Թուրքիայում ամեն 2-րդ մարդը հոգեբանական աջակցության կարիք ունի
Թուրքական «MetroPOLL» հետազոտական ընկերության 2025-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայում հասարակության հոգեբանական վիճակը մնում է մտահոգիչ։ «Հասարակական հյուծվածություն և վստահություն» զեկույցի համաձայն՝ քաղաքացիների 61 տոկոսը գտնվում է բարձր կամ շատ բարձր հոգեբանական հյուծվածության մակարդակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցվածների գրեփե կեսը նշել է, որ վերջին 1 տարում հոգեբանական աջակցության կարիք է զգացել, բայց մասնագետի օգնության դիմողների թիվը չափազանց ցածր է։ Դժվար պահերին քաղաքացիների մեծ մասը հենվում է ընտանիքի վրա, իսկ հոգեբանների կամ հոգեբույժների այցելածների թիվը չի գերազանցում հասարակության 2 տոկոսը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ առավել խոցելի խմբերն են կանայք, երիտասարդները, ուսանողներն ու գործազուրկները։ Միևնույն ժամանակ, երիտասարդների շրջանում երկրից հեռանալու ցանկությունը դարձել է լայն տարածում ունեցող միտում։
Զեկույցի հեղինակների գնահատմամբ էլ՝ սոցիալական և տնտեսական խնդիրները ձևավորել են երկարատև հոգեբանական լարվածության մթնոլորտ Թուրքիայում և վերջին տարում, որպես իրավիճակի լավագույն ցուցիչ, ընդգծվում է յուրաքանչյուր 2 մարդուց 1-ի հոգեբանական աջակցության կարիք ունենալու մասին:
