ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվում Իլոն Մասկի xAI տեխնոլոգիական ընկերության նկատմամբ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել ձեռնարկատեր Իլոն Մասկի xAI տեխնոլոգիական ընկերության նկատմամբ՝ մեղադրելով դրան Grok նեյրոնային ցանցի միջոցով կանանց և երեխաների սեքսուալ բնույթի պատկերներ ստեղծելու ու դրանք տարածելու մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել նահանգի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան։
«Grok AI-ը ստեղծել է չհամաձայնեցված ինտիմ նկարներ, որոնք օգտագործվել են համացանցում կանանց հետապնդելու համար։
Սա անընդունելի է։ Մենք պահանջում ենք անհապաղ պատասխաններ xAI-ից այս բովանդակության ստեղծումը և տարածումը կանխելու նրանց ծրագրի վերաբերյալ»,- X սոցցանցում գրել է Ռոբ Բոնտան։
Իր հերթին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կոչ է արել Բոնտային «անհապաղ հետաքննել ընկերությանը և պատասխանատվության ենթարկել xAI-ին»։
Արհեստական բանականության Grok գործիքի հետ կապված դժգոհություններից հետո Մասկի ընկերությունը սահմանափակումներ էր մտցրել իրական մարդկանց լուսանկարները խմբագրելու հնարավորության վրա։
«Մենք տեխնոլոգիական միջոցներ ենք ձեռնարկել՝ թույլ չտալու, որ Grok-ում օգտահաշիվը կարողանա խմբագրել իրական մարդկանց պատկերները բաց արտահագուստ, ինչպիսին է, օրինակ, բիկինին ցույց տալու համար։ Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր օգտատերերին, այդ թվում՝ վճարովի բաժանորդներին», – ասվում է X-ում ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մալայզիայի և Ինդոնեզիայի իշխանությունները արգելափակել էին Grok-ը իրենց տարածքում:
