Պուտինի շնորհիվ է Նիկոլը պահել իշխանությունը․ դա աղետալի հետևանքներ է ունենալու ՌԴ-ի համար․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մանիպուլացնում է ժողովրդին, նշելով միայն գերիների վերադարձի հանգամանքը, բայց չնշելով, թե ինչի արդյունքում է դա տեղի ունեցել։

«Վաղը-մյուս օրն Ադրբեջանը կարող է ՀՀ քաղաքացիներին գերեվարել և պարտադրել փոխանակել նրանց իրենց ահաբեկիչների հետ։ Ես ինքս միջազգային պրակտիկայում դեռ չեմ տեսել, որ ահաբեկիչներին փոխանակեն հասարակ քաղաքացիների հետ այն պարագայում, երբ բոլորս շատ լավ գիտենք, որ այս 4 վերադարձածները որևէ ծանր հանցագործություն չեն կատարել։ 2023թ․ դեկտեմբերին նույն կերպ Նիկոլը հպարտ հայտարարում էր, որ Բաքվից գերիներ է վերադարձնում, հետո իմացանք, որ նա Ադրբեջանին նվիրել է 1 տարի առաջ Հայաստան ներթափանցած երկու ահաբեկիչների, որոնք սպանել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։ Մենք հիմա Ադրբեջանում ունենք բազմաթիվ գերիներ, իսկ թուրք-ադրբեջանական  տանդեմը էլ Հայաստանում որևէ մեկին չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանի ձեռքում էլ որևէ միջոց չկա, և մյուս գերիների վերադարձի հարցը քաղաքական է։

«Չի բացառվում, որ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատության դիմաց ավելի թանկ գին պահանջի ՀՀ-ից»,- շեշտեց նա։

Անդրադառնալով TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությանը, նա նկատեց, որ 2025-ի օգոստոսի 8-ին և դրանից հետո ամերիկյան կողմի հայտարարությունները, որ 99 տարով է ԱՄՆ-ը ստանալու այդ ճանապարհը, իսկ ՀՀ իշխանությունները հերքում էին, պարզվեց՝ ճիշտ էին։

Կարդացեք նաև

«49 տարով են նախնական կնքում, բայց 50 տարով էլ իրավունք են ստանում երկարաձգել։ Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ ԱՄՆ-ը ստանում է 74 տոկոսից ավելի «բաժնետոմսեր», ՀՀ-ն՝ 26։ Սա ամենակարևոր ցուցիչն է, թե ով է վերահսկելու իրավիճակը Հայաստանի հարավում և կոնկրետ հայ-իրանական սահմանին։ Այնպես որ, այդ բոլոր հեքիաթները, որ գրել են այդտեղ՝ Հայաստանի իրավապահ համակարգը և այլն, ուղղակի ինչպես ռուսներն են ասում филькина грамота է։ Հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության մասնաբաժինների չափով իմանում ենք, թե ով է վերահսկելու իրավիճակը։ Արաբաթ գործակալ օմեգա Միրզոևն ու Նիկոլն այդ հեքիաթները թող գնան անգրագետներին ներկայացնեն և ուրախանան, որ աննախադեպ ձեռքբերում ունեն։ Աննախադեպ ձեռքբերում ունի Ադրբեջանը, որն իր տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքներն անձամբ է վերահսկում՝ 100 տոկոսով, այդ ենթակառուցվածքներով անցնող գումարի 100 տոկոսն իր գրպանն է դնում, չի թույլ տալիս, որ ձևավորվի ադրբեջանա-ամերիկյան համատեղ ձեռնարկություն»։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե «Կովկասում խաղաղությանն աջակցող ԱՄՆ-ը կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար»։

Գագիկ Համբարյանը նկատեց՝ ՀՀ իշխանություններն այս ամենում, չգիտես ինչու, սպառնալիք չեն տեսնում․ «Ո՛չ այս իշխանությանը շատ սերտ ծառայություններ մատուցող Դանիել Իոաննիսյանը, ո՛չ որևէ արևմտամետ ՀԿ-ի ներկայացուցիչ, ո՛չ Արամ Զավենի Սարգսյանը, ո՛չ իշխանական թիմից որևէ մեկը բացարձակ չանդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի արած այդ սպառնալիքներով լի հայտարարությանը, թե՝ այս ի՞նչ է ասում, ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանն այնքան կարևոր է ԱՄՆ-ի համար, որ Թրամփը ճնշումներ է գործադրում ՀՀ-ի վրա։ Սա ցուցիչ է, որ մենք շատ վատ վիճակում ենք»։

Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա արբանյակ ուժերը հանրության մեջ դիտավորյալ հոռետեսական հայացքներ են սերմանում, թե՝ միևնույն է, Նիկոլը կվերընտրվի․ «Սա դիտավորյալ է արվում, սա հատուկ տեխնոլոգիա է, որ՝ մի գնացեք ընտրության, ինքն արդեն ընտրված է, տեսեք՝ ինչպես է ընդդիմադիրներին բանտարկում, ճնշում, և այլն։ Ընդդիմադիրներին պատժելը ցույց է տալիս այս իշխանությունների սարսափը, նախ՝ սկսենք այդտեղից, որովհետև ուժեղ իշխանությունը երբեք ընդդիմադիրների նկատմամբ այսպիսի հիստերիկ վարքագիծ չի դրսևորում։ Այս իշխանությունները հասկացել են, որ իրենց բոլոր ծրագրերը՝ կապված վերընտրվելու հետ, կարող է խախտել միայն հայ ժողովուրդը՝ մասսայաբար մասնակցելով ընտրություններին»։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն իշխանությունը պահել է շնորհիվ Պուտինի․

«Ես տեսնում եմ բոլոր այն աղետալի հետևանքները Ռուսաստանի համար, որ ինքը կանգնած է Նիկոլի կողքին, որ նույն Պուտինն է փրկել Նիկոլի իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո, բայց վաղը-մյուս օրն այդ նույն Նիկոլը գլոբալ առումով կարող է շատ մեծ խնդիր դառնալ ՌԴ-ի համար Հարավային Կովկասում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս