Հարավկովկասյան զարգացումներն ընթանում են Իրանի համար անցանկալի սցենարով. վերլուծաբան
Չնայած Թուրքիան պաշտոնապես չի միանում ԹՐԻՓՓ նախագծին, նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունից հետո Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները շուրջ երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել և խորհրդակցել հայ-ամերիկյան այս նախագծի շուրջ: Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը: Նա նշել է, որ այս միջանցքը կարևոր է՝ ինչպես «Միջին միջանցքի» ավելի լայն ռազմավարական հեռանկարի համատեքստում, այնպես էլ՝ տարածաշրջանային առումով՝ Ադրբեջանի մյուս շրջանները Նախիջևանի հետ միավորելու առումով:
«Թուրքիայի համար ձեռնտու է, որպեսզի դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիա բացվի «Միջին միջանցքի» միջոցով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Երբ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Միացյալ Նահանգներում, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը նրանք անվանում են TRIPP, իսկ մենք՝ «Զանգեզուրի միջանցք»։ Մենք ուշադիր վերլուծեցինք այս փաստաթուղթը։ Մենք մոտ երկու ժամ քննարկեցինք այս փաստաթուղթն իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և իմացանք, թե ինչպես է այն դիտարկում Ադրբեջանը։ Որովհետև նրանց տեսակետը կարևոր է։ Մենք նաև տեղեկացրինք մեր նախագահին այս մասին»,- նշել է Ֆիդանը։
Ավելի վաղ Հաքան Ֆիդանը նշել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները համընկնում են, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Նրա կարծիքով՝ այս համընկնումները վերաբերում են ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև հայ-ադրբեջանական իրավիճակ, Սիրիայից մինչև այլ տարածաշրջաններ։ Թուրք նախարարը նաև ասել էր, թե Վաշինգտոնը Երևանին դրդում է Բաքվի հետ խաղաղություն կնքել: Նա նաև գովել էր Թրամփին՝ Ադրբեջանին «կարևորելու» համար:
Տարեսկզբին տված հարցազրույցում էլ Իլհամ Ալիևն էր այս նախագիծը «Զանգեզուրի միջանցք» անվանել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, պատասխանելով «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի վերաբերյալ հարցին, նախօրեին ասել էր, թե TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը ոչ միայն վերահաստատում է ամերիկյան կողմի հավատարմությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև կարևոր քայլ է այս ոլորտում գործնական աշխատանքներ սկսելու համար։
Նա նշել է, թե սա կարևոր է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման համար։ «Մեր երկրի գլխավոր առաջնահերթություններից մեկն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է։ Դրա հետ մեկտեղ՝ TRIPP երթուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար»,- հայտարարել էր Հաջիզադեն։
Ուշագրավն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, չնայած ՀՀ իշխանությունները պնդում են, որ հայկական կողմն այս նախագծով պահպանում է տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, շարունակում են այս պրոյեկտն անվանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», առաջ մղելով Ադրբեջանի ցանկություններն ու անխոչընդոտ անցման մասին պահանջները:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ այս նախագծով ԱՄՆ-ը էական ներկայություն, ազդեցություն է ստանում ռեգիոնում. դա, բնականաբար, վերաբերում է նաև այն ուժերին, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ:
«Մասնավորապես այստեղ խոսքը Թուրքիայի մասին է, որը Հարավային Կովկասի հարցով համակարգում է իրականացնում ԱՄՆ-ի հետ, սերտ համագործակցելով և առաջ մղելով իր վաղեմի գործընկեր Ադրբեջանի շահերը: Սա նաև մարտահրավեր է Ռուսաստանի ու Իրանի համար, Իրանի համար ավելի մեծ, քանի որ ԱՄՆ-ը սպառնում է Իրանին հարվածներով ու Իրանի հարևանությամբ նման պրոյեկտ սկսում իրականացնել, որի բաժնեմասի մեծ հատվածն ամերիկյան է: Շատերի համար դեռևս հասկանալի չէ, թե ինչպես է նախագիծը կազմակերպվելու, ինչ ռեժիմ է գործելու, և ԱՄՆ-ը ինչ ներկայություն է ունենալու»,- ասաց վերլուծաբանը:
Սակայն, Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով, ԱՄՆ-ի համար կարևոր է արդեն այն, որ սա վերածվում է Հարավային Կովկասում ամերիկյան նախագծի:
«Այնուամենայնիվ գտնում եմ, որ այս հարցում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեն առավել ռեգիոնալ երկրները, քան ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը հաստատում է սրանով ազդեցություն, իսկ ռեգիոնում քաղաքական նոր միջավայր ու ազդեցության նոր մեխանիզմ է ձևավորվում, որում ամրապնդվում են Թուրքիան ու Ադրբեջանը»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:
Նա գտնում է, որ Ռուսաստանը շահագրգիռ է մասնակցել այս նոր ձևավորվող օրակարգին:
«Դա ներկայումս հետաքրքրում է Ռուսաստանին, և Ռուսաստանը, թերևս հաշվի առնելով աշխարհաքաղաքական խնդիրների խտությունը, խնդիր չի տեսնում այս զարգացումների մեջ: Ավելի բարդ է իրավիճակն Իրանի համար՝ թե ներքին, թե արտաքին տեսանկյունից: ԱՄՆ-ի ամրապնդումը հարևանությամբ խնդիր է Իրանի համար: Իրանը վերջին տարիներին անընդհատ հայտարարում էր, որ աջակցում է, պաշտպանում ՀՀ տարածքային ամբողջականությունը և թերևս ձգտում էր դառնալ պետություն, որը երաշխավորում է ՀՀ անվտանգությունը, սակայն այդ սցենարը չզարգացավ, այլ զարգացավ սցենար, որին Իրանը դեմ է»,- կարծիք հայտնեց Խրամչիխինը:
Ըստ նրա, թերևս, դրանով է պայմանավորված ՀՀ-ում Իրանի դեսպանի բավականին կոշտ հայտարարությունը:
«Չեմ կարծում, թե իրանական կողմը չէր հասկանում՝ ինչ է տեղի ունենում ռեգիոնում, պարզապես իրավիճակը ներկայումս այնպիսի կետում է, որ որոշումներն ընդունված են, անշրջելի է իրավիճակը, իսկ Արևմուտքն աշխատում է Իրանին ճնշելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ այս փուլը բավականին բարդ է Իրանի համար: Ներկայումս Իրանի ողջ ներուժը ներքին կայունության հաստատմանն ու երկրի անվտանգության պահպանմանն է ուղղված»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:
