Բաժիններ՝

Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված երթ՝ Օտտավայում (ֆոտոշարք)

Ապրիլի 24-ին շուրջ հազար չորս հարյուր հայեր, հիմնականում՝ Օտտավայից, Տորոնտոյից, հարավային Օնտարիոյից և Մոնրեալից, հավաքվել էին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում և խաղաղ երթով հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի կառավարության կողմից արտոնված միջոցառում և խաղաղ երթ տեղի ունեցավ: Արդեն 45-րդ տարին է, Կանադայի հայ համայնքը գալիս է Օտտավա՝ հիշեցնելու 1915թ. մասին, սակայն այս անգամ միջոցառումը տարբերվում էր նրանով, որ ակնհայտորեն Թուրքիայի դեսպանատան ջանքերի արդյունքում՝ երթի մասնակիցներին Թուրքիայի դեսպանատան մոտ դիմավորեցին թուրքեր և ադրբեջանցիներ՝ փորձելով խափանել միջոցառումը:

Այսպիսի նախադեպ նախկինում չէր եղել, և ակնհայտ է, որ Թուրքիայի դեսպանատունը ջանքեր չէր խնայել Օտտավայում գտնվող թուրքերին և ադրբեջանցիներին հավաքագրելու համար: Այսպիսի հակազդեցության Կանադայի հայերը հանդիպել են միայն մեկ անգամ, այն էլ՝ 2004-ին, երբ հայկական համայնքի ներկայացուցիչները եկել էին Օտտավա՝ Կանադայի խորհրդարանին և կառավարությանը Ցեղասպանությունն ընդունելու համար շնորհակալություն հայտնելու նպատակով: Խաղաղ միջոցառման ժամանակ Օտտավայում հայերին դիմավորել էր շուրջ երեսուն թուրք՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Չնայած այս ամենին, այս անգամ նույնպես հայկական համայնքը բարձր մակարդակով կազմակերպված խաղաղ երթով քայլեց դեպի Թուրքիայի դեսպանատուն և հաղորդեց իր ուղերձը: Ցեղասպանության  98-րդ տարելիցի կապակցությամբ արտոնված միջոցառումը ներառում էր Օտտավայի Խորհրդարանի դիմաց տեղադրված հարթակից ելույթներ, այնուհետև խաղաղ երթ՝ դեպի Թուրքիայի դեսպանատուն, և ելույթների ու հարգանքի տուրքի միջոցառում դեսպանատան հարակից տարածքում:
 

Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ՝ Թուրքիան ակտիվացնում է ժխտողական քաղաքականությունը

Հարկ է նշել, որ վերջին շրջանում Թուրքիայի կառավարությունը ջանք չի խնայում միջնորդել Կանադայի կառավարությանը՝ ետ կանգնել Ցեղասպանությունը ճանաչող իր որոշումից: Կանադայում Թուրքիայի դեսպանատունը տարբեր մակարդակներով ակտիվ քաղաքականություն է վարում՝ փորձելով Կանադայի կառավարությանը համոզել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Բոլորովին վերջերս կանադական մամուլում հայտնվեցին Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալիի կոչը կանադական կառավարությանը՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից և քայլ կատարել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Ընդ որում, տարբեր պարբերականներում և թերթերում հայտնվում էին նույն կոնտեքստով հոդվածներ, ինչը նշանակում է, որ ակնհայտորեն Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ ակտիվ քաղաքականություն է սկսել՝ Կանադայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու ուղղությամբ: Մասնավորապես, ապրիլի 8-ին Կանադական «Մետրո Նյուզ» պարբերականում տպագրված հոդվածը, որը վերնագրված էր՝ «Թուրքիան պնդում է, որ Ցեղասպանության պիտակավորումն աղավաղում է առևտրային բանակցությունները Կանադայի հետ», անդրադարձ էր կատարել Թուրքիայի դեսպանի հայտարարություններին: Մեջբերելով «Կանադական Մամուլ» պարբերականին դեսպան Բաբալիի տված լայնածավալ ասուլիսը, պարբերականը նշում է, որ ըստ Թուրքիայի դեսպանի՝ Կանադան և Թուրքիան շատ բան ունեն միմյանց տալու, և Կանադայի կողմից առևտրային հարաբերությունների զարգացմանը խոչընդոտ է հանդիսանում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի սպանդը՝ «որպես Ցեղասպանություն պիտակավորելը»:

Միջոցառում Կանադայի խորհրդարանի դիմաց

Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Կանադայի խորհրդարանի առջև, որտեղ բաց տարածքում հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր՝ լսելու հրավիրված անձանց և պաշտոնյաների ելույթները: Ելույթի խոսքով հանդես եկան հայկական եկեղեցու հոգևոր հայրերը, Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, պատվավոր հյուրեր, ներկայացուցիչներ Կանադայի իշխող երեք կուսակցություններից, ինչպես նաև՝ պաշտոնյաներ, ովքեր իրենց ավանդն են ունեցել Կանադայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործում:

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում նշեց, որ համայն հայության պարտքն է՝ գիտակցել և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ցեղասպանության ժխտումն այդ հանցանքի ուղղակի շարունակությունն է: Դեսպանը նաև նշեց, որ այս տարի առաջին անգամ Կանադան ներկայացնող պատվիրակություն է այցելել Հայաստան՝ ներկա գտնվելու նախագահի երդմնակալության արարողությանը, ինչը խոսում է երկու երկրների միջև խորացող բարեկամական հարաբերությունների մասին:

Պաշտոնյաների ելույթից հետո խոսքը տրվեց Կանադայի Միջազգային ազգերի կազմակերպության խորհրդի անդամ, նախկին խոսնակ Դեյվիդ ՈՒորներին, ով հավաքվածների համար կարդաց Ցեղասպանությանը նվիրված՝ իր գրած բանաստեղծությունը: «1915թ. ապրիլի 24-ը հայտնի է՝ որպես մարդկության հանդեպ դավաճանության օր: Նախապես մշակված մեթոդաբանությամբ կատարվել է խաղաղ ժողովրդի սպանդ: Գյուղ առ գյուղ երիտասարդները զենքի սպառնալիքի տակ իրենց իսկ մարմինների համար նախատեսված փոսերն են փորել»,- նշեց Դեյվիդ ՈՒորները:

Մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր ուղարկել Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին: «Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվին, ահավոր էջ է մարդկության պատմության մեջ: Ինչպես սուրբ Ջոհն Փոլ Երկրորդ Պապն է ասել, դա «արցունքների դար էր»: Կանադայի Սենատը և Ներկայացուցիչների պալատն օրինագիծ են ընդունել, որով 1915 թվականին Անատոլիայի տարածքում հայերի կոտորածն ընդունվում է՝ որպես Ցեղասպանություն, և դատապարտվում է՝ որպես մարդկության դեմ հանցանք: Մենք ջանքեր չենք խնայում, որպեսզի կանադացիները հիշեն անցյալի դասերը, և, որ այսպիսի ողբերգություններ այլևս տեղի չունենան: Օրինակ, այժմ ՈՒիննիփեգում կառուցվում է Մարդու իրավունքների թանգարան, որտեղ մշտական ցուցասրահ է հատկացվելու Հայոց ցեղասպանությանը»,- նշված էր նախարար Քեննիի ելույթում:

Կանադա-հայկական բարեկամական հանձնաժողովի նախագահ Հերոլդ Ալբրեքտի ելույթը Կանադայի Ներկայացուցիչների պալատում

Նույն օրը Կանադա-հայկական բարեկամական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հերոլդ Ալբրեքտը Ներկայացուցիչների պալատում հանդես եկավ ելույթով, որում, մասնավորապես, ասաց. «Ովքեր չեն հիշում անցյալը, հակված են կրկնելու այն:

Այս խոսքերով ես կոչ եմ անում միանալ և հիշել քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որը խլեց մեկ ու կես միլիոն հայերի կյանք՝ Օսմանյան Թուրքիայի ձեռքերով: Մենք հիշում ենք, և հիշելով ասում ենք՝ «այլևս երբեք», որ մարդկությունն այդպիսի ողբերգություն այլևս չտեսնի: Հարյուր-հազարավոր հայեր այսօր Երևանում հավաքվել են՝ հիշելու 1915թ. ողբերգությունը: Որպես Կանադա-հայկական բարեկամական խմբի նախագահ, ես այցելել եմ Հայաստան և տեսել ժողովրդավարության ուղին ընտրած այդ երկիրը: Նաև պատիվ եմ ունեցել հանդիպել հայկական ծագումով կանադացիների, ովքեր շատ բան են արել իմ համայնքի՝ Վաթերլոոյի շրջանի, և այս երկրի համար: Այսօր ես բոլոր կանադացիներին կոչ եմ անում՝ միանալ մեզ և հիշել»:

Խաղաղ երթ՝ դեպի Թուրքիայի դեսպանատուն

Կանադայի խորհրդարանի առջև տեղի ունեցած միջոցառմանը հաջորդեց խաղաղ երթ՝ դեպի Օտտավայում Թուրքիայի դեսպանատուն: Երթին մասնակցում էին տարբեր տարիքի մարդիկ, և աչքի էր հառնում այն փաստը, որ անկախ տարիքից, բոլորը, մեկ մարդու պես, մեկ առաքելության շուրջ հավաքված և նույն էներգիայով շարժվում էին առաջ: Մասնակիցների ձեռքներին Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով պաստառներ էին, և մարդիկ առաջ էին շարժվում՝ վանկարկելով Ցեղասպանությունը ճանաչելու տարբեր կոչեր: Փողոցներում մարդիկ՝ հավաքված, ոմանք՝ շենքերի պատուհաններից կախված, ուշադրությամբ հետևում էին երթի ընթացքին: Երթի թափորում կային նաև Ցեղասպանությունը վերապրած մարդկանց զավակներ: Նրանցից մեկը՝ Մոնրեալից Վարդի Թանիելյանը, պատմեց իր հոր պատմությունը. «Իմ հայրը, ով ութ տարի առաջ է մահացել, կոտորածների ժամանակ ութ տարեկան է եղել: Նա իր աչքերով տեսել է, թե ինչպես են իր մորը գլխատում, և, թե ինչպես է իր մոր գլուխը վայր ընկնում հողին: Լինելով փոքր երեխա, նա վազել է և գրկել է մոր գլուխը, բերել է և փորձել է կպցնել գլխատված մարմնին՝ հույս ունենալով, որ իր մայրը կպատասխանի»:

Երբ խաղաղ երթը մոտեցավ, Թուրքիայի դեսպանատան մոտ սպասում էր շուրջ հիսուն թուրք և ադրբեջանցի՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով, ինչպես նաև՝ տարբեր պաստառներով: Մասնավորապես, պաստառների վրա գրված էր՝ «դադարեցրեք սուտը», «պատմությունը թողեք պատմաբաններին», «1915-ը մեր բոլորի ցավն է», «հիշեք Խոջալուն», «դադարեցրեք թուրքերի էթնիկ զտումները Ղարաբաղում», և այլն: Հայկական թափորի մոտենալուն պես՝ մի պահ փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցին, սակայն Ոստիկանությունը շատ արագ  բարիկադներով անջատեց երկու կողմերին, իսկ հայկական երթի կազմակերպիչները կոչ արեցին՝ տեղի չտալ սադրանքներին, շրջվել մեջքով և շարունակել միջոցառումը:

Դեսպանատան հարակից տարածքում տեղադրված էր հարթակ՝ նախատեսված ելույթների համար: Ելույթներից զատ, նաև հնչեցին բանաստեղծություններ: Ելույթների միջև ընկած ժամանակահատվածում հայ երիտասարդները հերթով մոտենում էին և հատվածներ էին կարդում 1915-20թթ. տպագրված տարբեր կանադական թերթերից, որոնք լրացուցիչ վկայություն էին՝ դեսպանատանը, ինչպես նաև այդտեղի թուրք և ադրբեջանցի երիտասարդներին մեկ անգամ ևս հիշեցնելու այն, ինչ պարտադրվել է ջնջել իրենց պատմության դասագրքերից: Իսկ այդ ընթացքում հավաքված թուրքերը բղավում էին. ջանում էին ավելի բարձր բղավել, որ իրենց ականջներին ստիպեն չլսել այդ վկայությունները:

Ելույթ ունեցավ նաև Տեր Խաժակ Հագոբյանը, ով, մասնավորապես, ասաց. «Արդեն երեսունութերորդ տարին է, որ ես ամեն ապրիլի քսանչորսին գալիս եմ այստեղ, և պահանջատիրական ալիքը չի նահանջել: Մեր պապերը, որ մազապուրծ են եղել Եղեռնից, պայքարում էին հացի համար: Իրենց որդիները կառուցեցին մեր եկեղեցիները և տները: Ձեր հայրերը ձեզ տվեցին հաղթանակ և անկախություն: Իսկ ձեր պատգամն է լինելու՝ շարունակել և մեր հողերը վերադարձնել»:

Ի պատասխան հավաքված թուրքերի և ադրբեջանցիների վանկարկումներին, թե ՄԱԿ-ը չի ճանաչում Ցեղասպանությունը, Կանադայի Միջազգային ազգերի կազմակերպության խորհրդի ադամ Դեյվիդ ՈՒորները բարձրացավ հարթակ և հայերին խնդրեց շրջվել դեմքով դեպի դեսպանատուն, ժպտալ և ձեռքով ողջունել: «Կհարցնեք՝ ինչո՞ւ եմ խնդրում, որ ողջունեք: Որովհետև դեսպանը, որ հիմա պատուհանից նայում է, շատ ջանքեր է թափել այս ամենը բեմադրելու համար: Հեշտ չէ կեղծիք բեմադրելը: Փաստը, որ արդեն անհանգստացած են և մարդիկ են բերել բեմադրելու, արդեն իսկ նշանակում է, որ անհանգստացած են, և մենք հաղթանակին մոտ ենք: Իմացեք, պարոն դեսպան, հայը երբեք չի մահանում»:

Ամբողջ միջոցառման ժամանակ թուրքերն ու ադրբեջանցիները բղավում էին՝ փորձելով խանգարել:  Մի պահ եկավ, երբ բոլորը լռեցին, լուռ լսում էին, մինչև նորից հրահանգ ստացան շարունակել իրենց աղմուկը: Դա այն պահն էր, երբ բեմ բարձրացան Քեմբրիջից հայ երիտասարդներ, ովքեր դուդուկի մելամաղձոտ երաժշտության ներքո անգլերեն լեզվով արտասանեցին Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը: Երիտասարդների հիանալի արտասանության ներքո մի պահ թուրքերի աղմուկը լռեց. ուշադիր լսում էին՝ փորձելով որսալ անգլերեն բառերը: Սակայն շուտով սկսեցին նորից աղմկել: Իսկ երիտասարդների արտասանությունն իրոք հիանալի էր: Լռությունը շատ կարճ տևեց, գրեթե աննկատ, բայց շատ համոզիչ էր և ակնհայտ՝ հասկանալու համար, որ մի օր էլ Անկարայի ժխտողական քաղաքականությունն է այդպես լռելու:

Միջոցառման ավարտին մասնակիցները մոտեցան և ծաղիկ դրեցին Թուրքիայի դեսպանատան տարածքում Ծիծեռնակաբերդ հուշակոթողի տեսքով պատրաստված հարգանքի տուրքի հարթակին:

Այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի դեսպանատան անձնակազմը միջոցառմանը հետևում էր՝ նեղ պատուհաններից դուրս նայելով, այնպես, ինչպես նայում են իրենց իսկ պատմությանը:

Միջոցառման ընթացքում ոստիկաններից մեկին տրված հարցին, թե արդյո՞ք թուրքերի և ադրբեջանցիների հավաքն արտոնված էր, նա պատասխանեց, որ իրենց կողմից այդ օրն այդ այգում խորոված անելու արտոնություն է տրվել միայն: Հայերի հեռանալուց հետո թուրք և ադրբեջանցի երիտասարդները հրավիրվեցին դեսպանատուն, որտեղ հավանաբար կխրախուսվեն իրենց դերերի համար:

Ամբողջ երթի ընթացքում ոստիկանները շատ բարձր մակարդակով ապահովեցին երթի ազատ տեղաշարժը և անվտանգությունը, ինչի համար միջոցառման ավարտին երթի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Կանադայի կառավարությանը:

Երթի մասնակիցների մոտ, անկախ տարիքից, նկատվում էր նույն եռանդը, և բոլորը համախմբված էին նույն առաքելության շուրջ՝ անկախ նրանից, թե որտեղից են եկել:

Ակնհայտ էր, որ այդ եռանդը ոչ մի կերպ չի մարել տարիների ընթացքում. այն միևնույն ձևով փոխանցվում է սերնդից սերունդ: Ակնհայտ է, որ հետագա տարիներին այն ութ տարեկան տղան, որ առաջինն էր դրոշակը ձեռքին վազում, նույն եռանդով շարունակելու է՝ իր հետ բերելով նաև իր զավակներին: Այդ ամենը տեսնելով, հասկանում ես, որ Ցեղասպանության ճանաչումը պարզապես անխուսափելի է. արհեստական ջանքերով կարող ես զսպել, սակայն երբեք չես կարող կանգնեցնել բնականոն ընթացքով զարգացող գետի հունը:

Իսկ ինձ համար միակ տարբերությունը՝ Հայաստանում ամեն տարի մասնակցած երթի և Օտտավայում այս երթի միջև, այն էր, որ ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետության վրա անհամեմատ ավելի մեծ պատասխանատվություն կա, որը գուցե դեռ պատշաճ չենք գիտակցում: Հասկացա, որ անցած տարիների ընթացքում ընտրություններին քվեարկելով, ես քվեարկել եմ նաև այս մարդկանց և իրենց սերունդների փոխարեն, ում համար Հայաստանը ոչ միայն Հայրենիք է, այլ նաև դրոշակակիր և հույսի հանգրվան:

ԿԱՄՈ ՄԱՅԻԼՅԱՆ
Օտտավա-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս