մազաթափությունը վերացնելու համար
Ձիթայուղ
Ձիթայուղը մազաթափության դեմ պայքարող հիանալի միջոց է: Ձիթայուղը պետք է քսել ոչ միայն գլխամաշկին, այլև մազերին: Այն ամրացնում է մազերը` արմատներից մինչև ծայրերը, և կանխում մազաթափությունը: Ձիթայուղը գլխից հեռացնում են կերակրի սոդայով:
Մանանեխի ձեթ և հինայի տերևներ
Հինայի տերևների և մանանեխի ձեթի խառնուրդը նպաստում է մազերի աճին և բուժում է ճաղատությունը: Հինայի տերևները եռացնել մանանեխի ձեթի հետ, թողնել, որ սառչի: Ամեն օր այս ձեթով մերսեք գլխամաշկը, և արդյունքը երկար սպասեցնել չի տա ձեզ:
Սոխ
Սոխը բարենպաստ ազդեցություն է թողնում մազաթափության ժամանակ: Սոխը մանր կտրատել և խյուսը քսել գլխամաշկին: Որոշ ժամանակ անց կարելի է գլխամաշկին մեղր քսել: 30 րոպե անց գլուխը լվանալ տաք ջրով:
Սպանախ և հազար
Եթե մազերը թափվում են վիտամինի պակասից, ապա սպանախի և հազարի հյութը պետք է քսել գլխամաշկին: Կարելի է նաև խմել հազարի և գազարի հյութ, որպեսզի մազաթափությունը դադարի:
Տզկանեփի ձեթ
Տզկանեփի ձեթը նպաստում է մազերի աճին և կանխում մազաթափությունը: Տզկանեփի ձեթը քսեք գլխամաշկին և ծածկեք գլուխը: 15-20 րոպե անց լվացեք գլուխը տաք ջրով:
Գլխի մերսում
Գլխի մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը, որն իր հերթին՝ ակտիվ կարգավիճակում է պահում ֆոլիկուլները: Գլխի մերսման համար հարմար է օգտագործել նշի կամ կոկոսի ձեթ: Գոլից մի քիչ տաք ձեթով մերսումը կհանի սթրեսը և կօգնի հանգստանալ:
Առողջ սննդակարգ
Մազաթափությունը երկաթի և սպիտակուցների պակասից է առաջանում: Սննդակարգում ներառեք բանջարեղեն, ոսպ, կաթնեղեն, ձուկ և թռչնամիս, որոնք հարուստ են սպիտակուցով և երկաթով:
Այլ: Հնարավորինս խուսափեք մազերի լաք, գել, ժելե, մազի ներկ, վարսահարդարիչ օգտագործելուց, քանի որ այս բոլորը վնասում են մազերը և նպաստում դրանց կոտրվելուն: Խուսափեք նաև մազերն ագրեսիվ սանրելուց: